Աշխարհի փոխչեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը՝ կենտրոնում:
Հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Պորտա Կարրաս քաղաքում անցկացված 8-18 տարեկանների աշխարհի առաջնության ավագ տարիքի մրցաշարում դարձավ աշխարհի փոխչեմպիոն, ինչի համար շնորհավորում ենք:
Սամվելն ամբողջ մրցաշարն անցկացրեց կայուն ու վստահ եւ սկսած վեցերորդ տուրից՝ միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Անկեղծ ասած, հայ շախմատիստն արժանի էր ոսկե մեդալի եւ դրան շատ մոտ էր կանգնած: Սակայն եզրափակիչ՝ 11-րդ տուրում նա սայթաքեց ու այդ միակ պարտությունը չեմպիոնությունը ձեռքից բաց թողնելու պատճառ դարձավ: Հայ պատանին զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Շիմանովին եւ իր անվան դիմաց ընդհանուր առմամբ գրանցեց 8,5 միավոր: Իսկ չեմպիոն դարձավ ամերիկացի Սթիվեն Զիերեկը՝ 9,5:
Եթե Սամվելը շախմատային աշխարհում արդեն որոշակի ճանաչում ունի եւ սա նրա առաջին հաջողությունը չէ, ապա ուրախացնում է U12-ում Մանուել Պետրոսյանի գրաված չորրորդ տեղը: Այս մանչուկը 12 տարեկանների մրցավեճում 156 մասնակիցների մեջ 8,0 միավորով պայքարն ավարտեց չորրորդ հորիզոնականում: Եվ եթե պայքարի առաջին հատվածը մի փոքր երկչոտ անցկացնելուց հետո նա ավելի շուտ գտներ իր խաղը, անկասկած, մրցանակային տեղ կզբաղեցներ: Այդուհանդերձ, կարծում ենք, որ ի դեմս Մանուելի՝ Հայաստանում շնորհալի պատանի է աճում եւ նա դեռ իր խոսքը կասի: