Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՆ՝ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՔԱՂԱ՞Ք

Նոյեմբեր 03,2010 00:00

Ըստ քահանայի՝ այստեղ գրեթե ամեն օր մեկին թաղում են

\"\"Գյումրու ջահելությունը յուրացրել է մատչելի գներով թմրանյութ պատրաստելու մեթոդը. վերջերս քաղաքի գրեթե բոլոր, նույնիսկ կենտրոնական թաղերում համատարած «բենզին են սրսկվում»: Գյումրիում դրանց «բենզոլոգներ» են անվանում, քանի որ թմրանյութը նրանք անձամբ են պատրաստում: Ու թեեւ օգտագործելուց ամիսներ անց թմրամոլները պարտադիր մեռնում են, որովհետեւ մարմինը թարախակալվում, քայքայվում է, սակայն մեր պետությունը կանխարգելելու փոխարեն բավարարվում է միայն նրանց դեմ քրեական գործեր հարուցելով ու դատելով (Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում գրեթե ամեն օր մի թմրամոլի դատում են): Խնդիրն այն է, որ թմրամոլները բենզինի հետ խառնում են սեդալգին կամ կուակսին դեղամիջոցներ, որոնք առանց արգելքի, ազատ վաճառվում են բոլոր դեղատներում: Իսկ Գյումրիում վիճակն այնքան է խորացել, որ այսօր սեդալգինն ու կուակսինը հոգեմետ դեղերի ցանկում դասելու ու դեղատներից հատուկ դեղատոմսով բաց թողնելու խնդրանքով հանդես է գալիս Գյումրու ոստիկանությունը, որի տվյալներով՝ Գյումրու թմրամոլների 90%-ը բենզին ներարկվողներ են:

Խայտառակ վիճակից ելք փնտրելու ակնկալիքով երեկ «Հայբուսակ» համալսարանի ուսանողները Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «կլոր սեղան-քննարկում» էին կազմակերպել՝ հրավիրելով Գյումրու ոստիկանության, հոգեբուժարանի ու Շիրակի հոգեւոր թեմի ներկայացուցիչների: Հրավիրված էին նաեւ պաշտոնյաներ՝ քաղաքային ու մարզային իշխանություններից, սակայն նրանք հարկ չէին համարել ներկայանալ, իբրեւ թե մարզում այսօր շատ ավելի կարեւոր խնդիր կա, քան բենզինով թմրամոլությունը կանխարգելելն է:

Բավականին հետաքրքիր տվյալներ ներկայացրեց Գյումրու ոստիկանության ավագ հետաքննիչ Արթուր Ղազարյանը: Նա ասաց, որ նախորդ տարվա համեմատությամբ, այս տարվա 9 ամիսների ընթացքում ավելացել են թմրամիջոցի պատրաստման եւ օգտագործման փաստերը: «2005-ից մինչեւ 2007թ. սեդալգին դեղամիջոցից թմրամիջոցի պատրաստումը մեր հանրապետությունում գրանցված չէր, եւ գործերի քննությունը ցույց է տալիս, որ այդ ճյուղերը գալիս են Ռուսաստանից, եւ այժմ մեր քաղաքում նույնպես, ցավոք սրտի, այդ թմրամիջոցը պատրաստվում եւ օգտագործվում է: Ասեմ, որ 2009թ. 9 ամիսների ընթացքում այդ փաստով հարուցվել է 27 քրեական գործ, բայց այս՝ 2010թ. 9 ամիսների ընթացքում քրեական գործերի թիվը արդեն հասել է 38-ի»,- տեղեկացրեց ոստիկանության ներկայացուցիչը: Ըստ նրա, թեեւ օրենքեր են փոխում, պատիժն են խստացնում, սակայն դա էլ փրկություն չէ: «Վարչական պատասխանատվությունը թեեւ խստացրել են, բայց ուզում եմ շեշտել, որ դա էականորեն չի ազդում, քանի որ անձը կարող է սեդալգին դեղորայքը գնել. 20 հաբը արժե ընդամենը մի քանի հարյուր դրամ, եթե առաջին անգամ է ենթարկվում վարչական պատասխանատվության՝ թմրամիջոց գործածելու համար, նախատեսում է 100-200 հազար դրամ տուգանք, իսկ երկրորդ անգամ 200-400 հազար է սահմանվում, եւ հիմնականում թմրամոլները ի վիճակի չեն այդ տուգանքը մուծելու, եւ դա ընդհանրապես չի ազդում նրանց կողմից թմրամիջոցի գործածման փաստի վրա: Մեր պրակտիկայում նույնիսկ եղել են դեպքեր, որ անձը էսօր բռնվում է թմրամիջոցի պատրաստման եւ գործածման համար, դե, բնական է, մինչեւ փորձաքննություններ չնշանակվեն մայրաքաղաքում՝ տոքսիկաքիմիական եւ այլն, մինչեւ չստացվեն պատասխաններ, անձի նկատմամբ քրեական գործ չեն կարող հարուցել, հաջորդ օրը կամ երկու օր անց նույն անձին նույն փաթեթով նորից տանը գտնում ենք: Փաստորեն, վարչական պատասխանատվությունը նրանց վրա չի ազդում, քանի որ դատարանի կողմից սնանկ են ճանաչվում, իսկ քրեական պատասխանատվության դեպքում օրենքը այնքան էլ խիստ պատիժ չի նախատեսում, եւ մի քանի ամիս անց անձը դուրս է գալիս կալանավայրից»,- ասում է ավագ հետաքննիչը՝ տեղեկացնելով, որ Գյումրիում մոտ չորս հոգի մահացել են, մնացածներն էլ վերին աստիճանի անառողջ են: Սակայն տեր Նշան քահանան նրան ուղղեց՝ ասելով, որ մահացածների թիվը շատ ավելի է: «Ես իմ գործի բերումով անընդհատ գերեզմանոցում եմ ու տեսնում եմ, որ օրական մեկին բերում են»,- ասաց քահանան: Մինչդեռ, հետաքննիչի պնդելով, խոսքը ոստիկանությունում հաշվառված թմրամոլների մասին է: Արթուր Ղազարյանի ասելով, իրենք դիմել են առողջապահության նախարարություն՝ առաջարկելով սեդալգին ու կուակսին դեղամիջոցները դեղատներից բաց թողնել հատուկ կնիքների առկայության դեպքում, դրանք վաճառել որպես հոգեմետ դեղեր: Սակայն նախարարությունից պատասխանել են, որ կոակսին ներմուծող ֆիրման բողոքել է՝ հայտարարելով, որ իր դեղորայքը հակադեպրեսիոն է, եւ աշխարհի բոլոր երկրներում այն վաճառվում է անարգել: «Պատկերացրեք, որ էսօր քաղաքացին մտնում է դեղատուն, վճարում է ընդամենը 200 կամ 300 դրամ, գնում է 20 հատ սեդալգին, որը իրեն բավարար է մի քանի անգամ թմրամիջոց պատրաստելու համար: Ոստիկանությունը կարող է նույն քաղաքացուն մի ամսվա մեջ հինգ անգամ էլ բերման ենթարկել, քրեական գործ հարուցել, գործը հասնի դատարան, դատապարտեն 2 ամսվա ազատազրկման, 2 ամսից դուրս է գալիս, իր գործը շարունակում է: Թմրամոլների խոսքերով, էս տեսակի թմրամիջոցի օգտագործումը այնպիսի կախվածություն է առաջացնում, որից ազատվելը շատ դժվար է, դրա համար պետք է երկարատեւ բուժում, որը մեր պայմաններում հնարավոր չէ»,- ասում է հետաքննիչը՝ պնդելով, որ միակ փրկությունը, այնուամենայնիվ, վերոհիշյալ դեղորայքի ազատ վաճառքի արգելափակումն է: Քննարկմանը մասնակցող բժիշկ- նարկոլոգ Արտաշես Սահակյանի տեղեկացնելով՝ այս տարի բենզին ներարկվողներից մոտ 20 հոգին պառկել է հոգեբուժարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել