Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ

Հոկտեմբեր 30,2010 00:00

Վեդիի երաժշտական դպրոցում օպերա է բեմադրվել

\"\"
Մանե Գրիգորյանը «Չարի վերջը» օպերայի փոքրիկ դերակատարների հետ:

Տարիներ շարունակ այն ավանդական տպավորությունն էր ձեւավորվել, թե մայրաքաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցները իրենց կրթական, մեթոդաբանական, գեղարվեստակատարողական որակներով պետք է գտնվեին բարձունքում՝ անջրպետ ձեւավորելով մարզային «կոլեգաների» միջեւ: Սակայն ապրում ենք պարադոքսների ժամանակներում…
Օրըստօրե զարգացման հեռանկարները կորցնող մայրաքաղաքային որոշ երաժշտական դպրոցների կողքին, պարզվում է, առանձին մարզերում ամեն ինչ արվում է ուսուցման, մեթոդական եղանակների բարելավման, ուսուցողական սկզբունքների կիրառման համար:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Մենք եւ մեր մարզը» համերգաշարի շրջանակներում օրերս բեմում էին Արարատի մարզի Վեդի, Արարատ, Արտաշատ եւ Մասիս քաղաքների երաժշտական դպրոցների սաները: Մեկը մյուսին հաջորդող շվիահարների, դուդուկահարների, ջութակահարների, դաշնակահարների, վոկալիստների եւ տարբեր անսամբլների ելույթների ավարտին հնչում էին հանդիսատեսի քաջալերող «բրավոները»: Անակնկալը համերգի վերջում էր. Վեդիի երաժշտական դպրոցի սաները ներկայացրին Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մանկական օպերայից մի հատված (բեմադրիչ՝ Սեդրակ Գրիգորյան), որի պրեմիերան տեղի էր ունեցել այս ամռանը՝ դպրոցում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ: «Առավոտը» զրույցի հրավիրեց Վեդիի երաժշտական դպրոցի տնօրեն Մանե Գրիգորյանին: Մեր զրուցակիցը նշեց, որ այս տարի լրանում է դպրոցի հիմնադրման 50-ամյակը: Հայտնեց, որ իր տնօրինության երեք տարիների ընթացքում փոքրիկ երաժիշտների թիվը 130-ից հասել է 196-ի: Դպրոցն ավարտած որոշ աշակերտներ իրենց ուսումը շարունակում են ուսումնարաններում, իսկ այս տարի իր դասարանի շրջանավարտ, ապագա երգչուհի Նաիրուհի Հովհաննիսյանը ընդունվել է Երեւանի կոնսերվատորիա:
Տիկին Գրիգորյանը հերքեց այն թյուր կարծիքը, թե մարզաբնակ փոքրիկ երաժիշտները ապրում են ոչ լիարժեք մշակութային կյանքով: «Մեր սաները մասնակցում են հանրապետական եւ մարզային տարբեր փառատոների ու մրցույթների: Օրինակ, 2009-ին ազգային նվագարանների ու ժողովրդական երգի հանրապետական 4-րդ մրցույթում, «Ժողովրդական երգեցողություն» անվանակարգում Գուրգեն Թովմասյանն արժանացավ դափնեկրի կոչման: Առնո Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթում էլ տպավորություն թողեցին դաշնակահարուհիներ Լուսինե Մուրադյանը, Մերի Մալխասյանը, մարզային մրցույթներին փայլել են մեր վոկալիստները՝ Գուրգեն Թովմասյանն ու Կարլեն Մանուկյանը»,- հայտնեց նա: Ասաց նաեւ, որ դպրոցում սիրով հյուրընկալվել են անվանի երաժիշտներ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, կոմպոզիտոր Էդվարդ Սադոյանը, երաժշտագետ Արմեն Բուդաղյանը, Օպերային թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը եւ այլք: Հավաստիացրեց, որ իրենց սաները հաճախ են լինում Երեւանի օպերային թատրոնում, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, մասնակցում «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» համերգաշարերին: Վերջինիս շրջանակներում օրերս «Չարի վերջը» կներկայացվի ամբողջությամբ:
Դիտարկմանը, թե այն տպավորությունն է, որ դպրոցը բացարձակ հոգս չունի, տնօրենն ասաց, որ մանկավարժական կոլեկտիվի առումով՝ ոչ, բայց շենքն ունի լուրջ վերանորոգման կարիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել