Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ՝ ՀԵՐՈՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

Նոյեմբեր 02,2010 00:00

Մոտ 20 տարի է անցել ղարաբաղյան հերոսամարտում կռված Սամվել Գեւորգյանի մահվանից ու միայն օրերս նրա անունը կրող թիվ 189 ավագ դպրոցի բակում բացվեց հերոսի կիսանդրին:
«Հուզված եմ, բայց նաեւ հպարտ, որ հերոսի այրի եմ ու լավ երեխաներ եմ դաստիարակել: Սամվելը հայրենիքը սիրող մարտիկ էր, նվիրված ամուսին, սիրող հայր եւ ընկերասեր անձնավորություն»,- իր հիշողությունները թարմացնելով՝ մեզ հետ զրույցում նշեց Ս. Գեւորգյանի այրին՝ Ռայա Գեւորգյանը: Նրա խոսքով, ամուսնու քաջագործությունները լավ օրինակ են երիտասարդների համար. «Տա Աստված, մեր հայրենիքում այդպիսի զավակներ շատ լինեն, յուրաքանչյուրս ենք պարտավոր վտանգի պահին մեր հայրենիքի համար պայքարել»: Դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանն էլ ասաց, որ արդեն 15 տարի է, ինչ դպրոցը հերոսի անունով է անվանակոչվել ու այն պարտավորեցնող է աշակերտների համար. «Սամվելը հայ ֆիդայու կերպար էր, ու ռազմահայրենասիրական դաստիարակության համար անփոխարինելի օրինակ»: Կիսանդրու բացման արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
«Այսօրը մի քանի խորհուրդ ունի, առաջինը՝ հիշատակի օր, որովհետեւ Սամվել Գեւորգյանն այն անհատներից է, որ առաջինը իր մարտական ընկերների հետ նետվեց պայքարի, երբ Արցախի մի հատվածը վտանգի տակ էր: Նա անձնազոհ ու հմուտ հրամանատար էր, ով ընկերների հետ կարողացավ ապացուցել, որ հայ ժողովուրդը մարտնչող է ու միշտ պատրաստ իր հայրենիքի սահմանները պաշտպանել: Այսօր պետք է հիշենք բոլոր այն անհատներին, որոնց թափած արյան շնորհիվ է ապահովված հայ ժողովրդի խաղաղ ապրելակերպը»,- ասաց ՀՀ ՊՆ նախարարը:
ՀՀ մարտական խաչի 1-ին շքանշանակիր, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Սամվել Գեւորգյանը երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) կողմից հետմահու արժանացավ հուշամեդալի, իսկ մատաղ սերնդի դաստիարակության հարցում ներդրած ավանդի համար ԵԿՄ-ն պատվոգրեր տվեց Ս. Գեւորգյանի որդուն՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանին եւ հերոսի անունը կրող դպրոցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել