Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ հակամարտության՝ ռազմական ճանապարհով լուծումը հեռանկար չունի»

Նոյեմբեր 03,2010 00:00

Այս մասին հայտարարվել է Արթուր Բաղդասարյանի ու Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսում:

Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան:

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում Ստանիսլավ Կոզիեյի եւ Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:

Տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման գործում կողմերը կարեւորել են երկխոսությունը, ընդգծել առկա տարաձայնությունները բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Ըստ լեհական կողմի՝ հենց այս մոտեցումն է գերիշխող դառնալու ՆԱՏՕ-ի՝ առաջիկայում Աստանայում կայանալիք գագաթաժողովում, եւ այս առումով շահեկան է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ:

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, անընդունելի ենք համարում մի կողմից՝ բանակցելու, մյուս կողմից՝ սպառնալիքներ հնչեցնելու՝ Ադրբեջանի մարտավարությունը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը կարեւորել է ԼՂ խնդրի խաղաղ, փոխզիջումային կարգավորումը ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների համադրման ճանապարհով՝ նշելով, որ ռազմական ճանապարհով նման հակամարտությունների լուծումը ոչ միայն հեռանկար չունի, այլեւ անընդունելի է միջազգային հանրության կողմից:

Ստանիսլավ Կոզիեյը ողջունել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը եւ հույս հայտնել, որ առաջիկայում կարձանագրվեն դրական արդյունքներ, ինչը կարժանանա Լեհաստանի աջակցությանը:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո կայացել է Արթուր Բաղդասարյանի եւ Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսը:

Ստանիսլավ Կոզիեյը նշել է, որ ստորագրված հուշագիրը Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի միջեւ առավել արդյունավետ եւ սերտ համագործակցության կոնկրետ հիմքեր է ստեղծում:

«Մենք լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք անվտանգության խնդիրներին առնչվող տարաբնույթ հարցեր»,- ասել է Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ առաջին անգամ ստորագրվում է հուշագիր, որը հնարավորություն է տալիս տարին առնվազն մեկ անգամ անցկացնել երկկողմ խորհրդատվություններ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

«Մենք պայմանավորվել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում իրականացնել, համապատասխան մոնիթորինգ իրականացնել եւ աջակցել քաղաքական, ռազմական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրերի իրականացմանը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Բանախոսներն ընդգծել են, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդն ու Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոն փոխգործակցելու են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ուղղություններով, այդ թվում՝ ընդլայնելով համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում: Կողմերի միջեւ երկխոսությունը ներառելու է անվտանգության ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման գործում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի դերի եւ այլ հարցերի վերաբերյալ տեսակետների փոխանակում: Կողմերը նպաստելու են երկկողմ համագործակցության զարգացմանը տնտեսական անվտանգության ոլորտում, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանը, ինչպես նաեւ՝ միջազգային ահաբեկչության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի եւ թրաֆիքինգի դեմ պայքարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել