Կամ՝ ինչու է հայոց միջին տանտիկնոջ հույզերը շարժում Բարաք Օբաման եւ Մերիլին Մոնրո «մանրվում»
Վերջերս «Գրական թերթում» լույս են տեսել Դավիթ Հովհաննեսի «Տագնապներ XIII» շարքից ութտողանիներ, որոնցում վրդովմունք ու ցավ կա: Բանաստեղծն «Առավոտին» ասում է, որ իր տագնապներից ծնված «Տագնապները» մեր կյանքին բնորոշ հոգեզգացողություններից են, դեռեւս 70-ականներից է գրել «Տագնապներ» շարք, եւ հիմա արդեն 14-րդ շարքի վրա է աշխատում: «Այս տագնապները ուղեկցում են իմ հիմնական բանաստեղծական գործունեությանը, բայց ամենեւին երկրորդական կամ երկրորդային չեն, դրանք անմիջական թարմ, անկեղծ տվավորություններ են այդ օրվա, ժամանակահատվածի»,- ասում է զրուցակիցս:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Թոմաս Մորի հայտնի արտահայտությունը դարձրել եք բնաբան՝ «Ոչխարները կերան մարդկանց»: Բանաստեղծը փաստում է. «Ոչխաները կերան մարդկանց…այո, այսօր հենց այդպես է՝ երկրորդականը կերավ առաջնայինը, վատը կերավ լավը, ոչխարը կերավ առյուծին, անգամ գոյություն չունեցող արդյունաբերաառեւտրային հարաբերությունները կերան մարդկանց բարոյականությունը, արժանապատվությունն ու պատիվը»: Իսկ «բնաբանակիր» ութատողը հետեւյալն է. «քաղաքականությունը կերավ սերը/ ինչպես ոչխարները կերան Անգլիան, եւ հայոց միջին տանտիկնոջ հույզերը/ շարժում է հիմա Բարաք Օբաման,/ եւ նա իր ձայնը Բարաքին է տալիս,/ թեեւ՝ ընտրելու չունի իրավունք, /բայց կնոջ սիրտն է ընտրում հիրավի/ «որ հասկանում է ֆուխարայի հալից»:
Դ. Հովհաննեսը ցավում է, որ «դրսի» աշխարհի քաղաքականությունը ներխուժել է նույնիսկ հայոց տանտիկնոջ առօրյա. եւ «հիմա ապրուստը չի հետաքրքրում, հետաքրքրում է Մերիլինի կյանքը» ու հայը լավ օրերին «Մոնրո է մանրում»:
Մեր այն դիտարկմանը, թե բանաստեղծական այս շարքում վրդովմունքն այնքան շատ է, որ խեղդել է պոեզիան, հեղինակը պատասխանում է. «Իմիջիայլոց, դա ինձ շատերն են ասում, ախր մեր կյանքն ուրիշ իմպուլսների առիթ չի տալիս՝ ուրախության, զվարթության… Հայ մարդու կյանքն ընդհանրապես պայքար է, առտնին գոյապահպանության, ազգային զանազան հարցեր, խնդիրներ գալիս-խառնվում են մեր առօրյա հոգսերին, այս ամենին էլ գումարվում են մեր գրական կոչված ճահճի խթանած զգացողությունները: Ես էլ իմ խառնվածքով հակված եմ կյանքի դրամատիկ, երբեմն նույնիսկ ողբերգական ընկալման»: Դավիթ Հովհաննեսին հատկապես զայրացնում է գրական մթնոլորտը, ասում է՝ այն գնալով որակը փոխեց դեպի վատը. «Միության անդամները հարյուրներով են հաշվվում, երեւի հազարներով կհաշվեն մերձ կանգնած մարդկանց, այս ամենով հանդերձ, մարդ չկա, որ հետը կարողանաս խոսել՝ ապշեցուցիչ տգիտություն է, պրիմիտիվություն, անմակարդակություն, չկարդացածություն, մարդկային շատ հատկանիշների սաղմնային վիճակ, անէություն…Միջի ոչխարները կերել են առողջ գրական մասը…»:
Բանաստեղծը նաեւ մի ութատող ունի, որտեղ վատի ու վատագույնի մասին է խոսում, ասելով, թե ամեն ինչ համեմատության մեջ է գեղեցիկ. «…գեղեցիկ է ԳՄ անդամը ոչ անդամից, /Լեւոնը ապիկարից, թուրքը վրացուց…»: Ցավ կա արժեքների կորստի, արժեհամակարգի փոփոխության ու խաթարման համար: Ժամանակին Տերյան 59 շենքում ապրում էին Հրանտ Թամրազյանը, Գեւորգ Ղարիբջանյանը, Մովսես Արազին, Գեղամ Սարյանը, Արամաշոտ Պապայանը, նաեւ Գրողների միության հայտնի վարորդ ուստա Սիմոնը՝ ավանդապահ մի հայորդի, այժմ նրա տունը վերածվել է գիշերային ակումբի. «Խեղճ ուստա Սիմոն, գրող էիր ման ածում/, եւ մի կերպ դժվարավ, այս տունը ստացար/- Բայց գիտեի՞ր, որ քաղքի այս հատվածում/ տունդ բոզանոցի ավելի է հարմար..»: