Երեկ Հայ ազգային կոնգրեսը բավականին ներկայացուցչական կազմով՝ մոտ չորս տասնյակ մարդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մեկնել էր Վանաձոր: Առիթը ՀՀՇ մարզային կառույցի ղեկավար, այլեւս նախկին քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանին տեսակցել-հյուր լինելն էր: Բայց Կոնգրեսի ներկայացուցիչները, որոնց թվում են եղել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Դավիթ Շահնազարյանը, նաեւ նախկին քաղբանտարկյալներ, օգտակարն ու հաճելին համատեղել են ու նաեւ հանդիպել ՀԱԿ-ի Վանաձորի ակտիվի հետ: «Մեր ազգն էլ, մեր պետությունն էլ, Ղարաբաղն էլ թավագլոր գնում են դեպի կործանում: Մեր խնդիրն է դա կանխել: Ուրիշ խնդիր չունենք»,- Վանաձորում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հավելելով նաեւ, թե ավելի վաղ իր հայտարարությունը, թե՝ իշխանություններն արդեն իսկ «տվել» են Ղարաբաղը, ընդամենը պատկերավոր արտահայտություն է եղել: Այդուհանդերձ, առաջին նախագահը էլի է պնդել, որ այսպես շարունակելու դեպքում իշխանությունները Լեռնային Ղարաբաղը կհանձնեն. «Մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար: Խնդրեմ, եթե կան մարդիկ, որոնք ուզում են օգնել, ավելի ուժեղացնել՝ թող գան, օգնեն: Մենք միայն շնորհակալ կլինենք»:
Տեր-Պետրոսյանը համաձայնել է նաեւ այն դիտարկման հետ, որ Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքների մասնակիցների թիվը նվազել է, բայց դրանից ամենեւին չի նեղսրտել. «Թող նվազի: Ես վստահ եմ՝ մեր խնդիրն է պահել այս ջահը, պահել ակտիվը, որը չի կոտրվում, չի նվազում: Աշխարհում ընդհանրապես զանգվածները քաղաքականությանը մասնակցում են ընտրությունից ընտրություն: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հրաշք է: Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի բան չկա, որ ընտրությունից 2-2,5 տարի հետո ժողովուրդը, այո, թեկուզ նվազած՝ էլի գա իր պահանջներին տեր կանգնի»:
Նա վստահեցրել է, որ անհրաժեշտ պահին համաժողովրդական շարժման համակիրների բանակը կգա եւ շատ ավելի մեծ կլինի, քան 2008 թվականին:
Վերջերս ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդի հետ Երեւանում կայացած հանդիպումից առաջ, պատասխանելով լրագրողի հարցին, Տեր-Պետրոսյանը վստահեցրել էր, թե մոտ ապագայում ազատ կարձակվեն անազատության մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր գործիչները, որ Եվրախորհուրդը ուժեղացնելու է ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա: Նույնը նա պնդել է նաեւ Վանաձորում՝ ազատ արձակման առիթով շնորհավորելով Աշոտ Մանուկյանին ու նրա ընտանիքին, ասելով, որ կալանավայրերից քաղբանտարկյալների ազատ արձակումը կշարունակվի: