Հունաստանի Պորտո Կարրաս քաղաքում ընթացող շախմատի 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնության ավարտին պայքարի լարվածությունը հասել է գագաթնակետին:
Այն բանից հետո, երբ 18 տարեկանների մրցավեճում հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը իններորդ տուրում միավորը բաժանեց շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ, իսկ նրան կրնկակոխ հետապնդող ամերիկացի Սթիվեն Զիերեկը մեկ միավոր վաստակեց, մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց: Նախավերջին տուրից առաջ Սամվելն ու Սթիվն իրենց անվան դիմաց գրանցել են 7,5-ական միավոր: Սակայն հայ շախմատիստը լրացուցիչ ցուցանիշներով շարունակում է մնալ առաջին տեղում:
Երեկ՝ 10-րդ տուրում Սամվելը սեւերով խաղում էր պերուացի միջազգային վարպետ Քրիստիան Կրուզի հետ, որը 6,5 միավորով ընթանում էր 7-րդ հորիզոնականում, իսկ Զիերեկն ուժերը չափում էր ՖԻԴԵ-ի վարպետ Անգել Արիբաս Լոպեզի (Իսպանիա) հետ:
Մրցանակային տեղի է հավակնում մեր 12-ամյա շախմատիստ Մանուել Պետրոսյանը: Նա 9-րդ տուրում միավորը բաժանեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ 7,0 միավորով պահպանեց տեղը չորրորդ հորիզոնականում: Նա կես միավոր պակաս էր վաստակել իր երեկվա մրցակից Յի Վեյից (Չինաստան), որն ամերիկացի Կայդեն Տրոֆի հետ 7,5-ական միավորով բաժանում էր 1-2-րդ տեղերը:
Նախորդ օրվա համեմատությամբ մրցաշարային աղյուսակում մեկ քայլ վեր բարձրացավ աղջիկների (14 տարեկաններ) պայքարի մասնակից Սուսաննա Գաբոյանը, որը սեւերով առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Սոֆիա Շմալհորստի նկատմամբ: Այժմ Սուսաննան 6,5 միավորով 9-րդն է: