Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, զրպարտության դեպքի առթիվ

Նոյեմբեր 02,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, ինչպես նաեւ դատավորին, դատախազին, քննիչին եւ հետաքննություն կատարող անձին առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրանքներով զուգորդված զրպարտության դեպքի առթիվ:
Գործի վարույթն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
«Հետք» շաբաթաթերթի՝ սեպտեմբերի 13-ի թիվ 31-ում հղում կատարելով նախկին դատապարտյալ, Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Մարիանի անունից ՀՀ նախագահին, արդարադատության նախարարությանը, դատախազությանը եւ ԱԱԾ-ին հասցեագրված «բաց նամակին», տպագրվել էր հոդված, թե  Հայաստանում իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու համար նախկին դատապարտյալը դատաիրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների տվել է կաշառք:
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով «Հետք» շաբաթաթերթում տպագրված նշված հոդվածն ուղարկվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ստուգելու:
Հոդվածում մատնանշված հանգամանքները ստուգելու առնչությամբ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում, նույն քրեական գործի շրջանակներում, 12 տարվա ազատազրկման դատապարտված Կոնստանտին Ստենգաչուն, որպես հիշյալ «բաց նամակի օրինակ», քննությանն է տրամադրել դեռեւս 2010թ. օգոստոսի 23-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ստացված, Օլիվերի անվամբ ուղարկված անստորագիր տպագիր նամակ, մինչդեռ ՀՀ դատախազությունում եւ ԱԱԾ-ում վերջինիս կողմից գրված նմանատիպ բովանդակությամբ նամակ չի ստացվել:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ուղեկցական գրությամբ 29.09.2010թ. ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել Կոնստանտին Ստենգաչուի անունից 23.09.2010թ. գրված հայերեն ձեռագիր վճռաբեկ բողոք, որում վերջինս որպես նոր երեւան եկած հանգամանք է հիշատակել  23.08.2010թ. Օլիվեր Մարիանի անունից ստացված հիշյալ անստորագիր «բաց նամակը» եւ խնդրել  ամբողջությամբ բեկանել իր վերաբերյալ դատավճիռը եւ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանին հասցեագրված Կոնստանտին Ստենգաչուի նմանատիպ վճռաբեկ բողոքին կցվել է հիշյալ նույն անստորագիր տպագիր կեղծ նամակը, որի օգտագործմամբ Օլիվեր Մարիանի անունից հանդես եկող անձն իրավապահ եւ դատական մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց հասցեին առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու  վերաբերյալ կեղծ մեղադրանքներ տարածելու եւ հրապարակելու՝ նրանց զրպարտելու եղանակով փորձել է արժեզրկել քրեական գործով իրականացված քննությունը, ապա՝ օժանդակել Կոնստանտին Ստենգաչուին ապօրինի ճանապարհով դատավճռի բեկանմանը հասնելու հարցում:
Օլիվեր Մարիանի անունից ներկայացվող «բաց նամակը»՝ վերջինիս ստորագրությամբ, չի հայտնաբերվել: Անգամ վճռաբեկ բողոք ներկայացված փաթեթում կցված է եղել  նրա անունից ներկայացվող  նամակը՝ անստորագիր: Իսկ 2010թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում Մեծ Բրիտանիայից փոստով ստացվել է Օլիվեր Մարիանի ստորագրությամբ դիմում, որտեղ վերջինս հերքել է իր կողմից ՀՀ նախագահին ուղղված «բաց նամակով» հանդես գալու  հանգամանքը: Օ. Մարիանը  տեղեկացրել է, որ իր անունից ներկայացվող «բաց նամակի» բովանդակությանը ծանոթացել է «Հետքի» կայքում զետեղված համապատասխան հոդվածների միջոցով, ինչը հերյուրանք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել