Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ

Նոյեմբեր 02,2010 00:00

Ճապոնիայի ԱԳ նախարար Սեյդեզի Մաեհարան արտգործնախարարություն է կանչել Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բելովին եւ բողոք է հայտնել նոյեմբերի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հարավային Կուրիլներ կատարած այցի կապակցությամբ: Նա ասել է, թե նման այցը «վիրավորում է ճապոնացիների զգացմունքները»: BBC-ի մատուցմամբ, Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն իր հերթին հայտարարել է, թե Մեդվեդեւի գործողություններն «ափսոսանք են հարուցում»՝ հավելելով, որ այդ «չորս հյուսիսային կղզիները Ճապոնիայի մաս են կազմում, ուստի՝ նախագահ Մեդվեդեւի այցն այնտեղ ծայրահեղ ափսոսանք է հարուցում»: Ի պատասխան՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ճապոնիայի արձագանքը Մեդվեդեւի այցին անընդունելի է, եւ ՌԴ նախագահը ազատ է այցելելու իր երկրի ցանկացած տարածաշրջան: «Ես ասել եմ իրենց, որ դա Ռուսաստանի ներքին քաղաքականությանն առնչվող խնդիր է: Ես ճապոնական կողմին խնդրել եմ այդ հարցին սառնասրտորեն եւ հավասարակշռված վերաբերվել»,- Ճապոնիայի ԱԳՆ այցելությունից հետո հայտարարել է դեսպան Բելովը: Մեդվեդեւը Ռուսաստանի առաջին առաջնորդն է, որն այցելել է վիճահարույց տարածքներ: Կունաշիր կղզում նա հանդիպել է տեղի բնակիչների հետ, այցելել շինհրապարակներ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հարավային Կուրիլները համարում է իր տարածքների մի մասը, մինչդեռ Ճապոնիան Կունաշիր, Իտուրուպ, Շիկոտան եւ Հաբոմայ կղզիները համարում է իր հյուսիսային տարածքները եւ պնդում է, որ Ռուսաստանը բոլոր չորս կղզիները վերադարձնի Ճապոնիային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել