Լրահոս
Օրվա լրահոսը

Անգրագետ գործընթաց

Նոյեմբեր 02,2010 00:00

«Օրերս հայտարարված գիտության ոլորտի դրամաշնորհների տրամադրման գործընթացը ծայրահեղ անգրագետ  է կազմված: Շատ կետեր ոչ միայն թերի են, այլեւ բացարձակ անթույլատրելի եւ ոչ իրական՝ գիտական տեսանկյունից: Շնորհների տրամադրման գործընթացի նման կազմակերպումը միայն կհամալրի ոչ արհեստավարժ, չմտածված քայլերի ցուցակը, որոնք առկա են մեր գիտության ոլորտում: Բերենք միայն երկու օրինակ, որոնք վստահաբար կապացուցեն, թե որքան ոչ արհեստավարժ է կազմակերպված այդ գործընթացը: Ներկայացված ձեւով ենթադրվում է կազմակերպել հայտերի փորձաքննություն մեկ ամսվա ընթացքում: Ընդ որում, շատ աշխատանքներ պետք է ուղարկվեն փորձաքննության երկու կամ նույնիսկ երեք անգամ: Ստացվում է, որ գրախոսները պետք է աշխատանքները հետ ուղարկեն տասն օրվա ընթացքում: Ցանկացած բանիմաց գիտնական հասկանում է, որ նման հայտերը ուսումնասիրվում են մի քանի ամսվա ընթացքում: Դժվար թե բազմազբաղ հայտնի գիտնականը եզրակացություն գրի տասն օրվա ընթացքում: Արդյունքում՝ ամսվա վերջում աշխատանքների մեծ մասը կմնա առանց փորձագիտական եզրակացության, եւ այդ ժամանակ «իրենց մարդիկ կգրեն այն, ինչ իրենց կթելադրեն»: Իսկ թե ինչ կթելադրեն ակադեմիայի ընտրությունների նախաշեմին, չգիտեն միայն շատ միամիտները:
Ներկայացված ձեւով ենթադրվում է, որ այն խմբային հայտերը, որտեղ չլինեն երիտասարդ գիտնականներ (մինչեւ 35 տարեկան), ընդհանրապես չեն դիտարկվի: Սա գիտական ֆաշիզմ է, անհեթեթություն: Կան շատ հայտնի ձեւեր, որոնցով կարելի է խրախուսել երիտասարդներով համալրված խմբերին: Ստացվում է, որ մեզ մոտ կմերժեն (որպես տարիքն առած) 36 տարեկան 5 անդամներից կազմված գիտախմբին, եւ փոխարենը երիտասարդ կհամարեն այն խումբը, որտեղ մեկը 35 տարեկան է, իսկ մնացած 4-ը՝ 80: 
Գտնում ենք, որ անհրաժեշտ է դադարեցնել դրամաշնորհների տրամադրման ներկայիս ոչ պրոֆեսիոնալ գործընթացը եւ միայն դրանից հետո հայտարարել շնորհների տրամադրման նոր համակարգի մասին»,- lragir.am-ին ասել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գրիգոր Բարսեղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել