2006 թ. IFAD-ի՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի 2,9 միլիոն դոլար ֆինանսավորմամբ սկսվեց Տավուշի մարզի Կարմիր գյուղ-Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան-Կոթի 27կմ ինքնահոս ջրագծի կառուցումը: Նոյեմբերյանի սարերից, Ոսկեպար գետի վերին հոսանքից սկիզբ առնող ջրագիծը պետք է սահմանամերձ Կոթի, Ոսկեպար, Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերում ոռոգելի դարձներ ընդհանուր առմամբ 1100 հեկտար տարածք: Ի սկզբանե ջրատարը նախատեսված էր գործարկել 2008 թվականի հուլիսին: Հետո դրա շահագործումը հետաձգվեց նույն տարվա աշուն: Եվ այդպես՝ արդեն 3 տարի: Ակնհայտ է, որ այս տարի էլ չի ավարտվի այս ջրագծի շինարարությունը: Մինչ սահմանագոտում ապրողները 20 տարի սպասում են ոռոգման ջրին, մեր սարերի անապակ գետն Ադրբեջան է հոսում: Կոթեցիներն էլ վերջերս Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պարզել էին «Տվեք մեզ ոռոգման ջուր, եւ մենք կկերակրենք ամբողջ մարզը» կարգախոսով պաստառ: Նշված գյուղերի բնակիչները սպասում են նաեւ իրենց շեների գազիֆիկացմանը: Ղեկավար այրերն էլ շարունակում են երկար-բարակ դատողություններ անել, թե ինչո՞ւ են սահմանագոտու բնակիչները լքում այն: