Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ

Նոյեմբեր 02,2010 00:00

Վարչական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 100-ից ավելի համակիրների հայցը Հայաստանի նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների՝ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության դեմ:
2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններում տուժած այս քաղաքացիները դատարանից պահանջել էին ճանաչել Հայաստանի նախագահի ինստիտուտի գլխավորությամբ մարտի 1-2-ի հանրահավաքները բռնությամբ դադարեցնելու եւ դրանք սպանություններով զուգորդելու հետեւանքով իրենց կյանքի, անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների խախտման փաստը:
Վարչական դատարանը, ինչպես եւ ակնկալվում էր, մերժել է հայցը վարույթ ընդունել եւ դա պատճառաբանել է նրանով, որ հայցվոր քաղաքացիները կարող էին ավելի վաղ՝ դեպքերից անմիջապես հետո սահմանված ժամկետներում դիմել դատարան եւ վիճարկել այդ գործողությունների իրավաչափությունը: Երկրորդ հիմնավորումն այն է եղել, թե Վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի այն մասը, որն իր հայցադիմումում վկայակոչել է դիմող կողմը, այս դեպքում չի կարող կիրառելի լինել: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է փաստաբան Վահե Հովսեփյանը:
Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դատարանի հիմնավորումները որակել է որպես «ձեւական»՝ հավելելով. «Իշխանությունն իր մեջ ուժ չգտավ, համարձակություն չգտավ՝ պետական կառավարման այդ ուժային մարմինների գործողությունների իրավաչափությունը իրենց հսկողության տակ գտնվող Վարչական դատարանում հրապարակային քննության առնելու: Վախեցան վարույթ ընդունել, որովհետեւ խնդրի քննարկումը իրենց համար մահացու վտանգ է ներկայացնում»:
Ընդդիմությունը, որն առանց այդ էլ որեւէ հույս չէր կապում հայաստանյան դատական ատյանների հետ, ստիպված է դիմել վերադաս ատյաններին՝ նույն գանգատով ՄԻ Եվրադատարան դիմելու համար: Հենց այդ նպատակով 100-ից ավելի քաղաքացիների հայցը վարույթ չընդունելու՝ Վարչական դատարանի որոշումը մինչեւ չորեքշաբթի ընդդիմությունը բողոքարկելու է նաեւ Վերաքննիչ ատյանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել