Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկեցին» դեբեդցի դպրոցականներին

Նոյեմբեր 02,2010 00:00

\"\"Հոկտեմբերի 29-ին Վրաստանին սահմանակից Տավուշի մարզի Պտղավան գյուղում ուղիղ կեսօրին երկրաշարժ տեղի ունեցավ, աշակերտներին դպրոցից էվակուացրին, կրթօջախում մնացին միայն «վիրավոր» երեխաները, որոնց՝ ճոպանների ու դրանց ամրացված պատգարակների միջոցով փրկարարները կրթօջախից հանեցին: Սա բարեբախտաբար իրական կյանք չէր՝ ուսումնական վարժանքի սցենար էր:
Դպրոցից հետո փրկարարական վարժանքը շարունակվեց Դեբեդի ափին: Գետի մեջ հայտնված ավտոմեքենայից փրկարարները հանեցին երեխայի: Պտղավանցի 16-ամյա Վարդան Ալեքսանյանը կամավոր մտավ սառը ջուրը` «փրկվողի» դերը կատարելու համար: Վարժանքին մասնակցում էին Նոյեմբերյան քաղաքի փրկարարները, փրկարարների «Իջեւան» եւ «Լոռի» ջոկատները, Պտղավան համայնքի կամավորները, ակտիվ համագործակցում էր համայնքի ղեկավար Ռաֆիկ Օհանյանը: Տավուշի մարզի փրկարար վարչության պետի տեղակալ Վաղինակ Հովսեփյանը հայտնեց, որ Գերմանական տեխնիկական համագործակցության (GTZ) ֆինանսավորմամբ, Հայաստանի փրկարար ծառայությունն 2008-ից իրականացնում է «Աղետների կանխարգելումը Հարավային Կովկասում» երկամյա ծրագիր, որում Տավուշի եւ Լոռու մարզից 5-ական համայնք են ընդգրկված: Տավուշի մարզից՝ Հաղարծին, Արճիս, Պտղավան, Բագրատաշեն եւ Այրում գյուղերը: Ծրագրի շրջանակներում նշված 5 համայնքների բնակչության ուսուցում է կատարվել, համայնքներին տրվել է փրկարարական գույք, արտակարգ իրավիճակներում կառավարման պլաններ, Արճիսի տարածքում ափի պաշտպանության համար կատարվել է գաբիոնների (ցանցերի մեջ խճաքարերի) տեղադրում, Հայաստանի փրկարարական ծառայությունը Այրում եւ Արճիս համայնքներում տեղադրել է աղետների վաղ ազդարարման համակարգեր, գյուղերին տրվել են շչակներ:
Մեր աղբյուրները տեղեկացրին, որ «Աղետների կանխարգելումը Հարավային Կովկասում» ծրագիրը ի սկզբանե նախատեսված էր շարունակվել մինչեւ 2012 թվականը, սակայն արտակարգ իրավիճակների նախարարության նախկին ղեկավարության ոչ ակտիվ համագործակցության պատճառով Գերմանական տեխնիկական համագործակցությունը երկու տարով կրճատել է ծրագրի տեւողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել