Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը զայրույթով է արձագանքել Աֆղանստանի տարածքում առաջին անգամ համատեղ իրականացված ռուս-ամերիկյան գործողությանը, որի արդյունքում ոչնչացվել էին թմրանյութերի արտադրությամբ զբաղվող մի քանի խոշոր լաբորատորիաներ: BBC-ի մատուցմամբ, Քարզայն ասել է, թե գործողությունն իրականացվել է առանց աֆղանական իշխանությունների հավանության կամ իմացության, ինչը երկրի ինքնիշխանության ոտնահարում է: «Ոչ մի կազմակերպություն իրավունք չունի ռազմական գործողություն իրականացնել մեր երկրի տարածքում՝ առանց Աֆղանստանի մահմեդական կառավարության իմացության ու թույլտվության: Աֆղանստանը դատապարտում է ՆԱՏՕ-ի ակցիան ու հայտարարում, որ ցանկացած գործողություն, որն իրականացվում է միակողմանիորեն, աֆղանական ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, եւ դրա կրկնության դեպքում մենք ստիպված կլինենք արձագանքել ըստ արժանվույն»,- ասված է նախագահ Քարզայի աշխատակազմի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
Քարզայը երկրի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներին հրահանգել է պարզել անցած հինգշաբթի օրը, ուշ երեկոյան, Նանգարխար նահանգում իրականացված գործողության բոլոր մանրամասներն ու հետաքննության արդյունքների մասին տեղեկացնել իրեն:
Սակայն, ինչպես հայտարարել է Քաբուլում ՌԴ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի դաշնային ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Միլովանովը, Քարզայն ուղղակի տեղեկացված չի եղել, բայց իրականում գործողությունն ընթացել է աֆղանական իշխանությունների ղեկավարությամբ: «Մենք ընդամենը գործել ենք որպես խորհրդատուներ»: