Երեկ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախատեսում է կազմակերպել քննարկում՝ նվիրված քրեակատարողական հիմնարկների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների ծառայությանը: Նա խորհուրդ տվեց հարցեր տալ միայն երեկ քննարկվելիք վարչարարության ոլորտում սպասվելիք փոփոխությունների եւ վերաքննիչ վարչական դատարան ստեղծելու հարցերի շուրջ:
Նախարարը տեղեկացրեց, որ ձեւավորվելու է միասնական էլեկտրոնային համակարգ՝ պետական գրանցում իրականացնելու համար: Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք այլեւս չեն փորձի շփվել պաշտոնատար անձանց հետ, չեն տրամադրի տարատեսակ տեղեկանքներ ու փաստաթղթեր: Նրանք կդիմեն պետռեգիստրին, որն էլ հաշվառման կկանգնեցնի նրանց: Պետռեգիստրի կազմը կտեղավորվի այլ հարկաբաժնում, օպերատորները՝ այլ: Նախարարի տեղեկացմամբ, էլեկտրոնային հաշվառման հարցով իրենք ուսումնասիրելու են վրաց գործընկերների փորձը: Ի դեպ, նախկինում հաշվառման կանգնած անհատ ձեռներեցները չեն վերահաշվառվի:
«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է պաշտպանվելու տեղեկատվությունը, արդյոք այն չի՞ դիտվի անձնական գաղտնիքի մեջ մտնելու փորձ, էլեկտրոնային համակարգ մուտք չե՞ն գործի էլեկտրոնային ավազակները, նախարարը պատասխանեց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունն այս ոլորտում հուշում է, որ համակարգում տեղ է գտնելու այնպիսի տեղեկատվություն, որն առեւտրային եւ այլ գաղտնիքներ չի ներառում:
Նա նաեւ հավելեց, որ կայքէջերը վնասելու դեպքերը մեզանում նվազել են, եւ որ հարցը տեխնիկական բնույթ ունի:
Ինչ վերաբերում է վերաքննիչ վարչական դատարան ստեղծելուն, նախարարը նշեց, որ այն մասնագիտական դատարան է, եւ որ կսկսի գործել այս տարվա դեկտեմբերից: Առայժմ կլինի մեկ նախագահ եւ 6 դատավոր: Հաջորդ տարի, երբ կնվազեն վճռաբեկ դատարան դիմելու բողոքները, հնարավոր է քննության դրվի հաստիքների հարցը: