Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը բոլորին առաջարկում է հիշել համակենտրոնացման ճամբարներ նետված բողոքական հոգեւորական Մարտին Նիմյոլլերի հայտնի բանաստեղծությունը:
– Վերջերս Երեւանում գտնվող Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպումից առաջ Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, որ մոտ ապագայում ազատ կարձակվեն անազատության մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր գործիչները, եւ կարծիք էր հայտնել, որ Եվրախորհուրդը ուժեղացնելու է ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա: Աշոտ Մանուկյանի ազատ արձակումն այդ ճնշման արդյո՞ւնք էր:
– Այն, որ այս իշխանությունները ստիպված են լինելու ազատ արձակել անխտիր բոլոր քաղաքական բանտարկյալներին, դրանում կասկած լինել չի կարող: Բայց դա տեղի է ունենալու ոչ թե եվրոպական կառույցների, Եվրախորհրդարանի, այլ առաջին հերթին Հայաստանի քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում: Երկու տարուց ավելի է՝ չի դադարում Հայաստանում պայքարը քաղաքական բանտարկյալների ազատության եւ ժողովրդավարական արժեքների հաստատման համար: Դրսի ճնշումները, որ անկասկած շատ կարեւոր են, կարող են միայն նպաստել, որ քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը ավելի արագ ընթանա: Բայց մի բան հստակ է՝ եթե ներսում պայքար չլինի, դրսից որեւէ մեկը ոչինչ ոչ կանի եւ ոչ էլ կարող է անել: Ամեն ինչ պայմանավորված է մեզանով: Այս իմաստով մենք շահեկան վիճակում նք:
– Ինչո՞ւ քաղաքացիական հասարակության կամ քաղաքական ուժերի պայքարի գլխավոր թիրախներից մեկը չի հռչակվում թանկացումների դեմ պայքարը: Դա պակա՞ս կարեւորություն ունի, քան, ասենք, օտարալեզու դպրոցների, բնապահպանական կամ այլ խնդիրների համար պայքարը: Պաշտոնական տվյալներով՝ այս տարի ՀՀ-ում գնաճը գերազանցում է 9 տոկոսը:
– Այս հարցը ավելի շուտ կարելի է ուղղել նրանց, ովքեր առաջնորդում կամ կազմակերպում են այդ պայքարը: Կարծում եմ՝ հանրությանը հուզող բոլոր հարցերն էլ կարեւոր են, իսկ թանկացումները ավելի քան կարեւոր են. յուրաքանչյուր ընտանիքի ու մարդու են անդրադառնում: Ինչ վերաբերում է օտարալեզու դպրոցներին կամ բնապահպանական խնդիրներին, ապա կարելի է միայն ուրախանալ, որ մեզանում կան բնագավառներ, որտեղ մարդիկ առանց դժվարությունների համախմբվում եւ արդյունավետ գործեր են անում: Բայց ցավալի է, որ առանց դժվարությունների մարդիկ համախմբվում են օտարալեզու դպրոցների դեմ պայքարում, բնապահպանական հարցերում, սակայն նույն թեթեւությամբ ու հեշտությամբ չեն կարողանում համախմբվել ասենք՝ քաղաքական հալածանքների դեմ պայքարում կամ քաղբանտարկյալների պաշտպանության հարցերում: Ակտիվ բնապահպաններից կամ օտարալեզու դպրոցների դեմ պայքարողներից շատերին, զարմանալի է, բայց չի հետաքրքրում քաղբանտարկյալի գոյության փաստը, իրենց երկրում քաղաքական հայացքների համար հալածանքների ենթարկվող մարդը: Նրանցից շատերն այդ հարցերով հետաքրքրվելն ու զբաղվելը դիտարկում են որպես իրենց համար անթույլատրելի քաղաքական գործունեություն:
– Կարծում եք՝ բնապահպանները կամ օտարալեզու դպրոցների դեմ պայքարողները իրենց գործը թողած պետք է խառնվեն քաղաքական խնդիրներին ու սկսեն քաղաքականությա՞մբ զբաղվել:
– Իհարկե՝ ոչ: Ես չեմ կարծում, թե բնապահպանները պետք է իրենց կամքին հակառակ սկսեն քաղաքականությամբ զբաղվել: Ոչ ոք նման կոչ չի անում: Յուրաքանչյուրի իրավունքն է զբաղվել կամ չզբաղվել քաղաքականությամբ: Բայց իր քաղաքական հայացքների համար հալածվողին, քաղաքական հայացքների կամ ծավալած քաղաքական գործունեության համար բանտ նետված քաղբանտարկյալին պաշտպանելը բոլորովին էլ քաղաքականություն չէ: Ես քաղաքական կարգախոս պարունակող պաստառ բռնելու կամ քաղաքական կուսակցության հանրահավաքին մասնակցելու կոչ չեմ անում: Ընդամենն ասում եմ, որ հարկավոր է պաշտպանել պաշտպանության կարիք ունեցողին՝ կլինի դա ծառ, կենդանի, լեզու, թե այդ լեզուն կրող մարդ: Այստեղ քաղաքականություն չկա:
Չէ՞ որ, օրինակ, օտարալեզու դպրոցներ բացելուն նախորդել են 2008-ի նախագահական ընտրությունների բացահայտ կեղծումը եւ այդ կեղծիքների դեմ բողոքողների գնդակահարություններն ու կալանավորումները, Հայաստանի բանտերը քաղբանտարկյալներով լցնելը: Շատերն այս ամենի նկատմամբ ժամանակին անտարբեր մնացին: Լռում էին ու լռում են, որովհետեւ գնդակահարվողներին ու կալանավորվողներին ոմանք դիտարկում են որպես իրենց քաղաքական հակառակորդներ, ոմանք օտար են համարում, ոմանք էլ քաղաքականությամբ իբր չեն ուզում զբաղվել՝ չհասկանալով, որ քաղաքական հետապնդումների, քաղաքական սպանությունների դեմ պայքարը յուրաքանչյուրի գործն է:
Իսկ ո՞վ ասաց, թե չեն կարող վտանգված լինել երկրիդ անտառներն ու այգիները, եթե վտանգված է երկրում մարդն ինքը, եթե մարդը կարող է հանրահավաքի գնալիս գնդակահարվել, եթե բանտերում տասնյակ քաղբանտարկյալներ կան: Հասարակությունը, որ այս ամենը հանդուրժում է, պետք է շատ բաներից զրկվելու պատրաստ լինի: Ո՞վ ասաց, թե քաղբանտարկյալներով բանտերը լցրած եւ այս երկրի հետ հոգեւոր որեւէ կապով չկապված իշխանությունը չէր կարող մի օր էլ օտարալեզու դպրոցներ բացելու համար օրենքներ փոխել կամ թեթեւությամբ խախտել երկրի Սահմանադրությունը: Երբեք մենք չէինք կանգնի օտարալեզու դպրոցների բացման վտանգի առաջ, եթե «լեւոնական» կամ եսիմ էլ ինչական լինելու հանգամանքը մի կողմ դրած՝ ժամանակին բոլորս՝ անկախ մեր քաղաքական կողմնորոշումներից, պայքարեինք ընտրակեղծիքների դեմ, ըմբոստանայինք խաղաղ ցուցարարներին գնդակահարելիս կամ բոլորս միասին պահանջեինք ազատ արձակել քաղբանտարկյալներին: Բայց չենք արել, առանձին վերցրած քաղաքական գործչի կամ քաղաքական ուժի նկատմամբ ունեցած ատելությունը թույլ չի տվել, մեզ որպես քաղաքացի չենք դրսեւորել, ու հիմա նաեւ մեր լռությամբ իշխանություն զավթած իշխանավորը օտարալեզու դպրոց է բացում: Լռողներին, մտքում կամ բարձրաձայն «լեւոնականների» հալածանքներն արդարացնողներին, մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն անվանողներին ու դրանով պաշտպանության կարիք ունեցողին չպաշտպանելու իրենց անկարողությունն արդարացնողներին, եթե այս իշխանությունները երկար մնան իշխանության, առջեւում դեռ շատ անակնկալներ են սպասվում: Սա շատ է հիշեցնում ժամանակին Գերմանիայում նացիզմը ողջունած, հետագայում երկար տարիներ համակենտրոնացման ճամբարներ նետված բողոքական հոգեւորական Մարտին Նիմյոլլերի հայտնի բանաստեղծությունը՝ «երբ նացիստները եկան կոմունիստների հետեւից, ես լռում էի, որովհետեւ կոմունիստ չէի, երբ նրանք եկան հրեաների հետեւից, լռում էի, որովհետեւ հրեա չէի, երբ եկան կաթոլիկների հետեւից, լռում էի, քանի որ բողոքական էի, իսկ երբ նրանք եկան իմ հետեւից, արդեն չկար մեկը, որ ի պաշտպանություն ինձ՝ իր խոսքն ասեր»: