«Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը եւ ճանապարհային քարտեզի շուրջ վերջիններիս հավանական պայմանավորվածությանը վերաբերող հարցին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Ճանապարհային քարտեզը հատուկ բառ է։ Մենք մեր դիրքերը չենք փոխելու։ Որեւէ ճանապարհային քարտեզ առանց Ղարաբաղի կարգավիճակի չի կարող լինել։ Այ, եթե համոզում լինի եւ բացեիբաց ասվի, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի կարող լինել, դրանից հետո ճանապարհային քարտեզի էլ կհամաձայնենք, արահետային քարտեզի էլ։ Այնպես որ, մեր կարեւորագույն դիրքորոշումն աշխարհով մեկ արդեն ասել ենք՝ նախեւառաջ Ղարաբաղի կարգավիճակը»:
Պատասխանելով՝ ՀՀԿ-ն ընտրություններին միայնա՞կ կգնա, թե՞ կմիավորվի այլ ուժի հետ հարցին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատեց, թե նման իրողություններն ուղղորդում է քաղաքական տվյալ պահը, եւ միացումներն ինքնանպատակ չեն. «Սկզբունքորեն մենք այդքան էլ հակված չենք դաշինքներով գնալ, մանավանդ, դաշինքների իրողությունը մեր հայաստանյան քաղաքական դաշտում այնքան էլ մեծ արդյունավետություն չի ունենում։ Ավելի շատ հակված ենք համաձայնեցված այն քաղաքական ուժերի հետ համագործակցել, որոնք ժողովրդի քվեն ստացել են։ Այսինքն՝ ընտրությունից հետո»: Անդրադառնալով ԲՀԿ նախագահի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընտրություններին մտադիր է «50+1%» ձայն հավաքել, Գ. Սահակյանն ասել է. «Եթե նա ասեր 30+1%, խոսակցություն չէ՞ր լինի։ Ես դա դիտարկում եմ այսպես. ցանկացած քաղաքական ուժ, մասնավորապես ԲՀԿ-ն, որը բավական քաղաքական ռեզերվ ունի, պետք է ձգտի առավելագույնը ստանալ։ Այդ հայտարարությունը պետք է ընդունել հենց այդպես, որ թիմը նախապատրաստվում է առավելագույն ձայներ ստանալ, ինչպես նաեւ ՀՀԿ-ն է պատրաստվում առավելագույն ձայներ ստանալ։ Ձայն տվողը ժողովուրդն է: Նման տիպի փիլիսոփայությունը ձեւավորվում է նրանով, որ ՀՀԿ-ն նորից քաղաքական բացարձակ մեծամասնություն կլինի։ Համենայնդեպս, մենք դրան ենք ձգտում»: