«Եղիշե Չարենցը եւ նրա ժամանակը» թեմայով միջազգային գիտաժողովը երեկ համախմբել էր օտարերկրյա, սփյուռքահայ ու հայ չարենցագետներին: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Վան Լինտը Չարենցի տասնյակ գործեր է թարգմանել հոլանդերեն. «Ընդհանրապես հայ միջնադարյան գրականությունն եմ ուսումնասիրում ու շատ հետաքրքրված եմ այդ ժամանակաշրջանի ստեղծագործություններով, իսկ Չարենցի ստեղծագործության մասին պետք չէ երկար խոսել, կարող եմ ասել, որ նա առանձնահատուկ գրելաոճ ունի ու հենց դրանով է առանձնանում: Ընդհանրապես փորձում եմ աշխարհին նայել հայ գրականության ու ստեղծագործողների դիտանկյունից»:
Գրականագետ Ազատ Եղիազարյանն էլ ասաց, որ վերջին տասնամյակում հայ երիտասարդությունն իր ուշադրությունը սեւեռում է «դրսի մշակույթի վրա». «Իսկ Չարենց հասկանալու համար հոգու լուրջ աշխատանք է պետք: Չարենցը մշտապես խստորեն քննադատում էր մեր անցյալը, ու հեշտ չէ հասկանալ, ընկալել, թե ինչու է մեր ամենահայրենասեր բանաստեղծներից մեկը դառնությամբ խոսում մեր պատմության մասին; Երբեմն ամենախիստ ժխտումները ծնվում են ամենախոր սիրուց, մակերեսային սերն այսպիսի բաներ չի ձեռնարկում»: Պրն Եղիազարյանի խոսքով. «Հիմա համաշխարհային զարգացման մեջ այնպիսի ճակատագրական փուլ է սկսվում, որ բոլոր սահմանները քանդվում են, ու մենք այնքան անպաշտպան ենք գլոբալիզացիայի առջեւ… պաշտպանվելու գլխավոր միջոցներից մեկը մեր ազգային ինքնությունը հասկանալն ու խորացնելն է, ինչն առանց Չարենցի չենք կարող անել»: Թեհրանցի գրականագետ Գրիգոր Գրիգորյանն էլ մտահոգված է՝ հայ ժողովուրդը, որ Չարենցի նման անհատներ է ծնել, ներկայումս հիմնականում պրիմիտիվ ու շաբլոն մտածողություն ունեցող հեղինակներ է ներկայացնում. «Ժամանակակից գրողների գրքերը գրադարակներում շատ քիչ կմնան ու կմոռացվեն, բայց Չարենցը չի մոռացվի: Չարենցի մեծությունը նկատելու համար բավական է կարդալ «Ես իմ անուշ Հայաստանին», որեւիցե գրականության մեջ նման հայրենասիրական գործ չկա…»: