«Առավոտի» հոկտեմբերի 30-ի համարում Է. Սիմոնյանի հոդվածը մի շարք ճշգրտումների կարիք ունի: Նախ հոդվածի հեղինակը փորձում է վերակենդանացնել երկլեզու կրթության ուրվականը, «…ինչո՞ւ մեր «շարքային» երեխան պետք է զրկված լինի օտար լեզուներ բավարար ազատ տիրապետելու հնարավորությունից…»: Քանի անգամ կարելի է ոմանց բացատրել, որ օտար լեզուների իմացությանը որեւէ մեկը դեմ չի եղել եւ չէ, եւ որ օտար լեզուների դասավանդման մեթոդների փոփոխություն է անհրաժեշտ ընդամենը, որ 12 տարիների ընթացքում հայկական դպրոցի «շարքային» երեխան տիրապետի առնվազն երկու օտար լեզվի: Արդյո՛ք բացատրելու կարիք ունի այն պարզ ճշմարտությունը, որ մարդը մտածում է մեկ լեզվով եւ արդյո՛ք երկլեզու (բազմալեզու) կրթությունը մարդուն հնարավորություն է տալու երկլեզու (բազմալեզու) մտածողության: Երկլեզու կրթությունը ԽՍՀՄ-ում ուծացման քողարկված ծրագիր էր, նախատեսված՝ կարծում եմ, ոչ Հայաստանի համար, քանի որ առանց դրա էլ ուծացման գործընթացը Հայաստանում մեծ հաջողությամբ գնում էր: Բայց էդմոնդսիմոնյանները դրանից կառչեցին, որ եղած հայկական դպրոցներն էլ երկլեզվության անվան տակ ռուսացնեին:
«Մաշտոց» միավորումը հիմնադրվել է 1988թ.՝ Մայիս Վանոյանի, Ռոբերտ Զուրաբյանի, Սուրեն Մարտիրոսյանի, Ավետիք Իշխանյանի (նախագահ) կողմից, եւ ունեցել է «Հայ երեխային հայկական դպրոց» կարգախոսը: Հայ երեխաներին օտարալեզու (ռուսական) դպրոցներ չընդունելու պատմական որոշումը կայացվել է 1990թ. մինչ իշխանափոխությունը՝ կոմունիստական վարչակարգի վերջին լուսավորության նախարար Միսաք Դավթյանի կողմից: Լեզվի մասին օրենքը, որով օրենսդրորեն ամրագրվեց հայ երեխաներին օտարալեզու դպրոցներ չընդունելը՝ ընդունվել է 1993թ.: Վազգեն Մանուկյանը վարչապետ է եղել 1990-1991թթ. :
Այնպես որ, նախ պետք է փաստերը ճշտել՝ հետո «սրել ատամները քեն» (Վահան Տերյան):