Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՊԱԿԱԶՈՒԽԱ» ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 02,2010 00:00

Հայաստանցիների առօրյա կենցաղային հոգսերի ու կարիքների համար փող չունեցող պետությունն ու համայնքները տոներ են կազմակերպում:

Նորանկախ Հայաստանի երկրորդ տասնամյակի ձեռքբերումներից մեկն էլ եղավ այն, որ քաղաքապետերն իրենց քաղաքի տոնը նշելու չհայտարարված, բայց ակնհայտ ու «աչք ծակող» մրցավազք սկսեցին: Խորհրդային տարիներին «քաղաքի օրը» նշվում էր, սակայն ավելի համեստ՝ քաղաքային մակարդակով: Իսկ այժմ յուրաքանչյուր քաղաքապետ փորձում է ցուցադրել, որ կարող է իր նախորդից ճոխ նշել այդ տոնը: Իսկ որ յուրաքանչյուր քաղաքապետ իր նախորդի թողած խնդիրներին էլ ինչ խնդիրներ է գումարել՝ քաղաքապետերն այդ մասին խոսել չեն սիրում կամ էլ խոսում են՝ «ես միակն եմ ու անկրկնելին» տեսանկյունից: Հետճգնաժամային Հայաստանում յուրահատուկ ընդգծվեց քաղաքի օր նշելու եւ հանուն այդ մեկ օրվա կամ մի քանի ժամվա հազարավոր դոլարներ ծախսելու (լուսաձայնային էֆեկտներ, հրավառություն, դրսերից թանկարժեք «աստղեր» եւ այլն) քաղաքապետերի մղումը ու քաղաքների բնակչության ոչ նախանձելի գոյության հետ սուր հակադրություն կազմեց: Ընդ որում, այդ տոները, որպես կանոն, համընկեցնում են որեւէ համապետական նշանակության իրադարձության հետ, որին մասնակցում է նաեւ նախագահը:
Մասնավորեցնենք. վերջերս ճոխությամբ նշվեց Գորիսի օրը, իսկ մինչ այդ՝ այս գարնանը աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին հատուկ խնդրել էին՝ քայլեր ձեռնարկել գյուղերը ամայացումից փրկելու համար («Առավոտ», 22.04.2010, «Կանխել Սյունիքի գյուղերի ամայացումը»): Նույն հարցը բարձրացվել է նաեւ սեպտեմբերի 15-ին Տավուշի մարզում՝ Հանրային խորհրդի պատվիրակության առջեւ, որը մարզում էր գտնվում խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Տեղացիները տեղեկացրել-ահազանգել են, որ գյուղերը դատարկվում են՝ հարկ է մի բան անել («Առավոտ», 15.09.2010՝ «Լավ, բա վե՞րջը»):
Տեղական խնդիրների մասին ահազանգ է հնչել նաեւ Շիրակում՝ փետրվարի 9-ին, առաջին մարզխորհրդի նիստում, որը նախագահել է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Մարզխորհրդի նիստում Գյումրու քաղաքապետի եւ փոխվարչապետի երկխոսությունը լավագույնս ներկայացնում է քաղաքի խնդիրները («Առավոտ», 09.02.2010). «Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ Շիրակում, այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը նախագահեց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը շաբաթ օրը կարծես թե հատուկ եկել էր համայնքի ղեկավարներին ու մարզպետարանի չինովնիկներին նախազգուշացնելու, որ պետությանն իրենց հոգսերով չզզվացնեն. եթե պրոբլեմ ունեն՝ թող ինքնուրույն լուծեն, քանի որ պետական բյուջեն այլեւս չի բավարարում: Պարոն Գեւորգյանը շատ ավելի կոպիտ արձագանքեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը հարցրեց, թե ի՞նչ է լինելու Գյումրիի կաթկթող հարթ կտուրավոր շենքերի ու երկրորդական փողոցների վիճակը, որոնք երկրաշարժից հետո անանցանելի են դարձել: Քաղաքապետը պարզապես հիշեցրեց, որ Գյումրին եւս քաղաք է, եւ գյումրեցիները եւս իրավունք ունեն նորմալ պայմաններում ապրելու: Ա. Գեւորգյանը սկզբում պարոն Ղուկասյանին համբերատարությամբ բացատրեց, որ պետական միջոցները սուղ են, եւ որ պետությունն ինչքան հնարավորություն ունի, այնքան էլ անում է, եւ ինքը լրացուցիչ գումարներ չունի տալու, այնուհետեւ հարցրեց. «Պարոն Ղուկասյան, այս տարի Գյումրին ավելի ինչքա՞ն դոտացիա է ստացել, 150 միլիո՞ն, դրանով առնվազն կարող եք գոնե մի քանի շենքի հարց լուծել, ձեզ քաղաքապետ են ընտրել, որ այդ հարցերը լուծեք, ժամանակն է, որ ձեր բնակչության հետ ավելի ազնիվ լինեք, դա պետության խնդիրը չէ, ձեր սեփական հավաքագրումները ավելացրեք, պայմանները լավացրեք, հողի հարկ, գույքահարկ, եւ դրանով լուծեք համայնքի խնդիրները»: Բայց երբ Վարդան Ղուկասյանը տեղեկացրեց, որ այդպիսի շենքերը շատ են, եւ ինքը 40-ի հարցերն արդեն լուծել է, սա հունից հանեց փոխվարչապետին: Նա խիստ մանկավարժի պես տեղից բացականչեց. «Չհասկացա, Վարդան, կարո՞ղ ա շոու է, վե՛րջ, ես եմ խոսում, դուք լսում եք»:
Երեւանի մասով էլ բավական է միայն արձանագրել, որ եթե փող չկա կենտրոնից հեռու (երբեմն նաեւ կենտրոնի) փողոցների եւ բակերի բարեկարգման համար, եթե պետությունը փող չունի արդարադատության նախարարության շենք կառուցելու կամ գոնե այրված շենքը քանդելու եւ քաղաքի կենտրոնում, կառավարության «քթի տակի» տարածքը բարեկարգելու համար, եթե Երեւանի փողոցային շների դեմ պայքարի փող չկա, եթե ամեն անգամվա նման այս ձմռանն էլ Երեւանի փողոցները չեն մաքրվելու, եթե երեւանցիների առօրյան առավել տանելի ու խաղաղ չէ, ապա հասկանալի չէ, թե ում համար է տոնը:
Սրանք մի քանի օրինակներ են միայն, խնդիրներն իրականում տասնապատիկ անգամ ավելի են, եւ եթե պետական ու համայնքային բյուջեներում արդեն տարիներ շարունակ գումարներ չեն գտնվում այդ խնդիրներին գոնե մաս-մաս լուծում տալու համար, ապա առնվազն անհասկանալի է, թե որտեղից են հսկայական գումարներ տրամադրվում՝ տարվա մեջ մեկ օր մի քանի ժամով ժողովրդի աչքին թոզ փչելու համար: Այն համայնքապետերին էլ, ովքեր կնեղսրտեն, թե իրենց գրպանից են գումարներ ծախսել՝ հանուն ժողովրդի, ապա հարց եմ տալիս՝ իսկ ժողովրդին հարցրե՞լ եք: Մարդիկ ի՞նչն են նախընտրում՝ մաքուր ու կանաչ բակ ունենա՞լը, շների բաժին դառնալու վտանգի բացառո՞ւմը, հանգիստ առօրյա՞ն, թե՞ «պակազուխա» տոները, որ փողոցում են մնում եւ քաղաքի բնակիչների տուն եւ սրտեր չեն մտնում: Տեսնող է եղել, թե Երեւանի տոնի ժամանակ ինչպես է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի Ջիփը ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ մտել մարդկանցով լի ու փակ Մաշտոցի պողոտա, ինչ է թե՝ գեներալը չի կամեցել օպերայից հանրապետության հրապարակ ոտքով գնալ: Ո՞ւմ է պետք տոնը, երբ գեներալների ու պաշտոնյաների դեմ ինչպես ոչ տոնական օրերին՝ խաղ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել