Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՂԱՍԵՐ ԳՅՈՒԼԸ

Նոյեմբեր 03,2010 00:00

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն արժանացել է բրիտանական միջազգային հետազոտությունների ինստիտուտի հեղինակավոր Chatham House-ի պարգեւին: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը 2005թ.-ից ի վեր ամեն տարի պարգեւատրում է տարբեր երկրների քաղաքական գործիչներին՝ միջազգային հարաբերություններում նրանց ներդրած ավանդի համար: Գյուլի հետ միասին այդ պարգեւը ստանալու հավակնորդներ են եղել նաեւ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը եւ Խորվաթիայի նախագահ Ստիպե Մեսիչը: Այս տարվա մարտին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Chatham House-ի պարգեւը 2010-ին շնորհվելու է Թուրքիայի նախագահին: Ընդ որում, դա առաջին դեպքն է, երբ այդ պարգեւին արժանանում է Թուրքիայի ներկայացուցիչը: Գյուլը պարգեւը կստանա Իրաքի տարբեր քաղաքական խմբավորումների միջեւ համաձայնության հասնելու հարցում իր նախաձեռնած ջանքերի, պակիստանա-աֆղանական հարաբերություններում, մերձավորարեւելյան կարգավորման գործընթացում ներդրում ունենալու, եւ Հայաստանի հետ կապերը նորմալացնելու գործընթացում մեծ ներդրում ունենալու համար: Պարգեւի հանձնման արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին, Լոնդոնում: Պարգեւը Գյուլին կհանձնի Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը: Հիշեցնենք, որ Հայաստանում, մասնավորապես իշխանական շրջանակներում, պնդումներ կան, թե հայ-թուրքական հարաբերությունների նախաձեռնողը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է՝ իր «ֆուտբոլային» հայտնի դիվանագիտությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել