Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդադում ազատ են արձակվել եկեղեցում պահվող պատանդները

Նոյեմբեր 02,2010 00:00

\"\"Բաղդադում կաթոլիկ եկեղեցուց պատանդների ազատ արձակման նպատակով իրականացված գրոհը անհաջող է եղել: Արդյունքում 52 մարդ է սպանվել: Reuters-ի փոխանցմամբ, եւս 67 մարդ վիրավորվել է: Աղբյուրը շեշտում է, որ զոհվածների վերը նշված թիվը ներառում է միայն պատանդներին եւ ոստիկաններին, բայց ոչ գրոհայիններին: Նախօրեին «Ալ-Քաիդայի» կողմից գրավված եկեղեցում գտնվել է ավելի քան 100 հավատացյալ: Կարադայի շրջանում տեղակայված շենքում պատարագի մատուցման պահին փողոցում ուժեղ պայթյուններ են լսվել, որից հետո կրակոցներ են հնչել: Ականատեսներից մեկը պատմել է, թե կրակոցների պահին եկեղեցում գտնվողներից շատերը, այդ թվում՝ եկեղեցու սպասավորը, գետնին են ընկել եւ  նրանց հագուստները սկսել են արյան մեջ թաթախվել: Մյուս հավատացյալները փորձել են պատսպարվել եկեղեցում: Նրանք ստիպված են եղել չորս ժամ սպասել՝ մինչեւ ոստիկանությունը գրոհով կազատեր եկեղեցու շենքը: Այդ ընթացքում գրոհայիններից մեկը զանգել է al-Bagdadia հեռուստաընկերություն եւ ներկայացել որպես Իրաքում «Ալ-Քաիդայի» մասնաճյուղը հանդիսացող սունիների «Իրաքի իսլամական պետություն» խմբավորման անդամ: Նա նաեւ հայտարարել է, թե ահաբեկիչները պահանջում են պատանդներին ազատ արձակելու դիմաց 48 ժամվա ընթացքում ազատ արձակել Իրաքի եւ Եգիպտոսի բանտերում պահվող իրենց կին զինակիցներին:  Մինչ բանակցություններ են ընթացել, իրաքյան հատուկ նշանակության ստորաբաժանման եւ ամերկյան զինվորականները գրոհել են եկեղեցին: Եկեղեցին գրոհով ազատելու առաջին փորձն անհաջող է եղել: Այդ գործողության արդյունքում հաջողվել է փրկել 19 պատանդի: Գրոհայինները հրաժարվել են ազատ արձակել մյուս պատանդներին եւ հանձնվել: Գրոհի երկրորդ փորձից հետո միայն հաջողվել է ազատ արձակել նաեւ մյուս պատանդներին: Գործողության արդյունքում 7 գրոհային է սպանվել, 10-ը կալանավորվել է: Ինչպես հաղորդել է ԱՄՆ բանակի ներկայացուցիչը, գրոհայիններից մի քանիսի վրա «մահապարտի գոտի» է եղել:
«Գործողությունն ավարտված է, մենք ազատել ենք պատանդներին»,- հայտարարել է Բաղդադի հարավ-արեւմտյան շրջանի ոստիկանապետ, գեներալ Ալի Իբրահիմը: Իրաքի պաշտպանության նախարար Աբդուլ-Քադիր ալ-Օբեյդին տեղեկացրել է, թե ահաբեկիչները ծրագրել էին ավելի մեծ թվով պատանդներ վերցնել: Նրա ասելով, ոտքի էր հանվել երկրի ողջ ոստիկանությունը, որովհետեւ քրիստոնյաների դեմ հարձակումների վտանգ կար: Հիշեցնենք, որ Իրաքում ապրում է շուրջ 1,5 մլն քրիստոնյա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել