Կամ՝ աշունը հաշվետվությունների ժամանակ է
Մեկ ամիս էլ չկա, ինչ վերադարձել եմ արտասահմանյան գործուղումից: Իհարկե, հրավիրող կողմի հաշվին էր: Բայց մեր իրականությունն արդեն հասցրել է ձանձրացնել: Ոչինչ չի փոխվել՝ չէր էլ կարող: ԷՈՒՇ-աբանության մասին հոդվածից հետո (տես՝ «Գիտական խեղկատակություն», «Առավոտ», 08.24.2010) որոշել էի ոչ մի բանի չխառնվել: Բայց անհնար է: Տարօրինակ մտավոր ընդունակություն ու գիտելիք ունեցող մարդկանց հոծ բազմությունը, որ կուտակվել է գիտության մեջ, «դիմավորեց» ստանդարտ գործողություններով: Ամեն անգամ գործուղումից վերադառնալով ստիպված եմ մաքրել ամբողջ անհեթեթ թղթավարությունը, որ պարտաճանաչ ձեւով «նախապատրաստում» են գիտության անգրագետ չինովնիկները: Այս անգամ իրենք իրենց գերազանցել էին: Հրաման էին պատրաստել, որ ՀայԱստանը լքել եմ հունիսի 248-ին: Ու հիացած սեփական գյուտով՝ բութ հայացքով նայում էին տնօրենին՝ ասա, ինչ անենք սրան: Չգիտեմ՝ եկեք ինձ կերեք՝ եթե կարող եք: Ոչ ցեղական մերինոս ոչխարի արտաքինով մեկը հիմնարար գիտության մասին հոդված է գրել՝ հայ ժողովրդի գենետիկ հակումներով բացատրելով գիտության արդի հրաշք վիճակը: Նկարն էլ դրել հոդվածի վերեւում եւ որպես բնաբան օգտագործել «ռոմանտիկ բառեր»՝ համաշխարհային գրականությունից: Երեւի որոշել է գենետիկայով զբաղվել: Ինչքան գիտեմ, մինչեւ հիմա որեւէ մեծ կոլաբորացիա, որը զբաղվում է գենետիկայով՝ չկա: Որբի կարգավիճակով հոդվածներում համահեղինակ գրվելն այստեղ չի ստացվի: Գոնե նկարը չդներ, թե չէ՝ հայ ժողովուրդ, գենետիկա, Սենտ Էկզյուպերի… Խնկո Ապոր «Գայլն ու գառը» հերիք չէ՞ր հոդվածի բնաբանի համար: «Մի ամլիկ գառ իրեն համար…»: Բայց մեկ շնչին ընկնող գիտական արդյունքի գրաֆիկներ նկարողից ի՞նչ ուզես: Ինչ իրենց կոլխոզում տեսել՝ նույնն էլ վերարտադրում է գիտության մեջ: Մեկ շնչին ընկնող ձվատվություն, կաթնատվություն… Գիտության մեջ անցեք աշխօրի՝ մեկ աշխօրին տալով, ասենք, մի փութ կորնգան: Կորնգանն ինչ է՝ չգիտեմ, բայց լսել եմ: Երեւի խոտ, անասնակեր: ԷՈՒՇ-աբանությունը գերակա գիտական ուղղություն ունենալու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է: Իսկ այսօր ամենածանր օրն էր: Մի խումբ ականավոր հայ գիտնականներ, արդեն նոր հիմնված ազգային լաբորատորիայում միաձայն պնդում էին, որ միայն հիմարները կարող են գիտական հոդված տպել՝ ճիշտը չտպելն է: Դա էլ հիմնավորում էին իրենց կոչումներով: Հազիվ փախա՝ դնում էին քվեարկության: Հույս ունեն, որ թեմատիկ ֆինանսավորումից փող կստանան: Կարծում եմ՝ կստանան: Այն ակտիվությունը, որով գիտության չինովնիկները փորձում էին Դուբնայից փող պոկել գերագույն տխմարությունը որպես գիտություն Երեւանում ֆինանսավորելու համար (կարծեմ ստացվել էր)՝ ամեն ինչ էլ հնարավոր է: Եթե 3 տարի, չնայած ուղիղ պարտականությանը, գիտության ֆինանսավորման բնագավառում ոչինչ չանող մարդկանց ասում են երկու տարի էլ ոչինչ մի արեք՝ ամեն ինչ էլ հնարավոր է: Երեւի ինչ-որ մեկը փորձում է ստուգել, թե երբ վերջնականապես կվերանա գիտությունը Հայաստանում: Կարծում եմ, շուտով: Այսքանը քիչ էր, պարզվում է՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հերթական ընտրություններն է կազմակերպում:
lragir.am կայքն էլ էն կողմից. «ՀՀ ԳԱԱ նախագահությունն ու ՀՀ կառավարությունը պարտավոր են նաեւ սահմանել, թե ի՞նչ են հասկանում.
Ա. «առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող աշխատանքներ» ասելով, Բ. «միջազգային ճանաչում ստացած աշխատանքներ» ասելով,
Գ. «գիտությունը հարստացրել են» ասելով»: Ի՞նչ եք ուզում: Ձեզ ո՞վ է ասել, որ ինչ-որ մեկը պարտավոր է սահմանել: Լավ են անում՝ չեն սահմանում: Ամեն ինչ ուզում եք իմանալ: Թողեք մարդիկ ընտրվեն՝ հետո ինչ ուզում եք ասեք: Օրինակ, վա՞տ կլինի, եթե մեր դարավոր թշնամուն ասենք, որ մեկ շնչին ընկնող ակադեմիկոսների թվով մենք աշխարհում առաջին տեղում ենք՝ ու քահ-քահ ծիծաղենք:
Հայկական մամուլում գիտության միջազգային չափանիշներից առաջին խոսողներից մեկն էլ ես էի: Արածս ուսումնասիրությունների արդյունքներն էլ բաժանել եմ գիտության տարբեր պատասխանատուների՝ եթե չեն մոռացել: Պատմել եմ, բացատրել: Իհարկե, այդ ամենը անձամբ ինձ ոչ մի օգուտ չբերեց եւ չէի էլ ակնկալում: Նույնիսկ հոգսերս ավելացրեց: Օրինակ, մի քանի ամիս որպես փորձագետ օգնում էի ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության հանձնաժողովին՝ ստուգել գիտության պետական կոմիտեի աշխատանքները: Հուսով եմ, երկու կողմին էլ օգուտ տվեցի: Հիմա էլ, որպես պարտաճանաչ քաղաքացի, պատրաստվում եմ տպագրել ստուգումների այն մասի արդյունքները, որն անձամբ եմ արել եւ ինքս էլ պետք է հաշվետու լինեմ: Բայց դա՝ գիտության եւ գիտնականների գնահատականների չափորոշիչների մասին գրելուց հետո: Մի քանի տարի առաջ ԳԱԱ ընտրություններից հետո էի տպագրել որոշ թվեր: Օգուտը քիչ էր: Այս անգամ փորձեմ ընտրություններից առաջ՝ նպատակ ունենալով օգնել ընտրելու իրավունք ունեցողներին: Իսկ ընտրություններից հետո կփորձեմ հրատարակել բնական գիտությունների գծով նորընտիր ակադեմիկոսների եւ թղթակից անդամների տվյալները: Հուսով եմ, այդ համեմատությունը նոր լիցք կհաղորդի ծանր պայմաններում աշխատող հայ գիտնականներին: Իսկ գենետիկ հակումների մասին գրողները մի նոր ապացույց կստանան եւ ավելի փառահեղ հոդվածներ կգրեն: