Նոյեմբերի 2-ին Լոնդոնում կայանալիք գագաթաժողովում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կհայտարարեն ռազմական ոլորտում համագործակցության շուրջ նոր համաձայնության հասնելու մասին:
The Daily Telegraph-ի մատուցմամբ՝ գործարքի պայմաննների համաձայն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնում միայն իրենց բանակների միավորման քայլն անելուց: Իսկ ընդհանրապես համաձայնագիրը երկու երկրներին հնարավորություն է տալու կրճատել իրենց ռազմական ծախսերը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մտադիր են համատեղ օգտագործել իրենց ավիակիրները: Հիմա պարզվում է, որ կողմերը միայն դրանով չեն սահմանափակվելու: Պայմանագրի համաձայն, երկու երկրները մտադիր են համաձայնեցնել իրենց ռազմական գործողությունները, համատեղ օգտագործել սարքավորումներն ու տեխնիկան, միասին մարզել իրենց զինծառայողներին եւ վերջիններիս փոխհամաձայնեցնելուց հետո գործուղել արտերկրում զինծառայության: Համագործակցությունը վերաբերելու է նաեւ հետազոտական նախագծերին: