Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի PR-ը՝ FT-ում

Նոյեմբեր 02,2010 00:00

Օրերս բրիտանական հեղինակավոր «Financial Times» օրաթերթն անդրադարձել է մեր երկրին: Թերթի թղթակիցը, այցելելով Հայաստան, օտարալեզու ընթերցողին է ներկայացրել «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տեղակայված, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած այս փոքրիկ, բայց հարուստ պատմությամբ երկիր Հայաստանը»: Հոդվածում մանրամասն ներկայացված է վերջերս Հայաստանում վերաբացված Տաթեւի համալիրը, որը «մի ժամանակ ուսուցման հռչակավոր կենտրոն է եղել հազարավոր մարդկանց համար»: «Տաթեւի վանք հասնելու համար մենք մեկժամյա շրջապտույտ կատարեցինք լեռներով՝ նախ անցնելով Սատանայի կամուրջը եւ ապա նորից բարձրանալով դեպի Տաթեւ:- գրում է հեղինակը:- Ամսվա սկզբին աշխարհի ամենաերկար ճոպանուղին բացվեց այստեղ՝ կապելով Տաթեւը ներքեւում գտնվող Հալիձոր գյուղի հետ: Միաժամանակ 25 ուղեւոր տեղափոխելու հնարավորությամբ՝ ճոպանուղին 5,7կմ ճանապարհն անցնում է 23 մղոն արագությամբ: Ակնկալվում է, որ Տաթեւի բարձունքներ տարեկան կտեղափոխվի 20 000 այցելու, ճանապարհի տեւողությունը հասցնելով 11 րոպեի»:
Մոտ 13 մլն եվրո արժողությամբ նախագիծն իրականացրել է ավստրո-շվեյցարական ընկերությունը, ինչը միայն առաջին փուլն է 36 մլն եվրո ընդհանուր արժեքով ծրագրի, որի նպատակն է տուրիստական հարմարություններ ապահովել վանքի եւ շրջակա կիրճի շրջանում: «Սա խորհրդանշական մի գործընթաց է ամբողջ Հայաստանով մեկ՝ բարելավվում են ավտոճանապարհները, հյուրանոցները եւ տուրիստական այլ հարմարությունները՝ օգնելով բացել երկիրը այցելուների համար»,- նկատում է հոդվածագիրը եւ վերհիշում իր առաջին այցելությունը Հայաստան. «Առաջին անգամ ես Հայաստան այցելեցի 1990-ականներին, դա երկրաշարժից եւ երկրի անկախացումից հետո առաջին տարիներն էին, Ադրբեջանի հետ պատերազմը քայքայել էր երկրի տնտեսությունը: Մայրաքաղաքի եւ Հայաստանի ծայրամասերի միջեւ կապը գրեթե չէր գործում: Այնուամենայնիվ, այսօր Հայաստանում տնտեսության զարթոնքն ու ակտիվ ճանապարհաշինությունը խթանում են այս երկրում զբոսաշրջության զարգացումը: Բազմաթիվ օտար ընկերություններ ներդրումներ են անում Հայաստանի բուժիչ բնությամբ հարուստ տեղանքներում առողջարաններ եւ հյուրանոցներ կառուցելու համար»: Հայաստանի բնության տեսարժան վայրերից թերթը մասնավորապես առանձնացրել է Ջերմուկը, Դիլիջանը, Սեւանա լճի մերձակայքը եւ Լոռին: Մանրամասն ներկայացնելով Հայաստանի պատմությունը եւ մշակույթը՝ սկսած 301թ. քրիստոնեության ընդունումից եւ «36 ռազմիկ տառերի» գյուտից մինչեւ պարսկական, արաբական, թուրքական ասպատակությունները եւ 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը՝ «Financial Times»-ը եզրափակում է. «Հայերի ազգային ինքնության պաշտպանության հիմնասյուները կրոնն ու լեզուն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել