«Aargauer Zeitung» շվեյցարական պարբերականը «Ճակատային նոր հարձակում եկեղեցու դեմ» խորագրի տակ հրապարակել է հաղորդում՝ «Ազատ միտք» ակտիվիստական շարժման հերթական նախաձեռնության մասին, որը պահանջում է, որ մինչեւ 16 տարեկան երեխաներին հնարավորություն չտրվի անարգել ընթերցել Աստվածաշունչը, քանի որ դրա տեքստում իբրեւ թե կան բազմաթիվ «դաժան» եւ «պոռնոգրաֆիական» տեսարաններ, անցանկալի՝ երեխաների եւ դեռահասների համար:
Դրանից բացի, «Ազատ միտք» ակտիվիստական շարժման ղեկավար Ռետա Կասպարը կարծում է, թե «Աստվածաշունչն այսօրվա կենսական հիմնախնդիրների լուծման պատասխանները չի տալիս»:
Խնդրագրում նշվում է, թե «Եկեղեցին անազնիվ է վարվում, երբ մանկական ընթերցանության համար Աստվածաշունչ է առաջարկում՝ նախապես գրաքննության ենթարկելով դրա առանձին տեքստերը, հատուկ առանձնացնելով միայն գեղեցիկ եւ անվնաս հատվածները»: Առարկելով աթեիստների հարձակումներին, կաթոլիկ եպիսկոպոսների Շվեյցարական կոնֆերանսը հայտարարել է, թե ժամանակակից դպրոցականներն ընդունակ են ինքնուրույն դասակարգել աստվածաշնչային տեքստերը պատմական եւ կրոնական ասպեկտներով: Միեւնույն ժամանակ նա երկրի հասարակությանը կոչ է արել հանդուրժողաբար վերաբերվել Աստվածաշնչի հակառակորդներին՝ ի դեմս աթեիստների, որովհետեւ հնարավոր չէ վերջիններիս բացառել հասարակական դաշտից: