Լրահոս
Օրվա լրահոսը

«ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ է ՍԿՍՎԵԼ ԸՆԴԴԵՄ ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ»

Նոյեմբեր 03,2010 00:00

\"\"Պնդում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը

– Հեռուստատեսային մի հարցազրույցի ժամանակ խոսելով համացանցում տեղադրված հայտնի հոլովակների մասին՝ հայտարարել էիք, թե ցանցային պատերազմ է սկսվել ընդդեմ մեր ժողովրդի եւ պետության համար կարեւոր արժեհամակարգերի, ի՞նչ նկատի ունեիք, չէ՞ որ հայտնի է, որ համացանցում տեղադրված տեսահոլովակները իրականությանը համապատասխանում էին:

– Գաղտնիք չէ, որ պետությունն ու ժողովուրդը հարատեւում են այն արժեհամակարգերով, որոնց կրողն են, դրանք արժեքներ են, որոնք միավորում են, հանդիսանում են պետության եւ ժողովրդի գոյության հիմքը եւ շարժիչ ուժը: Եթե որեւէ մեկը փորձում է թուլացնել, ապա թուլացման տարբեր ձեւեր կան, որոնցից առաջինն ակնհայտ, ռազմական պատերազմն է, եւ մյուսը՝ աներեւույթ, քարոզչական պատերազմը: Վերջինս արդյունավետ է դառնում, եթե ուղղված է արժեհամակարգի դեմ: Եվ եթե փորձենք վերջին ժամանակահատվածում տեղի ունեցածը ընդհանրացնել, ապա ակնհայտ կդառնա, որ այդ ամենն ուղղակիորեն ուղղված էր մեզ համար կարեւոր արժեհամակարգերի դեմ՝ բանակի, դպրոցի, սփյուռքի: Այո, համացանցում տեղադրված նյութերը իրողություններ են, եւ սրա վտանգավորությունը հենց այն է, որ իրենց նպատակի հիմքում ցանցային պատերազմ սկսողները իրական փաստեր են դնում: Պետք է հարց տանք՝ ի՞նչ նպատակով են դա անում: Բանակը մեր անկախության երաշխավորն է, մեր անկախ պետության կայացած կառույցներից մեկը, մեր անվտանգության երաշխավորը, եւ եթե հարվածը գնում է այդ ուղղությամբ, եւ դրանից անմիջապես հետո գրեթե մեկ ամիս հակաքարոզչություն է գնում բանակի դեմ, որին միանում է մեր հակառակորդ երկիրը, ապա պետք է հասկանալի լինի, որ այդ ամենը պատահական բաներ չեն: Այնուհետ թիրախ դարձավ դպրոցը, որը եւս մեր արժեհամակարգի կարեւորագույն բաղադրիչներից է: Եվ եթե հարվածը ուղղված է դպրոցին, ուրեմն դա էլ չէր կարող լինել պատահական: Հաջորդը սփյուռքի հետ միասնության հարցն էր, եւ իրենց հաշվարկը ճիշտ էր՝ ցեղասպանության թեման մեզ համար չափազանց զգայուն է: Ես լուրջ մտահոգություն ունեմ, որ հաջորդ քայլն ուղղված կլինի հայ ընտանիքի եւ ապա՝ եկեղեցու դեմ, որովհետեւ բանակի, դպրոցի, սփյուռքի հետ միասին ընտանիքը եւ եկեղեցին մեզ համար կարեւոր արժեքային բաղադրիչներ են:

– Ըստ էության, այն, ինչ ցուցադրվեց, իրական էր, եւ դուք էլ դա չեք ժխտում. արդեն մեղավորներ են պատժվում, մինչդեռ եթե պատերազմ է, ուրեմն կա եւ նպատակ, եւ նախաձեռնող, ուրեմն, ո՞րն է այս «պատերազմի» նպատակը եւ ո՞վ է նախաձեռնողը;

– Եթե մենք սկսենք մեր ամբողջ էներգիան ծախսել՝ պարզելու, թե ով կարող էր այդ պատերազմը նախաձեռնել, դա շատ դժվար աշխատանք է, եւ չարժե դրա վրա ժամանակ ծախսել։ Եկեք մտածենք ոչ թե այն մասին, թե դա ում կողմից է հրահրված, այլ մտածենք, թե ինչ նպատակ են դրանով հետապնդում եւ ինչպես կարելի է դրա դեմ պայքարել: Այն, որ ուզում են դրանով թուլացնել մեզ՝ մեզ հաղթելու համար, դա միանշանակ է: Ուրեմն, ի՞նչ անել, որ դա իրենց չհաջողվի: Այն ոլորտները, որոնք մեր պետության եւ ազգի համար շատ կարեւոր ոլորտներ են, այդ ոլորտների նկատմամբ պետք է լինի հոգատարություն, եւ պետությունը, իշխանությունը եւ հասարակությունը այդ ոլորտների նկատմամբ պետք է լինեն շատ ուշադիր, զգոն եւ փորձեն դրանք դարձնել անխոցելի: Եթե դու փորձում ես քո բանակը, դպրոցը անընդհատ զարգացնել, խնդիրները լուծել, ապա դու դրանով դառնում ես անխոցելի: Հաջորդը ազգային իմունիտետի խնդիրն է, կարեւոր է դիմադրողականությունը ամեն ինչի նկատմամբ:

– Նախքան աստրախանյան եռակողմ հանդիպումը՝ եւ հասարակության, եւ քաղաքական գործիչների շրջանում կար թերահավատություն, թե ոչ մի էական բան չի լինելու, զուտ հերթական՝ ոչինչ չտվող հանդիպումն է, մինչդեռ մի շարք կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման հարցով: Ուրմեն ի՞նչ սպասել հիմա էլ Աստանայից:

– Ցանկացած հանդիպում ավելի լավ է, քան առճակատումը, փոխադարձ մեղադրանքները: Աստրախանում ձեռք բերվեցին մարդասիրական բնույթի պայմանավորվածություններ, եւ եթե դրանք համեմատում ենք այն ամենի հետ, ինչ ունեինք ասենք՝ մեկ շաբաթ առաջ, իհարկե՝ դա ձեռքբերում է: Հստակ պետք է նշեմ ՌԴ նախագահի անձնական ջանքերը, եւ ինձ համար շատ ուրախալի է, որ այդ ջանքերը պաշտպանվեցին նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից, իսկ սա նշանակում է, որ կատարված քայլերը միայն համանախագահող երկրներից մեկի ջանքերը չեն: Իհարկե, այս քայլերը կարծես փոքրիկ մասնիկներ են հարցի կարգավորման հայտնի երեք սկզբունքների իրականացման ճանապարհին (ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի բացակայություն): Մինչեւ հիմա Ադրբեջանը միայն մեկ սկզբունքից էր խոսում՝ տարածքային ամբողջականություն, այն էլ՝ իր պատկերացումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել