Հերթական համերգը «Երաժշտական կամուրջի» շրջանակներում
Էդ. Սադոյանը (ձախից), Մ. Բլիսը, Գ. Գեղամյանը եւ Հ. Բոյաջյանը:
Կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի նախաձեռնությամբ 1992 թվականից Երեւանում անցկացվում են «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգներ: Կոմպոզիտորի փոխանցմամբ, դրանք ունեն ճանաչողական նշանակություն, հնարավորություն են տալիս հայ ունկնդրին ծանոթացնել ժամանակակից ամերիկացի, ամերիկահայ եւ ամերիկաբնակ կոմպոզիտորների արվեստին՝ հայաստանցի երաժիշտների մեկնաբանությամբ: Անցած տարիներին ներկայացվել են Էլիզաբեթ Բելլի, Ջոել Ֆեյգինի, Մարկ Ռոսիի, Դայանա Գուլքասյանի եւ այլոց ստեղծագործությունները:
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) եւ երգչուհի Գայանե Գեղամյանը կհնչեցնեն ամերիկացի կոմպոզիտորներ Հայկ Բոյաջյանի եւ Մերիլին Բլիսի, ինչպես նաեւ Էդուարդ Սադոյանի սիմֆոնիկ, կամերային եւ վոկալ ստեղծագործություններից:
Նյու Յորքի կին կոմպոզիտորների միության նախագահ տիկին Բլիսին ժամանակին «Առավոտը» ներկայացրել է: Հիշեցման կարգով նշենք, որ նրա գործերը ձայնագրվում եւ հրատարակվում են հեղինակավոր ֆիրմաների կողմից:
Զրույցի հրավիրեցինք Հայկ Բոյաջյանին, որն առաջին անգամ հայրենիք է ժամանել 1970-ականների վերջին: Հետաքրքրությանը՝ իր կարծիքով, ի՞նչ գլոբալ տարբերություն կարող է նշել խորհրդային եւ ներկայիս Հայաստանի մշակութային ոլորտում, կոմպոզիտորը հայտնեց հետեւյալը. «Նախկինում հայ արվեստագետները մի տեսակ փակ էին, զգուշավոր: Հիշում եմ, երբ ժամանակին Բոստոն ժամանած Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանին ընդամենը հարցրին, թե ինչո՞ւ շնորհալի կոմպոզիտոր Հարություն Դելալյանը միության անդամ չէ, նա մի տեսակ շփոթվեց, խուսափեց պատասխանել: Ես էլ միջամտեցի ու ինչ-որ կերպ իբր փրկեցի դրությունը… Հանրահայտ է, որ հայերը նախկինում կնոջ դերը չէին կարեւորում հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում: ԱՄՆ-ում էլ եղել է նման ժամանակահատված: Ամերիկացի գրող Ջաքի Աբրահամյանի հետ հրապարակեցինք մի բրոշյուր՝ Conversations with Contemporary Armenian Artists, նվիրված ազատության թեմային…»:
Հայկ Բոյաջյանը բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային եւ վոկալ երկերի հեղինակ է, որոնք պարբերաբար հնչում են ճանաչված կոլեկտիվների եւ մենակատարների կողմից: 1986թ. «ծնված» նրա «Լռության պահ» օրատորիան՝ նվիրված Հայոց եղեռնին, ապրիլի 24-ին պարբերաբար հնչում է հայաստանյան տարբեր ռադիոկայաններով՝ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Այս առիթով Բոյաջյանն ասաց, որ ցանկալի է հենց այդ գործը կատարվի ու ձայնագրվի հայրենիքում՝ հասկանալի պատճառով: Ռեպլիկին, թե այդ առիթով արված առաջարկները արդյո՞ք մերժվել են, կոմպոզիտորը չպատասխանեց:
Տեղեկացրեց, որ օրերս հայտնի Albany Records ֆիրման թողարկել է կամերային ստեղծագործությունների CD-ն, որում երեք գործ կատարում է երգչուհի Գայանե Գեղամյանը, իսկ մյուս երեքը՝ ամերիկացի երաժիշտներ: Խնդրանքին՝ արտահայտվել երգչուհու արվեստի մասին, կոմպոզիտորը բերեց հետեւյալ օրինակը. «Մինչեւ մեր համագործակցությունը՝ Գայանեն կատարել է Մերիլին Բլիսի վոկալ երկերը: Երբ անցյալ տարի երգչուհու կողմից կատարված Բլիսի երգերը Մոսկվայում ինչ-ինչ պատճառներով հնչեցին այլ երգչուհու մեկնաբանությամբ, կոլեգաս ԱՄՆ վերադառնալուն պես ասաց՝ ի տարբերություն շատերի, Գայանեն երգը մատուցում է հոգով ու ջերմությամբ, գումարած հիանալի վոկալը»: