Ադրբեջանում հորը կորցրած հային Հայաստանում ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում
Լոռու մարզկենտրոն Վանաձորի բնակիչ՝ 55-ամյա Նորա Քանարյանը տնից դուրս գալ չի կարող, դժվարությամբ է քայլում, երկրորդ կարգի հաշմանդամ է: Իսկ 22-ամյա որդին՝ Համլետ Ռեւազյանն էլ տնից չի կարողանում դուրս գալ եւ աշխատանք փնտրել, որովհետեւ վախենում է, թե պարտքատերերը կիմանան աշխատանք ունենալու մասին, եւ բոլորը միանգամից իրենց գումարները կպահանջեն: «Եթե էս պահին աշխատեմ՝ պարտքատերերից մեկն ու մեկը ինձ կսպանի, չեմ կարող բոլորի պարտքը միանգամից տալ»,- ասաց Համլետը: Նրանց կացարանից՝ Վանաձորի Ուսանողական 10 հանրակացարանի 327 սենյակից անպակաս են «հյուրերը»՝ օրը մեկը դուռը թակում եւ 197 հազար դրամ պարտքի իր մասն է ուզում: Վերջերս նաեւ ահաբեկում են, թե գումարը չվերադարձնելու դեպքում տղայիդ կմորթենք. «Քանի անգամ եկել են, որ տղիս ծեծեն, հարեւաններն են կանգնել դռան դեմ, մեզ պաշտպանել: Հիմա էլ ժամկետ են դրել, ասում են՝ եթե մինչեւ մեր ասած օրը չտվեցիր, էլ չեմ ասելու փողը տուր, գալու եմ մորթեմ տղայիդ: Ախր, տղաս մեղք է, նա ինչ մեղավոր է, որ ես հիվանդ եմ, որ ինքն անառողջ է, ով հիվանդ է՝ ապրելու իրավունք չունի՞»,- պատմեց Նորա Քանարյանը:
Ողջ «ոդիսականը» սկսվել է այն օրից, երբ ընտանիքը դուրս է մնացել ընտանեկան նպաստի համակարգից ու դրա հետ մեկտեղ Համլետ Ռեւազյանին հասանելիք Վանաձորի քաղաքապետարանի կողմից տրվող ամենամյա «Գերազանցիկ ուսանողների կրթաթոշակի» ժամկետն է ավարտվել: Մայր ու տղայի միակ հույսը մնացել է մոր՝ երկրորդ կարգի հաշմանդամ Նորա Քանարյանի 8800 դրամ թոշակը: Տիկին Նորան վիրավորված է կառավարությունից, նա զարմանում է, ի՞նչ են մտածել հաշմանդամի թոշակի չափը որոշողները: Հաշմանդամ կինը նաեւ դեղեր է օգտագործում, ինչը փոքր-ինչ թեթեւացնում է նրա վիճակը: «Հետաքրքիր է, եթե դա միայն հաշմանդամի դեղորայքի գումարն է, ապա ինչո՞վ պետք է սնվի այդ մարդը»,- հարցնում է Նորա Քանարյանն ու սկսում գումարել դեղերի գները ու ստացվում է, որ նա գոնե տանը քայլելու համար շուրջ 20 հազար դրամ պետք է ունենա: Ու այսքանից հետո էլ ստացվում է, որ 8800 դրամ ստացող եւ հաշմանդամության կարգ ունեցող մարդը գոյատեւելու համար պարզապես չի կարող պարտք չվերցնել կամ «նիսյա» առեւտուր չանել: Նորայի տղան՝ Համլետ Ռեւազյանն էլ աչքի չի ընկնում առողջությամբ: Նրա թերթիկում 19 անուն հիվանդություն կա: Նա բազմիցս դիմել է Լոռու մարզի թիվ 1 բժշկահոգեբանական հանձնաժողով՝ հաշմանդամության կարգ ստանալու համար, սակայն մերժվել է: Ու համոզված է, որ հաշմանդամության կարգ ստանալու համար էլ գումար է անհրաժեշտ: «Էս թվին առանց մաղարիչի ոչինչ չեն անում, մի 10 հազար դրամ տայի՝ ես էլ հաշմանդամության կարգ կունենայի»,- ասաց Համլետը: Վերջին 2 ամսում բուժման համար պարբերաբար մոտակա դեղատնից են օգտվել ու հիմա միայն այս դեղատանն ունեցած պարտքը անցել է 40 հազարի դրամի սահմանը: Դեղատան տնօրենն առաջարկել է՝ տոկոսով գումար վերցրու, իմ փողը տուր: Այդպես էլ արել են, բայց ամսական 2-3 հազար դրամ վճարելով՝ մայր գումարը չեն մուծել: «Երբ մարդուն ասում ես պարտքով փող տուր, չի տալիս, ասում է չունեմ, բայց երբ տոկոսով ես ուզում՝ արդեն փող տալիս է, հլա մի օր էլ իրա տոկոսի գումարը ուշացնես…»,- ասում է Համլետը: Պարտքերը փակելու համար երիտասարդը հեռախոսների առուվաճառքով է սկսել զբաղվել, չի հաջողել եւ պարտքի վրա նոր պարտք է ավելացել:
Համլետը մոտ 200 նամակ է գրել տարբեր մարդկանց ու կազմակերպությունների՝ հույս ունենալով, որ նրանցից մեկը կօգնի: Այս ամենը արժեցել է ավելի քան 15 հազար դրամ եւ հիմա ամեն ամիս ստանալով մոր 8800 դրամ կենսաթոշակը, 4000 դրամը թողնում է փոստում՝ նամակների առաքման պարտքն է փակում:
Ծայրահեղ պայմաններում ապրող ընտանիքը դիմել է տարբեր ատյանների, բարերարների, նույնիսկ նախարարների ու տեղական իշխանությունների: Ոչ ոք չի օգնել, մի բարերար էլ ասել է՝ մենք 5000 դոլարից փոքր գումար չենք տալիս, եթե տանք էլ, ապա միայն խաղահրապարակներ կառուցելու կամ տանիքներ վերանորոգելու համար. «Բարերարներն ու պաշտոնյաները մոդայիկ գովազդի համար են գումար տալիս, որ հեռուստատեսությամբ ցուցադրվեն»,- ասում է Նորա Քանարյանը:
Ընտանիքի անելանելի վիճակին նոր հոգս է ավելացել: Հիմա էլ էլցանցից են նամակ-զգուշացում ստացել, եթե չմարեն հին պարտքերը, ստիպված կլինեն վանաձորյան ցրտաշունչ ձմեռը առանց էլեկտրաէներգիայի անցկացնել:
Նորա Քանարյանը մեկ տարեկան է եղել, երբ ընտանիքը Ադրբեջանի Շամխորի շրջանի Բադա գյուղից տեղափոխվել է Վանաձոր: Ադրբեջանցիները սպանել են Նորայի հորը եւ սպառնացել՝ բնակավայրը հոժարակամ չթողնելու դեպքում բոլորին նույն ճակատագիրն է սպասվում: Հենց գաղթի երկար ճանապարհն էլ խորացրել է ի ծնե վատառողջ Նորայի հիվանդությունը:
Համլետ Ռեւազյանը դպրոցում աքի է ընկել խելքով ու ուսուցիչների սիրելին է եղել: Դպրոցն ավարտելուց հետո նրան առաջարկել են համալսարանում սովորել, բայց հիվանդ մորը մենակ չթողնելու համար տղան հրաժարվել է ուսումից: Դրա համար տիկին Նորան իրեն մեղավոր է զգում: Այլեւս ոչ մի պաշտոնյայից ու բարերարից հույս չունենալով, նրանք Համլետ Ռեւազյանի անունով հաշվեհամար են բացել «ՎՏԲ Հայաստան» բանկում՝ 160 480 735 473 00, եւ ակնկալում են բոլոր բարի մարդկանց օգնությունը, թեկուզ 50 դրամ:
«Մարդ պիտի տակից բախտ ունենա, ես շատ եմ տառապել, ծնված օրվանից դառնություն եմ տեսել, գաղթական լինելը քիչ էր, հաշմանդամ դարձա, հիմա էլ ահ ու դողի մեջ եմ ապրելու, սրանք թուրքից ինչով են տարբերվում, էսքան անտարբեր մարդկային ցավի հանդեպ»,-նեղսրտում է տիկին Նորան: