Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը գիտական կոչում ունեցող անձանց համար օրենքով նախատեսված հավելավճարները 2000 թվականից չվճարելու մասին նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին: «2000 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ գիտական կոչում ունեցող անձանց, կենսաթոշակից բացի, նախատեսվում էր հավելավճար, որի չափն ու տրամադրման կարգը պետք է սահմաներ կառավարությունը: Անցած տասը տարիների կառավարությունների հանցավոր անգործության պատճառով կենսաթոշակի անցած մեր բազմաթիվ վաստակաշատ գիտնականներ սոցիալապես անպաշտպան վիճակում են, եւ, իրենց խնդիրների նկատմամբ իշխանության անտարբերությունից խորապես վրդովված ու վիրավորված, հանդես են գալիս տարբեր հրապարակումներով ու դիմումներով, սակայն՝ ձայն բարբառո հանապատի: Գիտական կոչում ունեցող հարյուրավոր թոշակառուների պահանջով կրկին բարձրացնում ենք օրենքով սահմանված նրանց կենսաթոշակի հավելավճարների չիրացման խնդիրը, որը մեզանում օրինաչափություն դարձած խոսքի եւ գործի հակասության եւս մեկ վառ օրինակ է: Այդ հրապարակումներում, բացի վերոնշյալ օրենքից, նրանք վկայակոչում են նաեւ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի կողմից 2008 թվականի նոյեմբերի 25-ին ընդունված «Գիտնականների եւ գիտաշխատողների կարգավիճակի մասին մոդելային օրենքը», որով ԱՊՀ երկրները պարտավորվում են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ գտնել գիտնականների թոշակները նրանց աշխատավարձի 75-90%-ով ապահովելու նպատակով… Խնդրում եմ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում պատասխանել, թե՝ համաձայն 2000 թվականին ՀՀ ԱԺ ընդունված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ երբ են ընդունվելու գիտական կոչում ունեցող անձանց համար նախատեսված, բացի կենսաթոշակից, հավելավճարների վերաբերյալ ենթաօրենսդրական ակտերը, որոնցով կառավարությունը պետք է սահմաներ դրանց չափն ու տրամադրման կարգը, ե՞րբ է գործելու ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի կողմից 2008 թվականի նոյեմբերի 25-ին ընդունված «Գիտնականների եւ գիտաշխատողների կարգավիճակի մասին մոդելային օրենքը», որով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է գիտնականների թոշակները նրանց աշխատավարձի 75-90%-ով ապահովելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու պարտավորությունը»,- ասված է պատգամավորի նամակում: