Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼԼԻԱՆՈՆ ԳՐԱՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Նոյեմբեր 02,2010 00:00

Պիացոլլայից մինչեւ Խաչատրյան

Հոկտեմբերի 30-ին Ազգային օպերային թատրոնում «Կադանս» անսամբլի հետ հանդես եկավ վիրտուոզ ակորդեոնահար, կոմպոզիտոր, «Նյու մուզետ»  երաժշտական ուղղության հիմնադիր Ռիչարդ Գալլիանոն (Ֆրանսիա): Ժամուկես տեւած համերգը, որ Երեւանի միջազգային տանգոյի փառատոնի շրջանակներում էր, «թռավ» վայրկյանի նման: Ծրագրում  հնչեցին Աստոր Պիացոլլայի եւ Ռիչարդ Գալլիանոյի ստեղծագործություններից, տանգոներ, անգամ հանրահայտ La boheme-ն: Ամեն ելույթից հետո հնչում էին բրավոներ եւ 10-15 րոպե ծափահարությունները չէին դադարում: Համերգի վերջին ակորդը պետք է լիներ Գալլիանոյի New York Tango-ն, բայց քանի որ հանդիսատեսը անդրդվելի էր, եւ չէր ցանկանում հեռանալ, մաեստրոն վերադարձավ եւ եւս մեկ գործ կատարեց «Կադանսի» հետ: Հիշեցնենք, որ վերջինիս կազմում են հանրաճանաչ երաժիշտներ` դաշնակահար Արմեն Բաբախանյանը, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, ջութակահար Աշոտ Խոյեցյանը, ակորդեոնահար Գեւորգ Գասպարյանը եւ կոնտրաբասահար Լուսինե Հայրապետյանը:
New York Tango-ից հետո  էլ Գալլիանոյին «բաց չթողեցին»: Նա նորից բեմ վերադարձավ: «Կադանսի» դաշնակահար, սիրված երաժիշտ Արմեն Բաբախանյանն ասաց, որ առավոտյան մի իմպրովիզացիա են արել, որը կներկայացնեն հանդիսատեսի դատին, խոսքը վերաբերում էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարին»: Դրանից հետո դահլիճը բառացիորեն պայթեց բրավոներից եւ որոտընդոստ հոտնկայս ծափարություններից: Մարդիկ բավարարված հեռացան օպերային  թատրոնից ու բոլորն էլ խոստովանում էին, որ վաղուց նման կրքոտ համերգ չէին լսել, կարճ ասած` ստացած գեղագիտական հաճույքը անչափելի էր:
Դառնալով «Կադանսին»՝ հավելենք, որ այս տարվա  դեկտեմբերին կեզրափակի «Հայաստանը մոտ եւ հեռավոր» փառատոնը Սլովենիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել