Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խալաֆյանին սպանել է օպերլիազոր ոստիկանը

Նոյեմբեր 02,2010 00:00

Այսպիսի պնդում է արել Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է վեց ամիս առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնում, ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան, իսկ նրա հարազատների եւ իրավահաջորդի ներկայացուցչի պնդմամբ՝ սպանված, 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Դատական երեկվա նիստում վիճաբանության փուլում հանդես է եկել Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը եւ իր մոտ 40 էջանոց ելույթում մասնավորապես նաեւ հայտարարել, թե Խալաֆյանին սպանել է գործով ամբաստանյալ, ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակից Մորիս Հայրապետյանը: Արտակ Զեյնալյանի համոզմամբ, ոստիկանության բաժնում Խալաֆյանին խոշտանգելով սպանել են, հետո դա թաքցնելու համար արձակել են նրա վերնաշապիկը, մերկացրել որովայնն ու դանակով այնպիսի հարվածներ հասցրել նրան, որպեսզի ինքնասպանության պատրանք ստեղծվի: Իբրեւ իր առաջ քաշած վարկածի հիմնավորում՝ Ա. Զեյնալյանը վկայակոչել է Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի այն ցուցմունքը, թե նա Մ. Հայրապետյանի ձեռքին դանակ է տեսել, նաեւ այն, որ դանակի վրա որեւէ մատնահետք չի հայտնաբերվել: Ա. Զեյնալյանի համոզմամբ, ոստիկանությունում ուղղակի մաքրել են Հայրապետյանի մատնահետքերը՝ սպանության փաստը կոծկելու համար: Նա միջնորդել է մեղադրանքը վերաորակավորել որպես սպանություն եւ համապատասխան մեղադրանք առաջադրել Մ. Հայրապետյանին:
Հիշեցնենք, որ այդ գործով անցնում են չորս ոստիկաններ, որոնցից երկուսը՝ երկու օպերլիազորները կալանքի տակ չեն առնվել եւ հերքել են Աշոտ Հարությունյանի վերը տված ցուցմունքը:
Մեղադրող կողմը դատարանին միջնորդել է Աշոտ Հարությունյանին, որպես գլխավոր մեղադրյալի, դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ Մորիս Հայրապետյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման: Վերջինս այս գործով առաջին կալանավորված անձն է, որն իրեն այս գործով մեղավոր է ճանաչել եւ ավելի ուշ կալանքից ազատ է արձակվել՝ օգնելով նախաքննական մարմնին մեղադրանքը կազմելիս:
Դիտորդների ու նաեւ Աշոտ Հարությունյանի համոզմամբ, սակայն, Մորիս Հայրապետյանին նախաքննական մարմինն ազատ է արձակել, հիմա էլ մեղադրողը նրա համար պայմանական ազատազրկում է պահանջում բացառապես այն պատճառով, որ նա օգնում է նախաքննական մարմնին կոծկելու սպանության գործն ու Խալաֆյանի «ինքնասպանության» հիմնական բեռը դնում է նախաքննական մարմնի հետ գործարքի չգնացած Աշոտ Հարությունյանի վրա:
Դատական հաջորդ նիստում, որը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին, ճառով հանդես կգան պաշտպանական կողմի փաստաբանները, մեղադրյալները կասեն վերջին խոսքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել