Ճանապարհային ոստիկանության պետը չի վախենում ոտքով քայլելուց եւ իր ավտոմեքենան արգելված վայրերում չի կայանում:
Շուտով մայրաքաղաքի եւս մի քանի փողոցներում կարգելվի մեքենաների կայանումը: Այս հանգամանքը մի շարք տնտեսվարողների համար խնդիրներ է առաջացնում: Սայաթ-Նովայի պողոտայում, Թումանյան եւ Տերյան փողոցներում գտնվող ընկերություններն ու խանութներն արդեն կանգնել են ֆինանսական խնդիրների առաջ, քանի որ իրենց հաճախորդներին չի թույլատրվում անգամ մի քանի րոպե կանգ առնել խանութների մուտքերի առջեւ՝ որեւիցե բան գնելու կամ պատվիրած ապրանքը վերցնելու համար: Դժգոհության պատճառը մայրաքաղաքի Ազատության հրապարակին հարակից ճանապարհների երթեւեկության կազմակերպման սխեմայի՝ այս տարվա մայիսի 25-ին կատարված փոփոխություններն են: Այդ որոշման համաձայն, նշված փողոցներում արգելվում է որեւէ տրանսպորտային միջոցի կանգառումը: Օպերայի տարածքում գտնվող շուրջ 2 տասնյակ ընկերությունների ղեկավարներ խնդրի առնչությամբ դեռ ամիսներ առաջ դիմել են Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ ընկերությունների մոտ մեքենաներին 3-5 րոպե կանգնելու թույլտվություն ստանալու ակնկալիքով, սակայն մինչ այսօր որեւէ արձագանք չի եղել: Նրանք քաղաքապետին ուղղված իրենց դիմումում հայտնել էին նաեւ, թե պատրաստ են աջակցել ճանապարհային ոստիկանությանը՝ մի քանի րոպե կանգ առած մեքենաներն ապօրինի կայանածներից տարբերակելու գործում: Ճանապարհային ոստիկանության ճանապարհային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը վերջին տարբերակն անհնար համարեց. «Տեսուչն ինչպե՞ս կարող է ճշտել՝ մեքենան 3-4 րոպե՞ է կանգնել, թե՞ 2-3 ժամ»: Նրա խոսքերով՝ քայլն ուղղված է երթեւեկությունը բարելավելուն եւ փողոցների թողունակությունը բարձրացնելուն. «Մեզ համար կարեւորը դա է, ոչ թե 1-2 օբյեկտը»: Ինչ վերաբերում է խանութների առաքիչների աշխատանքին, Ն. Սարգսյանը խորհուրդ տվեց նրանց աշխատել գիշերը ժամը 1-7-ը, երբ կանգառելը թույլատրվում է: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն էլ «Առավոտին» խնդրի առնչությամբ ասաց. «Ընկերությունները դժգոհելու իրավունք չունեն, որովհետեւ երթեւեկության կազմակերպումը բարդ է, մենք, օրինակ, անհատական մոտեցում ենք ցուցաբերում, երբ Օպերայի եւ բալետի թատրոն տեխնիկա են բերում: Բոլոր լրատվամիջոցները մի քանի տարի առաջ բողոքում էին, թե կաֆեների շահերն ենք պաշտպանում, հիմա հազարավորների համար կարող է լավ լինել, մի քանիսի համար՝ վատ: Չեմ ասում, որ անարդարացի են բողոքում, բայց այս պարագայում ՕԳԳ-ն ավելի մեծ է, եւ փաստն այն է, որ այդ տարածքում այժմ խցանումներ շատ չեն լինում»: Ճանապարհային ոստիկանության պետից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքը նշված փողոցների խանութներից որեւէ բան գնելու համար իր մեքենան կանգնեցնո՞ւմ է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Նա պատասխանեց. «Ես քայլելուց չեմ վախենում եւ աշխատում եմ հարմարվել օրենքներին»: Մ. Օհանյանը նաեւ հայտնեց, որ առաջիկայում դիմելու են քաղաքապետարան, որպեսզի կենտրոնի մի քանի փողոցների աջուձախ կողմերում եւս արգելվի մեքենաների կայանումը:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ նշված փողոցներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն առհասարակ եւ րոպեների մասին խոսք լինել չի կարող. «Որոշմամբ հաստատված երթեւեկության կազմակերպման նոր սխեմայի հիմքում ընկած է կենտրոնի տրանսպորտային բեռնաթափմանն ուղղված քաղաքաշինական ծրագրերի իրագործման ռազմավարությունը, որի շրջանակներում Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման նպատակն է եղել երթեւեկելի հատվածի վրա կանգառի ու կայանման արգելումը: Նշված բոլոր գործոններն ապահովվել են, իսկ այդ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, ու մայրաքաղաքի կենտրոնական այլ ծանրաբեռնված վայրերում նույնպես կառուցվելու են ստորգետնյա ավտոկայանատեղիներ»: Հարցին՝ ընկերությունների դժգոհությունների հետ կապված հնարավո՞ր է առաջիկայում որեւէ փոփոխություն լինի, տրանսպորտի վարչությունից պատասխանեցին. «Ո՛չ, ընդհանուր՝ համաքաղաքային շահերը չեն կարող ստորադասվել մի քանի կազմակերպությունների նեղ ֆինանսական շահերին, իսկ խանութներից ու ծառայություններից կարելի է օգտվել ընդամենը մի քանի մետր ավելի ոտքով քայլելու միջոցով, ինչը ընդունված եւ տարածված երեւույթ է մանավանդ խոշոր քաղաքների ու դրանց կենտրոնական հատվածների համար»: