Մի հարցազրույցի առիթով
Մասնագիտությամբ թատերագետ եմ, տարիներ շարունակ ուսումնասիրում եմ հայ թատրոնի արդի վիճակը, գրում վերջին տասնամյակների թատրոնի տարեգրությունը, ուսումնասիրում եմ Եգիպտոսի եւ Իրանի հայ համայնքների թատերական կյանքը, ուստի ծանոթ եմ այդ ասպարեզի զարգացումներին՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ սփյուռքում: Ուշադրությամբ հետեւում եմ նաեւ թատրոնին վերաբերող ռադիո եւ հեռուստահաղորդումներին, քանի որ դրանք եւս կարեւոր աղբյուր են թատրոնում կատարվող իրադարձություններին իրազեկ լինելու համար: Վերջերս էլ ռադիոյով հեռարձակվեց մի հարցազրույց՝ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի հետ: Հարցերն ուղղված էին թատրոնի ղեկավարին, իսկ պատասխանները, առաջվա նման, գալիս էին Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահի դիրքերից: Եվ, ահա, արդեն ավանդական դարձած, թատերական քննադատներին վերաբերող՝ թե ինչու են նրանք թատրոնից մնում հեռու, «գուցե նրանց առջեւ փակվե՞լ են թատրոնի դռները» զգուշավոր եւ հուշող հարցերին հետեւում է պարոն Ղազանչյանի պատասխանը. «Ո՜չ, դռները չեն փակվել: Պարզապես նրանք փորձում են ինքնահաստատվել»: Թույլ տվեք հարցնել, թե որտեղի՞ց գիտե պարոն Ղազանչյանը, թե ով ինչի է ձգտում: Սա նման է խորհրդային տարիների քաղաքական մեկնաբանների հաղորդումներին, երբ նրանք ասում էին. «Քարտերը մտածո՜ւ~մ է, թե…»: Եվ, հետո. ցույց տվեք որեւէ արվեստագետի, որը, որպես նպատակ, չունենար ինքնահաստատվելու խնդիրը: Քանի որ հարցը թատրոնին վերաբերող հաղորդումներում տրվում է պարբերաբար, ապա դրա պատասխանը ստանալու համար կա շատ պարզ եւ հեշտ ճանապարհ. հրավիրեք իրենց իսկ՝ թատերագետներին, թեկուզ եւ «թատրոնի թշնամիներին», որոնք, ի դեպ, Հյուսիսային բեւեռում չեն բնակվում եւ գուցե հայտնվե՞ն իրենց «ընդհատակներից», եւ նրանցից էլ ստացեք Ձեր հարցերի պատասխանները:
Մյուս խնդիրը, որը պակաս կարեւոր չէ: Վարդան Աճեմյանի եւ Խորեն Աբրահամյանի հարգելի՛ աշակերտներ: Հիշեք, թե ինչպես 2005 թվականին անցավ Վարդան Աճեմյանի 100-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դատարկ դահլիճում, մարաթոնյան վազքի արագությամբ, ինչպես անցան 1993 եւ 1995 թվականների ՀԹԳՄ համագումարները: Առաջինը՝ Խորեն Աբրահամյանի ներկայությամբ, երբ նա, ամբողջ մի օր ստիպված լինելով դիմակայել մտածված եւ ծրագրված հարձակմանը, մի ծխախոտը վառում էր մյուսի ետեւից, եւ զարմանալ միայն կարելի էր, թե ինչպե՞ս նրա սիրտն այդ օրը դիմացավ: Մյուս՝ արտահերթը, կայացավ Խ. Աբրահամյանի բացակայությամբ, երբ դահլիճը, միահամուռ կերպով, վտարեց նրան իր զբաղեցրած պաշտոններից: Այստեղ, անշուշտ, թատրոնի նկատմամբ ոչ մի թշնամանք չկար: Ընդհակառակը, սա էր նրա «փրկության» միակ ճանապարհը: Դրանից հետո, մտածեք, թե արդյո՞ք իրավունք ունեք այս երկու մեծությունների աշակերտները կոչվելու:
Նույն Ղազանչյանին հիացնում են երիտասարդները: Ամենամյա փառատոներ, մեծամիտ մարդու կեցվածք. սրանք իրո՛ք հիանալու առիթ են: Նրանք արդեն, շրջանցելով լրագրության տարրական կանոնները, հարցազրույցներ է՜լ են տալիս: Եվ այն հարցին, թե ինչ կարծիք ունեն ավագ սերնդի արվեստագետների մասին, հետեւում է անգլերեն պատասխանը. «No comments…»: Ես չէ, որ պետք է ասեմ, թե մարդուն, գոնե իր տարիքի համար, պետք է հարգել: Վաստակի մասին, ըստ երեւույթին, խոսելն ավելորդ է:
Եվս մի հարց: Չի լինում մի հաղորդում, որ չասվի թատրոնի մարդկանց ցածր աշխատավարձի մասին: Այո՛, սա իրո՛ք կարեւոր եւ ցավոտ խնդիր է: Բայց նույն հաղորդումներից մեկում, դրա մասին խոսելուց անմիջապես հետո, հաջորդեց հետեւյալ նախադասությունը. «Երբ ես մեքենայով ամեն օր գնում եմ Սունդուկյանի անվան թատրոն…»: Սեփական օրինակից գիտեմ, որ 50 000 դրամ աշխատավարձով հնարավոր չէ մեքենա գնել, առավել եւս՝ ամեն օր դրանով գնալ աշխատանքի: Ուրեմն, սա արդեն միտումնավոր քաղաքականություն է: Բնավ չուզենալով նսեմացնել հարցի կարեւորությունը, պարզապես հիշեցնեմ մի այնպիսի մոռացված եւ անտեսվող իրողությունների մասին, ինչպիսիք են «մտավորական մարդ» եւ «արժանապատվություն» հասկացությունները: Պետք չէ շահարկել «մարդկանց համար տարվող մտահոգությունը» եւ, չմոռանալով հիշատակել ամերիկյան սուպերմարկետների գները, հայ դերասանին, հայ մտավորակա՛ն դերասանին, պարտադրել խնդրողի եւ անինքնասերի կարգավիճակը: