Ընդդեմ «Առավոտ» օրաթերթի «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի դիմումի վերաբերյալ
Քննարկելով ընդդեմ «Առավոտ» օրաթերթի «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի դիմումը՝ թերթի 2010 թվականի հուլիսի 7-ի «Աղջիկս երդվել է իմ արյունով լվացվել» հոդվածում կրոնական թշնամանք եւ ատելություն քարոզելու վերաբերյալ, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը եզրակացնում է.
1. Յուրաքանչյուր անհատ լրագրող կամ մասնավոր լրատվամիջոց հասարակական ցանկացած խնդրի վերաբերյալ կարող է ունենալ իր անհատական կարծիքը կամ ուղղվածությունը, որն արտահայտված է խմբագրական տեսակետի մեջ: Այս առումով ընդունելի է կրոնական թեմատիկայի վերաբերյալ «Առավոտ» օրաթերթի ուղղվածությունը եւ այն հետեւողականորեն լուսաբանելը:
2. Բողոքում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը անդրադառնում է «Աղջիկս երդվել է իմ արյունով լվացվել» հոդվածում «Առավոտ» օրաթերթի կողմից «հոգեորսություն» թեզի անտեղի օգտագործմանը, նշելով, որ թերթը չի կարող ներկայացնել մի երեւույթ, որի համար չի տրվում իրավական սահմանում: Այս առումով Դիտորդ մարմինը եզրակացնում է, որ թերթը պարտավորված չէ օգտագործել այնպիսի թեզեր, որոնք ունեն իրավական սահմանում, ուստի «հոգեորսություն» բառը կարող է օգտագործվել:
3. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը նշում է այն մասին, որ հոդվածում վարկաբեկվում է ՀՀ Պետռեգիստրի կողմից գրանցում ստացած կազմակերպություն: Այնուամենայնիվ, Դիտորդ մարմինը գտնում է, որ Պետռեգիստրի կողմից գրանցված լինելու փաստը դեռեւս արգելք չի հանդիսանում, որպեսզի թերթը, ունենալով որոշակի փաստեր, իր կարծիքն արտահայտի տվյալ կազմակերպության մասին՝ օգտագործելով խոսքի ազատության իր իրավունքը:
4. Ըստ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի՝ «Աղջիկս երդվել է իմ արյունով լվացվել» հոդվածում «Առավոտ» օրաթերթի կողմից ներկայացված է կոնֆլիկտի միայն մեկ կողմի տեսակետը: Սակայն քանի որ երկրորդ կամ երրորդ կողմերը տվյալ հոդվածում անորոշ են, թերթը պարտավորված չէր ներկայացնել որեւէ այլ կարծիք, քան թերթին տեղեկություններ տրամադրած անձի եւ լրագրողի կարծիքները:
4. Դիտորդ մարմինը արդարացի է համարում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի բերված բողոքի այն մասը, ըստ որի՝ «Աղջիկս երդվել է իմ արյունով լվացվել» հոդվածում ներկայացված փաստերը «Առավոտ» օրաթերթը ընդհանրացնում է հոդվածի համատեքստում հիշատակված կազմակերպությունների վրա: Դիտորդ մարմինը գտնում է, որ հոդվածում նկարագրված է կոնկրետ մասնավոր դեպք, եւ այդ դեպքի հետ կապված բացասական տպավորությունների տարածումը դրա հետ որեւէ առնչություն չունեցող կազմակերպությունների վրա անթույլատրելի է պրոֆեսիոնալ էթիկայի տեսակետից:
Հարգելով «Առավոտ» թերթի՝ կրոնական թեմատիկային անդրադառնալու եւ սեփական տեսակետները ներկայացնելու իրավունքը, Դիտորդ մարմինը հարկ է համարում հիշեցնել 2007 թվականի մարտի 10-ին ընդունված Վարքականոնի՝ 1.3 կետը՝
«1.3. վերլուծություններ եւ մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի վրա»: