Կենսաթոշակային բարեփոխումները, ըստ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի, կատարյալ հիմարություն են: «Փոխվող հիմնական սկզբունքը հին սովետական սիստեմն է, երբ աշխատող սերունդը վճարում է չաշխատող սերնդի համար, սկզբունքը փոխվում է, դառնալով՝ ես աշխատում եմ իմ ապագա կենսաթոշակի համար»,- երեկվա ասուլիսում ասում էր տնտեսագետը: Բագրատյանին զարմացնում է բարեփոխումների հիմքում ընկած այն սկզբունքը, որ կենսաթոշակային հիմնադրամներում պետք է ներդրումներ արվեն պետբյուջեից՝ աշխատավարձի 5%-ի չափով: Տնտեսագետի հաշվարկներով, եթե $300 միլիոն գոյանալու է աշխատողների կողմից, ապա այդքան էլ ներդնելու է պետությունը. «Բայց, չգիտես ինչու, այս տարվա բյուջեում այդ գումարը տեղ չի գտել: Հլը Տիգրան Սարգսյանի խելքին նայեք, պարզվում է, որ այդ $600 միլիոնն էլ պետք է տանեն դրսում արժեթուղթ առնեն: Սուտի-մուտի ճոպանուղի կառուցելուց բացի, էլ ուրիշ բան չեն կարողանում անել, 1 միլիարդ կապիտալ արտահանում են, հիմա էլ պետք է $600 միլիոն դուրս հանեն»: Իսկ թե ինչու են արդեն մի քանի տարի կենսաթոշակային բարեփոխումները հետաձգվում, պարոն Բագրատյանը բացատրեց. «Սա նշանակում է, որ հրաժարվում են ծրագրից ու չեն կարողանում տղամարդավարի նստեն ու ասեն, կներեք՝ սխալվեցինք,… արդեն քանի տարի է՝ հետաձգվել է, որ հետաձգվում է, տեսնենք մյուս տարի կարողանալո՞ւ են 2012-ի բյուջե մտցնել, որ իրականացնեն իրենց ծրագիրը»: Պարոն Բագրատյանի խոսքով, նեխված, թթված քաղաքական իշխանությունը, որ ուզում է իր նմանին վերարտադրել, ի վիճակի չէ որեւէ ռացիոնալ քայլ անել տնտեսության մեջ, ինչի հետեւանքով ապրանքատեսակների գները աճել է, որ աճում են: Ինչ վերաբերում է պանրի կտրուկ թանկացումներին, տնտեսագետն ասաց, որ այստեղ ինչ-որ առումով կապ ունեն նաեւ կաթի փոշու վերջին թանկացումները. «Մեր տեղեկություններով, փորձում են նաեւ կաթի փոշու շուկան մոնոպոլիզացնել»:
Անդրադառնալով 2011 թ. բյուջեի նախագծին, պարոն Բագրատյանը նախ հիշեցրեց, որ 2008-ին բյուջեն կազմել է 746 միլիարդ դրամ, իսկ 2011-ին կազմելու է 850 միլիարդ դրամ. «Այս 850 միլիարդը 2008-ի 746 միլիարդից 13%-ով ավելի է: Այսինքն՝ 13%-ով բյուջե են ավելացրել, 26%-ով՝ գները: Եթե ես մի բան սխալ եմ ասում, թող վարչապետը նստի ու ասի՝ էս մարդը սխալ է ասում, ես ներողություն կխնդրեմ ամբողջ հայությունից: Հիմա հասկանո՞ւմ եք, մենք ինչու պառլամենտում չպետք է լինենք, պառլամենտում իրենց բուղաները պետք է լինեն ու իրենց մոգոնած ընդդիմությունը, որ ոչ ոք այս հարցերը չբարձրացնի: Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում էս մարդը բյուջեն պակասեցրել է 13%-ով: Էսքան բանն իմանալով, բարոյակա՞ն է էդ ձեւի բյուջեին ինչ-որ բնութագրում տալ, էլ սոցիալական, էլ չգիտեմ ինչ»: Հ. Բագրատյանը նաեւ անդրադարձավ վերջերս նվազագույն աշխատավարձը 30000 դրամից 2500 դրամով բարձրացնելու կառավարության որոշմանն ու նշեց. «Աշխատավարձի աճը կազմում է 6%, այն դեպքում, երբ արձանագրվել է 20% գնաճ, այսինքն՝ նվազագույն աշխատավարձը պակասել է 14%-ով: Վերջին հաշվով, հո գյուղից չե՞նք, որ դնեն ու խաբեն մեզ: Մի երկու կոպեկ փող որ բյուջե է մտել, էդ էլ ՀԴՄ-ով կանաչի վաճառողների հաշվին… Հայաստանը աշխարհի քարտեզի վրա ոնց որ մի հատ թարախոտ տեղ լինի: Աշխարհը պետք է փորձի ազատվել դրանից»: ՀՀ տնտեսության ցուցանիշները պարոն Բագրատյանին լուրջ մտահոգությունների տեղիք են տվել. «Բոլորին թվում է, թե հեսա քաղաքական հարցերը կլուծվեն, ղարաբաղյան հարցը կկարգավորվի. ոչ մի բան էլ չի լինելու, ցանկացած պատերազմում պարտվելու ենք 100%-ով: Էս վիճակով չեն գնում պատերազմի: Ամբողջ տնտեսությունը վերցրել են ձեռքները, 2 կոպեկ հարկ չեն տալիս, մի քանի կիլոգրամ կարտոֆիլ են առնում, ճաշ են մատուցում, հազար անգամ հեռուստատեսությամբ ցույց են տալիս, իսկ նորմալ երկրներում հրապարակայնորեն բարեգործություն ցույց տալու համար 3 տարով բանտ են տանում»: