Լրահոս
Օրվա լրահոսը

Բոյկոտ՝ Շահան Արծրունուն

Նոյեմբեր 02,2010 00:00

Հայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Շահան Արծրունու Նյու Յորքի Քարնեգի Հոլլի բեմում տված համերգը, որտեղ նա ներկայացրել է հայ եւ թուրք կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ, միանշանակ չի ընդունվել:
Ըստ news.am-ի, համերգից օրեր առաջ սփյուռքյան մի քանի հայկական կազմակերպություններ դիմել էին անվանի երաժիշտին՝ հրաժարվելու մասնակցել մի միջոցառման, որը կազմակերպվել էր Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության եւ հետեւաբար՝ Թուրքիայի կառավարության կողմից եւ հովանու ներքո: Արծրունին անարձագանք էր թողել այդ դիմումը: Համերգը շատ լավ է անցել, սակայն համերգին դեմ հանդես եկող մի քանի հայ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել Քարնեգի Հոլի հարակից խաչմերուկում: Նրանք դեպի կենտրոն ուղղվող անցորդներին են բաժանել արյունոտ կիսալուսնով եւ Աղթամարի վանքի ու Անիի ավերված եկեղեցիների պատկերով մի քարտաթերթիկ, որի վրա գրված է եղել. «Առանց արդարության ոչ մի հաշտություն: Ոչ մի զիջում հանուն հաշտության: Հայ-թուրքական հաշտությունը նախեւառաջ ենթադրում է Հայկական ցեղասպանության հարցում արդարություն …»: Չնայած երիտասարդների այս «բոյկոտին», սփյուռքահայ նյույորքցիների բավական բարձրաշխարհիկ մի զանգված, այնուամենայնիվ, տոմս էր գնել եւ գնացել համերգին: Ծրագրում ներառված էին հիմնականում հայ կոմպոզիտորների գործեր, մասնավորապես՝ Կոմիտաս, Սերգեյ Ասլամազյան, Էդվարդ Բաղդասարյան, Ալան Հովհաննես եւ Արամ Խաչատրյան: Ծրագրի մի մասը թուրքական ստեղծագործություններ էին՝ Ֆերիդ Ալնար, Յուքսել Կոպտագել, Ադնան Սայգուն եւ Չիհատ Աշկին: Վերջինս մասնակցում էր համերգին՝ որպես ջութակահար, կատարելով ինչպես հայկական, այնպես էլ սեփական ստեղծագործությունները: Համերգին մասնակցել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը՝ կնոջ հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել