Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ֆուտբոլ. ճնշող զրոների առաջնություն

Նոյեմբեր 02,2010 00:00

\"\"Անցած հանգստյան օրերին կայացած «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը ոչ միայն 26-րդ տուրի, այլեւ՝ ողջ առաջնության կտրվածքով կենտրոնական հանդիպումը կարելի էր համարել: Հայկական սուպերկլասիկոն 2010 մրցաշրջանում տարիների դադարից հետո կրկին վերադարձել էր չեմպիոնության համար պայքարին՝ նոր, թարմ շունչ հաղորդելով առաջնությանն ու լիցք՝ վիճակագրության սիրահարներին: Իսկ վիճակագրությունը հիշեցնում էր, որ այս առաջնությունում կայացած նախորդ երեք հանդիպումներում «Փյունիկին» այդպես էլ չի հաջողվել հաղթանակ տոնել «Բանանցի» նկատմամբ: Փոխարենը՝ գավաթի եզրափակչում ու սուպերգավաթի խաղարկությունում, ասել է թե՝ վճռորոշ հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է հենց չեմպիոնին:
26-րդ տուրի հանդիպումն էլ թեեւ առաջնության շրջանակներում էր, սակայն գավաթային տրամադրությամբ ու տրամաբանությամբ, ինչը չէր կարող իր հետքը չթողնել խաղի ընթացքային ձեռագրի վրա:
Ու վիճակագրությունն էլ, իհարկե, անողոք է իր կանխատեսումներում, բայց եւ՝ զուրկ դատավորի գործառույթներից ու անգամ որպես ուղեցույց չի կարող ծառայել ֆուտբոլի պես կանխատեսելի ու միաժամանակ անկանխատեսելի մարզաձեւում: Այստեղ անգամ հոգեբանական առավելությունը կարող է թվացյալ լինել ու դառը կատակ խաղալ մասնակիցների հետ, ինչի ականատեսն էլ եղան հոկտեմբերի 31-ին «Հանրապետականում» հավաքված ֆուտբոլասերները:
«Բանանցին» բավարար էր անգամ ոչ-ոքին, մինչդեռ հետապնդող չեմպիոնի համար հաղթանակը օդ ու ջուր էր դառնալու: «Բանանցը» ստեղծեց պահեր, բայց ցուցադրածը հախուռն, անկազմակերպ ֆուտբոլ էր ու արդյունքն էլ՝ ստեղծված պահերի իրացման ձախողումը: Դրա փոխարեն «Փյունիկը» գործում էր ավելի կազմակերպված, բայց ոչ այդքան սուր: Խաղավերջում «Բանանցը» կորցրել էր կենտրոնացվածությունը, սպասում էր իտալացի մրցավար Անդրեա Ռոմեոյի եզրափակիչ սուլիչին, իսկ «Փյունիկը» առավել կենտրոնացել ու խաղում էր՝ նույն Ռոմեոյի սուլիչի մասին չմտածելով: Արդյունքում, մրցավարի կողմից ավելացված 4 րոպեների արդեն մարող վայրկյաններին փյունիկցի Կառլեն Մկրտչյանը սառնասրտորեն գրավեց Կուզմանոսկու թիմի դարպասը՝ կոտրելով հաղթական ոչ-ոքիի գնացող ու մտովի չեմպիոնական մեդալները փորձող «Բանանցի» ֆուտբոլիստների բոլոր հույսերը: Իսկ Ստեւիցա Կուզմանոսկին հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իր կարիերայի ընթացքում երբեւէ նման հարված չէր ստացել: Իհարկե, առջեւում դեռ երկու տուր է սպասվում ու տեսականորեն ամեն ինչ կարող է փոխվել, սակայն գործնականում հասկանալի է, որ «Փյունիկն» իր մեկ միավորի առավելությունը ատամներով կպահի «Գանձասարի» ու «Կիլիկիայի» հետ խաղերում՝ մնալով 21-րդ դարում Հայաստանի առաջնության միակ չեմպիոնը: Իսկ «Բանանցին» կրկին բախտ է վիճակվում բավարարվել երկրորդի դերով: Ակումբներն էլ իրենց ճակատագիրն ունեն: Ամեն ինչ խորհրդանշական է: Ճիշտ այնպես, ինչպես առաջնության «եզրափակիչ» համարվող «Փյունիկ»-«Բանանց» խաղի ողջ ընթացքում լուսատախտակին փայլող զրոները, որոնք լավագույնս էին արտացոլում հայկական ակումբային ֆուտբոլի այսօրվա վիճակը: Խոսքը տվյալ պարագայում բնավ էլ համառ մրցակցությանը չի վերաբերում, այլ՝ թե չեմպիոնի, թե առաջնության արժեքին… Ու եթե ոչինչ չասող զրոները իրականում շատ պերճախոս են, ապա մրցավարի եզրափակիչ սուլիչից ակնթարթ առաջ խփած չեմպիոնական գնդակը՝ առավել…
1. Փյունիկ 26 18 5  3 69-22 59
2. Բանանց 26 18 4  4 55-23 58
3. Ուլիս 26 16 3  7 40-20 51
4. Միկա 26 14 4  8 44-26 46
5. Իմպուլս 26  9 7 10 27-41 34
6. Գանձաս. 26  7 3 16 23-42 24
7. Կիլիկիա 26  4 3 19 19-58 15
8. Շիրակ 26  2 3 24 20-62  9 
Հ. Գ. 26-րդ տուրում կայացած մյուս երեք հանդիպումները, իրենց ակնկալելի արդյունքներով, ոչ մի փոփոխություն չմտցրին մրցաշարային աղյուսակում՝ հայկական ակումբային ֆուտբոլի այսօրվա վիճակին ադեկվատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել