Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակիրները դիմավորեցին օրերս ազատ արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանին:
Հոկտեմբերի 29-ին ազատ արձակվեց 2008թ. «մարտիմեկյան» իրադարձություններից հետո ազատազրկված մի քանի տասնյակ քաղբանտարկյալներից եւս մեկը՝ ՀՀՇ-ի Լոռիի մարզային կառույցի ղեկավար, 2008թ. ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ենթաշտաբի ղեկավար Աշոտ Մանուկյանը: Նա մարտյան դեպքերից երկու օր անց ձերբակալվել եւ 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իբր, բռնություն գործադրելու մեղադրանքով: Հիշեցնենք, որ նրա կողմից, իբր, բռնության ենթարկված ոստիկանն այդպես էլ ի հայտ չէր բերվել, չկար: Նա պատիժը կրեց 2 տարի 8 ամիս եւ վաղաժամկետ ազատ արձակվեց Միջգերատեսչական հանձնաժողովի միջնորդությամբ՝ կալանավայրում լավ վարք ցուցաբերելու հիմնավորմամբ: Ինքը՝ Ա. Մանուկյանը, համարում է, որ ինչպես իր եւ մյուս քաղբանտարկյալների ազատազրկումը, այնպես էլ վաղաժամկետ ազատ արձակումը բացառապես քաղաքական որոշման արդյունք են: Երեկ նա եկել էր Երեւան՝ Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակում ամենօրյա «քաղաքական զբոսանքի» մասնակիցների հետ հանդիպելու: Ինչպես մյուս բոլոր նախկին քաղբանտարկյալների դեպքում, այս անգամ էլ ընդդիմության համակիրները Աշոտ Մանուկյանին ջերմ ծափողջույններով եւ նրա անունը վանկարկելով դիմավորեցին:
Երեկվա «զբոսանքը» աշխույժ ստացվեց, որովհետեւ ոչ միայն զբոսնողների բազմությունն էր մեծ, այլեւ մի քանի կարճ ելույթներ եղան: Նախ՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ազատ արձակված քաղբանտարկյալին ուղղված ողջույնի խոսքում արձանագրեց, որ Աշոտ Մանուկյանն առաջինն է, որը նախորդ տարի հայտարարված համաներումից հետո ազատ է արձակվել: «Վստահեցնում եմ ձեզ, որ սա մեր համատեղ պայքարի, համառ ու անկոտրում կամքի, մեր միջազգային գործընկերների ճնշման, ԵԽԽՎ բանաձեւերի արդյունքն է: Բայց մեր պայքարը որոշիչ դեր է ունեցել այդ ամենի մեջ»,- ասաց Ա. Մանուկյանը՝ կոչ անելով հավաքվածներին շարունակել պայքարն այնքան, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանին խոսելու հնարավորություն տալուց առաջ ՀՀՇ վարչության նախագահը շատ ջերմ բառերով ներկայացրեց նրան. «Նա մեր երկրի հիմնադիր անդամներից մեկն է: Նա ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից մեկն է, համեստ ու հերոս տղա: Աշոտ Մանուկյանը Լոռու մարզում ազատագրական շարժման բոլոր խնդիրների կազմակերպման հիմնական ղեկավարն էր: Նա բարձր մտավորական է, հզոր հայրենասեր: Աշոտը հասցրել է իր հայրենասիրության համար երկու անգամ նստել»: Ա. Մանուկյանի մատուցմամբ, Աշոտ Մանուկյանն առաջին անգամ ազատազրկվել է Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ՝ «այն զենքի համար, այն օգնությունների համար, որով Լոռու մարզը աջակցում էր Ղարաբաղին: Աշոտը նստեց երկար ամիսներ ԿԳԲ-ում եւ ազատ արձակվեց: Այս անգամ էլի՛ այդ նույն մարդիկ…»:
Աշոտ Մանուկյանը դժվարացավ խոսել: Նա նկատելիորեն հուզված էր: «Շնորհակալ եմ ձեզնից, իմ սիրելի, հզոր բարեկամներ, իմ պայծառ ժողովուրդ: Ես ձեր մի փոքր մասնիկը լինելով՝ առանց ձեզ ոչ մի գրոշի արժեք չէի ունենա: Այն, ինչ եղել է, ինչ արել եմ ես, ձեզնից յուրաքանչյուրը կաներ»,- ասաց Ա. Մանուկյանը: Նա պատմեց, որ բանտում իրեն երբեմն հարցրել են, թե ինչու է ինքը Լեւոնի համար իրեն տառապանքների ենթարկում: «Իմ պատասխանն այս էր. նախ, ես միշտ էլ կարծել եմ, որ մեր պայքարը Լեւոնի համար չի: Սա հայ ժողովրդի փրկության պայքարն է, եւ եթե անգամ համարվում է, որ մենք աջակցում ենք Լեւոնին, զրկանքներ ենք կրում հանուն նրա, ապա դրա մեջ էլ մեծ պլյուս կա: Լեւոնի աջակցության համար հարյուրից ավելի մարդ առանց աչքը ճպպացնելու պատրաստ էր հինգ ու տասնհինգ տարի էլ նստել եւ ոչ մի, կներեք, ղազագիր չստորագրել: Վաղն էդ ուղտը նրանց (իշխանությունների) դռանն էլ է չոքելու: Տեսնենք՝ Սերժի համար քանի՞ հոգի պատրաստ կլինի նստել եւ ղազագիր չստորագրել»,- հռետորական հարցադրում արեց այլեւս նախկին քաղբանտարկյալը: Նա նաեւ հորդորեց դեռեւս անազատության մեջ գտնվող իր զինակից-ընկերներին մի քիչ էլ սպասել՝ վստահեցնելով, թե նրանք էլ են շուտով ազատության մեջ լինելու եւ միանալու ընդդիմության պայքարին, որը, Ա. Մանուկյանի համոզմամբ, է՛լ ավելի հզոր է լինելու: «Պայքար, պայքար մինչեւ վերջ: Ձեր ցավը տանեմ»,- իր կարճ ելույթն այսպես ոգեւորված ավարտեց նախկին քաղբանտարկյալը:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը նկատեց, թե ո՛չ Ա. Մանուկյանի, ո՛չ էլ մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը ամենեւին էլ պատահական չէր, որ նրանց նկատմամբ արդարադատություն չէ, որ իրականացվել է: Զուրաբյանի համոզմամբ, նրանց բոլորի նկատմամբ գործել են վախկոտ մարդկանց հաշվարկները: «Իշխանություններն ընտրել են նրանց, ումից վախեցել են՝ քաջ տեղյակ լինելով, որ նրանք կազմակերպչական ունակություններ ունեն, առաքինի են, որ այդ մարդիկ իրենց ներկայությամբ անգամ մարդկանց ոգեւորում են: Եվ ահա այսպիսի ազնվագույն մարդկանց նետել են բանտերը այն ողորմելի հաշվարկով, որ դրանով մեր շարժումը կավարտվի: Ավարտվե՞ց: Իշխանություններն ամեն ինչ անում են համաժողովրդական շարժման ճնշման ներքո: ԵԽ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն ոչ մի նշանակություն չունեն: Նրանք էլ բոլորը քայլեր են անում մեր շարժման ճնշման տակ: Դա լավ հասկացեք: Ոչ մեկին չէին թողնելու, եթե չլիներ ձեր համառ պայքարը: Եվ ուրեմն պետք է շարունակել պայքարել մինչեւ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, նաեւ Ազատության հրապարակն ազատագրվի, ու «Ա1+»-ը եթեր վերադառնա: Իսկ հետո տոնենք մեր հաղթանակը, որի միակ նպատակը Հայաստանում ժողովրդավարության հաստատումն է»: