Հարավային Ամերիկայի ամենախոշոր երկրի՝ Բրազիլիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնում կին է ընտրվել: Բրազիլիայի ընտրական գերագույն տրիբունալի պաշտոնական տվյալներով, կիրակի օրը՝ հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է երկրի կառավարության թեկնածու Դիլմա Ռոուսեֆը: Քվեների 92%-ի հաշվարկի արդյունքում Ռոուսեֆը ստացել է ընտրողների ավելի քան 55%-ի աջակցությունը: Բրազիլիայում ընտրություններն անցկացվում են էլեկտրոնային քվետուփերի կիրառմամբ, այնպես որ, քվեարկության արդյունքը հայտնի է դարձել ընտրությունների ավարտից տառացիորեն մի քանի ժամ անց: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուն՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Սան-Պաուլուի նահանգապետ Ժեզե Սերրան ստացել է ընտրողների 44%-ի քվեն:
Ընտրությունների երկրորդ փուլը, սակայն, հարթ չի անցել: Աղբյուրի մատուցմամբ, Բրազիլիայի իշխանությունները ընտրական օրենսդրության եւ հասարակական անվտանգության խախտման մեղադրանքով 232 մարդ են ձերբակալել: Ընդհանուր առմամբ, քվեարկության օրն արձանագրվել է ընտրությունների հետ կապված 390 օրինախախտում: «Օրինախախտումների մեծ մասը կապված է ընտրական տեղամասերում քարոզչություն ծավալելու փորձերի հետ, ինչն օրենսդրությամբ արգելված է»,- տեղեկացրել են իշխանությունները: Ընդհանուր առմամբ, ընտրությունները Բրազիլիայում անցել են հանգիստ մթնոլորտում, բռնության դեպքեր չեն եղել: