Ռուս լրագրողների տպավորությունները
«Հայաստանում խելոք, հետաքրքիր լրագրողներ կան, բայց հայկական ԶԼՄ-ներից դեռ խորհրդային հոտ է փչում: Այնպիսի տպավորություն կա, որ այս տարիների ընթացքում ձեր թերթերը չեն փոխվել, տպավորությունս այն է, որ դեռ 65 թվականի մակետներով են տպագրվում: Խելոք լրագրողներն էլ թերանում են նյութն ավելի հետաքրքիր ու պարզ մատուցելու հարցում: Աշխարհը շատ առաջ է գնացել, բայց հայկական ԶԼՄ-ները կարծես թե լուրջ փոփոխություններ չեն գրանցել»,- երեկ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը, ով Հայաստան է այցելել ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների ու հրատարակիչների 4-րդ համաժողովի շրջանակներում: Նրա համոզմամբ, ժուռնալիստիկան այն օղակն է, որը հայ հասարակությունը ավելի մտածող ու ազատամիտ պետք է դարձնի, մինչդեռ այս հարցում էլ էական առաջընթաց չի նկատել. «Աշխարհի համար Հայաստանը պետք է բաց լինի, ներկայանալի, բայց տեսնում եմ, որ ներքին շատ խնդիրներ դեռ կան: Խոսում ենք Առնո Բաբաջանյանից, Խորենացուց, բայց փողոցում արեւածաղիկը իրար վրա ենք գցում, խոսում ենք Թումանյանից ու Սպենդիարյանից, բայց այս հանճարների արձանները ծածկում ենք մանկական խաղալիքներով, դարերից եկած կուլտուրան ուր մնաց… ներքին կուլտուրայի պակաս կա Հայաստանում»: Քանի որ հանդիպումն ըստ էության «վարպետության դաս» ձեւաչափով էր, համալսարանականների հետ զրույցի եկած «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Վ. Աբրամովն էլ ուսանողներին ներկայացրեց ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների նմանությունները: Նրա կարծիքով, ԶԼՄ-ների թերությունն այն է, որ բուն լրատվական գործառույթը ամբողջությամբ չեն իրականացնում. «Թերթի սեփականատիրոջ համար կարեւոր է, որ թերթը լավ վաճառվի, այդ է պատճառը, որ թերթերի էջերը, ինտերնետային կայքերը լեցուն են գովազդներով: Ախր թերթը լրատվամիջոց է, ոչ թե գովազդային գործակալություն»:
Պարոն Աբրամովի համոզմամբ, լրագրությունը ազատ հրապարակումն է ու խնդրի նկատմամբ ինչքան հետաքրքիր մտածողություն ու աշխարհայացք ունի լրագրողը, այնքան ավելի հաջողված կստացվի նրա հոդվածը. «Բայց նախ եւ առաջ շատ կարեւոր է՝ լրատվությունը օբյեկտիվ ու ճշգրիտ ներկայացնել, ինչը երբեմն ժամանակի պատճառով հակառակ պատկերով է ներկայանում»:
Իսկ «Դատեք ինքներդ Մաքսիմ Շեւչենկոյի հետ» հայտնի հաղորդման հեղինակ Մաքսիմ Շեւչենկոյին էլ զարմացրել է, որ մամուլում սակավաթիվ են քաղաքական թեմայով վերլուծական հրապարակումները: Նրա կարծիքով, օրինակ, հայ-ադրբեջանական հարաբերություններին լրատվամիջոցներն անդրադառնում են, երբ երկու երկրների նախագահներն են հանդիպում, մինչդեռ արտասահմանյան մամուլում կարեւորագույն թեմաներն ավելի ընդգրկուն են ներկայացված: Նա կարեւորեց հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ նշելով, որ դրա դադարեցումը կնշանակի մշակութային ողբերգություն: ԵՊՀ ուսանողուհի Աննա Հարությունյանն էլ ռուս լրագրողներից հետաքրքրվեց՝ ինչպես պարզել ինֆորմացիայի ճշտությունը, երբ մի աղբյուր ունես ընդամենը: Ի պատասխան՝ պարոն Աբրամովը խորհուրդ տվեց. «Մի բավարարվիր մեկ աղբյուրի տրամադրած ինֆորմացիայով, շարունակիր զանգել, ճշտել…»: