Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին վախեցրել է լուրը, թե վրացական իշխանությունները հանել են վիզային ռեժիմը Հյուսիսային Կովկասում բնակվող քաղաքացիների համար: «Դա կարող է Վրաստանն ահաբեկիչների ասպարեզ դարձնել»,- ըստ news.am-ի, «Ասավալի-դասավալի» թերթին ասել է Շեւարդնաձեն՝ հավելելով, որ «այժմ Վրաստանի սահմանը բաց է, եւ անվտանգության ապահովման պայմաններ չկան»:
«Ինձ անհանգստացրել, ավելի ճիշտ՝ վախեցրել է այդ որոշումը, քանի որ դա կարող է վատ ազդել Վրաստանի վրա: Բարդ է իմանալ, թե ով է գալիս այստեղ՝ կարգապա՞հ քաղաքացի, թե՞ ահաբեկիչ»,- ընդգծել է նա: Նախկին նախագահը նշել է, որ իշխանությունների որոշումը կարող է փչացնել Վրաստանի հարաբերությունները հյուսիսկովկասցիների հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Միխայիլ Սահակաշվիլին հրամանագիր է ստորագրել Հյուսիսային Կովկասում ապրող ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը հանելու մասին: Այն տարածվում է Դաղստանի, Կարաչեւո-Չերքեզիայի, Հյուսիսային Օսեթիայի, Կաբարդինո-Բալկարիայի եւ Ադիգեյի վրա, որոնց բնակիչները կարող են այցելել եւ 90 օրվա ընթացքում գտնվել Վրաստանում՝ առանց վիզայի: