Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվ էլի՝ «օկուպացված տարածքներ»

Նոյեմբեր 02,2010 00:00

\"\"ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը փորձելու է հանել այդ ձեւակերպումը ԼՂ վերաբերյալ բանաձեւի նախագծից:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանից «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչպես է բացատրում այն, որ թեեւ հուլիսի 30-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել էր ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Ջոն Թաներին` խնդրելով զերծ մնալ Ղարաբաղի հարցը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քննարկելուց՝ մասնավորապես նշելով, թե՝ «Մեր համոզմամբ, նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը, առանձնահատկությունները եւ զգայուն բնույթը, Մինսկի խմբի ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները, նույնիսկ բարի մտադրությամբ, բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն», այնուամենայնիվ՝ ՆԱՏՕ-ի ԽՎ նոյեմբերի 12-16-ի լիագումար նիստում քվեարկության է դրվելու «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ» բանաձեւի նախագիծ, որում Վեհաժողովը նաեւ նշում է «ԼՂ հարակից 7 շրջանների օկուպացիան պատճառել է նշանակալի տառապանքներ տարածաշրջանի ժողովրդին»: Կարեն Ավագյանն ի պատասխան հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակի այդ նամակին եղել է պատասխան նամակ. «ՆԱՏՕ-ի ԽՎ ղեկավարը ներկայացրել էր այն մոտեցումները, թե ինչպիսին են լինելու այդ քննարկումները, եւ հղումներ էր արել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: Եվ եթե դիտարկեք բանաձեւի նախագիծը՝ դրանում իրականում գերազանցապես հղումներ են համանախագահողների, կարելի է ասել, փորձագիտական պատասխաններին: Ինչ վերաբերում է «օկուպացված տարածք» ձեւակերպմանը՝ հայկական կողմն այդ բնորոշմանը կողմ չէ, եւ մեր պատվիրակությունն ամեն ինչ անելու է (հիմա առաջարկներ ենք մշակում), որպեսզի այդ կետում վերանայվի տվյալ արտահայտությունը: Բացի դրանից՝ մենք մի քանի առաջարկներ էլ ունենք, որոնք անպայման կներկայացնենք: Մենք պատրաստ ենք ցանկացա՛ծ քննարկման, քանի որ կարող ենք շատ հստակ ներկայացնել մեր մոտեցումներն ու դիրքորոշումները»:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը բանաձեւի այս նախագիծը դիտարկել էր իբրեւ դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից «ճնշում՝ հակամարտող կողմերի նկատմամբ»: Սակայն Կարեն Ավագյանը վերապահությամբ վերաբերվեց այս գնահատականին. «Չգիտեմ՝ ինչի հետ է կապում պրն Սաֆարյանն այդ ճնշումը, որտեղ է գտնում այդ կապը: Բայց ամեն դեպքում՝ ուզում եմ հիշեցնել, որ բանաձեւը կիրառման համար պարտադիր նշանակություն չի ունենալու, այն ընդամենը խորհրդատվական է՝ ոչ ավելին: Ստեփան Սաֆարյանը հնչեցրել էր, որ եթե խորհրդատվական է՝ բա էլ ինչո՞ւ ենք առաջարկություններ անում: Դրան էլ պատասխանեմ՝ ուզում ենք, որ բանաձեւը լինի ամբողջական, եւ ներկայացված լինեն նաեւ հայկական կողմերի առաջարկությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել