Դրա կիզակետում նաեւ մեր երկու հայրենակիցներն են հայտնվել
Հոկտեմբերի 17-ին Վրաստանում այդ երկրի իրավապահները կալանավորել են Վրաստանի ավելի քան քսան քաղաքացիների՝ ռուսական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Ու թեեւ պաշտոնական տեղեկատվություն կամ հայտարարություն այդ առնչությամբ դեռ չկա, բայց հատկապես վրացական ԶԼՄ-ներում այդ գործի հետ կապված որոշակի արտահոսք է եղել: Վերջիններս վկայակոչելով իրենց «քաջատեղյակ աղբյուրները»՝ հաղորդել էին, որ կալանավորված լրտեսները աշխատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության համար: Լրտեսները, այդ տեղեկությունների համաձայն, իբր, մեղադրվում են Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների գնումների, նաեւ վրացական ուժային կառույցներում բարձրաստիճան պաշտոնյաների մասին տեղեկություններ հավաքելու մեջ:
Այս վրաց-ռուսական լրտեսական հերթական սկանդալը մեզ՝ հայերիս, հետաքրքրեց առավելապես այն պատճառով, որ կալանավորվածների թվում երկու հայեր կան՝ Վրաստանի քաղաքացիներ, Աջարիայում հայ համայնքի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանն ու Ռուբեն Շիկոյանը, որոնք երկուսն էլ գործարարներ են: Նրանց կալանավորման մասին երկուշաբթի հայտարարել է որպես կալանավորված հայերի փաստաբան ներկայացած Նանա Ցուլաձեն: Խնդիրն այն է, սակայն, որ վրացական ԶԼՄ-ները տարօրինակ կերպով հրապարակել են շուրջ երկու տասնյակ ձերբակալվածներից միայն երեքի անունը, որոնցից երկուսը հայեր են: Ավելին, վրացական գործակալություններից մեկը՝ «Էքսպրես նյուզը», վկայակոչելով «Ջավախք» շարժման, իբր, ներկայացուցիչ ոմն Ռուբեն Թորոսյանի, փոխանցել է, թե նրանք «Ջավախք» հ/կ-ի անդամներ են, նաեւ առնչություններ ունեն ՀՅԴ-ի հետ՝ երկու հայերի կալանավորումը ներկայացնելով շարժման դեմ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումներ:
«Առավոտի» հետ զրույցում «բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը երեկ ասաց, թե այդ գործի վերաբերյալ որեւէ նոր մանրամասնություն, բացի այն, որ արդեն հրապարակվել է, հայտնի չէ:
«Դրանք կլինեն, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 5-ին: Վրաստանի ՆԳՆ-ն այդ օրը հիշյալ գործի առնչությամբ ասուլիս է հրավիրել»,- ասաց հ/կ նախագահը՝ հավելելով, որ Վրաստանում ԶԼՄ-ների կողմից տարածվող այն տեղեկությունը, թե երկու հայերը «Ջավախք» շարժման անդամներ են, իրականությանը չի համապատասխանում: Ավելին, ինչպես Ա. Ստեփանյանն ասաց, այդ մարդիկ, ովքեր ժամանակին զբաղվում էին հայ համայնքի խնդիրներով, գործնականում ոչ մի անգամ Ջավախք չեն էլ մեկնել: Նա անհեթեթ համարեց նաեւ խոսակցությունները, թե նրանք ՀՅԴ-ի հետ առնչություններ ունեն: «Եվ զարմանալին այն է, որ դրա մասին խոսում են այնպիսի անուններով մարդիկ, որպիսիք «Ջավախք» կազմակերպության մեջ չկան: Այսինքն՝ այդպիսի ազգանուններ կան, բայց անուններ՝ ոչ: Դա ամենայն հավանականությամբ ծուղակ է, որի նպատակը տեղի ունեցածին էթնիկ երանգ հաղորդելն է»,- կարծիք հայտնեց Ա. Ստեփանյանը՝ միաժամանակ պնդելով, թե, իր դիտարկմամբ, «բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ տվյալ իրավիճակում Վրաստանի իշխանություններին ձեռնտու չէ այս գործին էթնիկ երանգ հաղորդել: Նրանք վերջին ութ տարիներին խուսափում են քրեական միջադեպերի պարագայում դրանց էթնիկ երանգ տալ: Կարծում եմ, տվյալ դեպքում դա իշխանությունները չէ, որ անում են: Իշխանությունները շահագրգիռ են, որպեսզի մատնացույց անեն ավելի շուտ որոշ ընդդիմադիրների, եւ նոյեմբերի 5-ին դա կերեւա»:
Մեր հարցին, թե ի՞նչ կապ ունեն կալանավորվածներն ու մասնավորապես նաեւ երկու հայերը ընդդիմության հետ՝ հ/կ նախագահը պատասխանեց. «Տվյալ դեպքում մասնավորապես հայերը ընդդիմության հետ ոչ մի կապ չունեն: Թվարկված հայերից մեկը՝ Արմեն Գեւորգյանը, սերտ կապեր է ունեցել Աջարիայի նախորդ իշխանությունների հետ, որոնք հիմա Ռուսաստանում են ապրում, բայց դա դեռ ոչինչ չի ասում: Նրանք ավելի շատ գործարարությամբ են զբաղվել, եւ նրանց դիրքորոշումները շատ մոտ են եղել Աջարիայի նախկին իշխանություններին՝ առանց որոնց հարցնելու նրանք որեւէ քայլ չեն արել: Ուղղակի նոյեմբերի 5-ին ընդդիմությունը մտադիր է հանրահավաքներ անել, ՆԳՆ-ն իր ասուլիսը նշանակել է հենց այդ օրը: Կարծում եմ՝ այդ ասուլիսում փորձ կարվի մատնացույց անել որոշ ակտիվ ընդդիմադիրների՝ ակնարկելու համար, որ նրանք կապված են ռուսական հատուկ ծառայությունների հետ, եւ այն, ինչ կատարվում է Վրաստանում՝ նաեւ հանրահավաքները, պատվիրված են: Նման փորձ կլինի, եւ իշխանությունները դրանից կօգտվեն»,- ասաց Ստեփանյանը: Ի դեպ, նա էլ տարօրինակ համարեց, որ ԶԼՄ-ներում հայտնվել են հատկապես կալանավորված հայերի անունները, մինչդեռ մյուս՝ ավելի քան 20 հոգու ինքնության մասին ոչինչ դեռ հայտնի չէ: «Նախ, հարցն այն է, թե ինչ համատեքստում են նրանց անունները տրվել: Իսկ համատեքստն, իրոք, մի քիչ տարօրինակ է: Կարծում եմ, ամեն դեպքում որոշ շրջանակներ փորձում են այդ միջադեպին էթնիկ երանգ հաղորդել, բայց բանն այն է, որ այդ անունները պաշտոնական աղբյուրները չեն հաղորդել: Դա եղել է ոչ պաշտոնական տեղեկություն, որի մասին հայտարարել է, իբր, մի փաստաբան: Թե ինչո՞ւ է դա նրան պետք եղել՝ հայտնի չէ: Ի դեպ, ես փորձել, բայց չեմ կարողացել այդ փաստաբանի հետ կապվել, դա անհնար էր»,- փաստեց Ա. Ստեփանյանը:
Այդուհանդերձ, նա փարատեց այն մտահոգությունները, թե այդ սկանդալային բացահայտման ֆոնի վրա Վրաստանում, որտեղ որոշ շրջանակներ հայկական համայնքն ու Ջավախքը որպես 5-րդ շարասյուն են դիտարկում, կարող են հակահայկական տրամադրություններ ի հայտ գալ. «Ես դա միանշանակորեն բացառում եմ: Հակահայկական տրամադրություններ երկրում, ցավոք, կան: Կարծում եմ, Վրաստանում հակահայկական եւ Հայաստանում հակավրացական մթնոլորտ, տրամադրություն ստեղծելու համար շահագրգիռ կողմերը շատ մեծ փողեր են ներդնում: Հայաստանի եւ Վրաստանի շուրջ գործնականում որեւէ պետություն չկա, որ շահագրգիռ լինի հայ-վրացական նորմալ հարաբերություններով, բայց նույնիսկ դրանից ելնելով՝ չեմ կարծում, թե այս միջադեպը կարող է հակահայկական տրամադրություններ ստեղծել, քանի որ 25 կալանավորվածներից միայն երկուսն են հայ: Եթե բոլորն էլ կամ մեծամասնությունը հայեր լինեին՝ միգուցե հնարավոր կլիներ ենթադրել, որ էթնիկ երանգ կա այդ ամենում, եւ դա կարող է այլ մեկնաբանությունների տեղիք տալ: Բայց տվյալ դեպքում հայկական հետքի մասին խոսելու հիմք չկա: Հույս ունեմ, որ այդ գործով հայերի անուններ էլ չեն հնչի»:
Ռուսական հատուկ ծառայություններին սպասարկելու մեղադրանքով սա կալանավորումների եւ մեղադրանքներ առաջադրելու առաջին եւ, թերեւս, վերջին դեպքը չէ: Նման պարագաներում ռուսական կողմը միշտ հերքում է իր առնչությունները լրտեսական սկանդալներին: Կարծում եք, այս գործը սարքվա՞ծ է, մասնավորապես նաեւ երկու հայերի առնչությունների մասով, մեր այս հարցին ի պատասխան՝ Ա. Ստեփանյանը նկատեց. «Դժվար է ասել: Մյուս կողմից՝ շատ մարդ է կալանավորվել, որպեսզի խոսենք գործի սարքված լինելու մասին: Կարծում եմ, եթե սարքված գործ լիներ, համենայնդեպս, ավելի քիչ թվով մարդու կկալանավորեին: Բայց կալանավորվել է 25 մարդ: Հնարավոր է ասել, որ կալանավորվածների թվում կան մարդիկ, ովքեր բռնվել են այլ հանցանքի պատճառներով, բայց, կարծում եմ, դրա տակ ինչ-որ հիմք, այնուամենայնիվ, կա: Ես չեմ ասում հայերի ազգանունների մասին, բայց 25-ի մեջ կլինեն մարդիկ, ում արժանիորեն են կալանավորել»: Ո՛չ Ա. Ստեփանյանը, ո՛չ էլ Վրաստանում մեր մյուս աղբյուրը, որը հրաժարվեց խոսել այս թեմայով, իհարկե, չբացառեցին, որ կալանավորված երկու հայերը կարող են այս գործի հետ ինչ-ինչ առնչություններ ունենալ: