Նախկին ուսուցիչների մեղադրանքների առնչությամբ տնօրեն Սուսաննա Ազիզյանը դիմելու է դատախազություն
Շողիկ Բաղրամյանը թիվ 68 դպրոցում պարտադրված դրամահավաքությունը ապացուցելու համար բերել էր «պլյուսներով» ցուցակ, որտեղ գրված էին դպրոցի ուսուցիչների անունները:
Էրեբունի վարչական շրջանի թիվ 68 դպրոցում տիրող մթնոլորտի մասին պատմությունները դեռ շարունակվում են: Այս մասին «Առավոտն» արդեն հրապարակումներ ունեցել է (22.10.2010, 27.10.2010, 28.10.2010): Թիվ 68 դպրոցի մասին դժգոհություններ են ուղարկվել նաեւ ԿԳ նախարարության կրթության տեսչություն, եւ աշխատակիցներն արդեն ստուգումներ են սկսել: Նախօրեին մենք էլ էինք այցելել դպրոց: Կրթության տեսչության աշխատակիցներն «Առավոտին» հայտնեցին, որ հրապարկման համար առայժմ չեն կարող տեղեկատվություն տրամադրել, քանի որ ստուգումները դեռ ավարտված չեն: Դպրոցում էր ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ու Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչը: Տեսչության աշխատանքի մեջ էր մտնում նաեւ նույն դպրոցում սովորողների ծնողների հետ հանդիպել եւ նրանցից հետաքրքրվել՝ համապատասխանո՞ւմ է իրականությանը այն, որ դպրոցում պարտադրված դրամահավաքություն կա: Ինչպես եւ սպասվում էր, հավաքված ծնողներն ասացին, որ ոչ մի դրամ էլ չեն հավաքում, ինչ էլ անում են, անում են իրենց կամքով: Օրինակ՝ երեխաները 7500 դրամ են հավաքել եւ միանման հագուստ են գնել, 1-3-րդ դասարանցիներն էլ 2-3 ամիսը մեկ անգամ 500-ական դրամ են հավաքում՝ էքսկուրսիա գնալու համար, մի քանի դասարան էլ գումար է հավաքել՝ ավել, գոգոթի (սավոկ) ու մաքրության միջոցներ գնելու համար:
Դրանից հետո տեսչության աշխատակիցները հանդիպեցին նաեւ դպրոցի արդեն նախկին աշխատողների եւ դպրոցի մթնոլորտից դժգոհող կենսաբանության ուսուցչուհի Արմինե Ավագյանի ու նախկին ուսմասվար Շողիկ Բաղրամյանի հետ: Նրանք տեսուչներին պատմեցին այն ամենը, ինչի մասին «Առավոտն» արդեն գրել է, հետեւաբար չենք մանրամասնի:
Տնօրեն Սուսաննա Ազիզյանից էլ պարզաբանումներ ստացանք կոլեկտիվի ու մասնավորապես որոշ անդամների մասին: «Երբ ես եկա դպրոց, Գրիգորյանը ժամանակավոր պաշտոնակատար էր, ու մահացած տնօրենի անունով էր փաստաթղթեր լրացնում: 100 հոգանոց կոլեկտիվ էր, որն օպտիմալ չէր այս դպրոցի համար, աշխատողների 30-40%-ի անձնական գործերն այդպես էլ չգտանք: Ինչ վերաբերում է Շողիկ Բաղրամյանին, նրան հենց դրամահավաքության համար եմ ցանկացել աշխատանքից հեռացնել: Նա տղային ամուսնացրել էր եւ աշխատողներից պահանջում էր 5000-ական դրամ հավաքել, 9 հոգի արդեն տվել էին, երբ ես իմացա: Այդ ժամանակ կանչեցի, ասացի՝ պետք է այդ գումարները վերադարձնի: Սկզբում ասաց, որ այդպիսի բան չկա, հետո ընդունեց մեղքը: Նա մեր դպրոցից իր ցանկությամբ է գնացել, ես նրան չեմ հեռացրել, չնայած անհարգելի բացակայություններ ուներ: Նա դիմում գրեց, աշխատանքային գրքույկը վերցրեց ու այլեւս չվերադարձավ: Իսկ Արմինե Ավագյանի հետ արդեն հրաժարվեցի աշխատել, քանի որ նրա հետ կապված պատմություններ ի հայտ եկան: Նախկին ամուսինն էր եկել դպրոց ու բողոքում էր կնոջից: Արմինեն գիշերային ակումբում էր աշխատում եւ երբեմն հարբած էր գալիս դասի»: Մեր հարցին, թե ինչո՞ւ է նոր դասվար ընդունել, իսկ բազմափորձ Ռոզա Աբրահամյանին կրճատել եւ, ընդհանրապես, ինչո՞ւ են կրճատումները սեպտեմբերի 15-ին եղել, տնօրենը պատասխանեց. «100-ից ավելի աշակերտ է գնացել ավագ դպրոց: Աշակերտ թվի հետ կապված խնդիր ունեցանք, 2-րդ «ա»-ն ու «բ»-ն միավորել ենք՝ 34 աշակերտով, եւ 8-րդ դասարանում եւս նույն խնդիրն էր, ֆինանսները չէր բավականացնում այդքան ուսուցիչների վարձատրել։ Մի քանի օր առաջ ենք ստացել մեր դպրոցի տարեկան բյուջեի վիճակը՝ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսների վարչությունից: Ըստ այդ փաստաթղթի՝ 3 միլիոն 300 հազար պակասում է մեր բյուջեից, դա նշանակում է, որ աշխատավարձ չենք կարող տալ ուսուցչին։ Նույնիսկ սեպտեմբերի այդ կրճատումներից հետո չի բավականացնում գումարը։ Մեր տարիֆիկացիան բազմաթիվ անգամ քննարկելուց հետո, չկարողացանք պահպանել երկու 2-րդ դասարանները եւ դրանք էլ միավորվեցին սեպտեմբերի 15-ին։ Շատ եմ խնդրել, որ դասվարին չկրճատենք։ Մենք չգիտեինք, որ այդ դասարանը կփակվի, ուստի օգոստոսին նոր դասվար ընդունեցինք: Իսկ կրճատումներ անելիս գերադասեցի պահել երիտասարդ կադրերին եւ ոչ թե թոշակառուին։ Եվ եթե դասվար Ռոզա Աբրահամյանից գումար եմ վերցրել, ինչո՞ւ է կրճատվել»: Ինչ վերաբերում է նրա տանը աղախնություն անող ուսուցիչների «մասով» եւ իր ամուսնու հասցեին հնչած մեղադրանքներին, Ս. Ազիզյանն ասաց, որ դա էլ իրականությանը չի համապատասխանում. «Ես աղախին չունեմ, եթե ուզեմ, կարող եմ ինձ նման բան թույլ տալ, ու հաստատ ուսուցիչներին չէ, որ իմ տունը մաքրել կտամ: Ամուսնուս մասին էլ ասեմ, որ Շողիկ Բաղրամյանն է բազմաթիվ անգամ նրան զանգել եւ շանտաժ արել: Ամուսինս ստիպված համարը փոխել է, բայց նոր համարն էլ է իմացել ու զանգել-ասել է, որ եթե դպրոցում չաշխատի, կխայտառակի մեզ: Ամուսինս դպրոցից շատ հեռու մարդ է, գալիս է միայն ինձ տուն տանելու կամ էլ այն ժամանակ, երբ տղամարդու օգնության կարիք ենք ունենում, ասենք՝ խողովակների կամ գրքերի տեղափոխման հարց է ծագում»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ տնօրենը այս ամենի մասին նոր է բարձրաձայնում, տիկին Ազիզյանը պատասխանեց. «Որովհետեւ ամաչում էի, մտածում էի, որ ստուգումներից հետո, միեւնույն է, իրականությունը կպարզվի: Եթե մեր դպրոցն այդքան վատն է, ինչո՞ւ երեխաներին մեր դպրոցից չեն տանում: Այս շենքը 3-րդ կարգի վթարային է, նկուղում 2 մետր ջուր է հավաքվել, չենք կարողանում հանել, տանիքի 70%-ն էլ անմխիթար վիճակում է, զուգարան չունենք, բայց ոչ մի երեխա չի գնում մեզանից: Այս տարի է միայն գումար հատկացվել, գոնե զուգարանները նորոգելու համար: Ես իմ հասցեին հնչած մեղադրանքների, մասնավորապես՝ կաշառք պահանջելու առնչությամբ դիմելու եմ դատախազություն»:
Ես թիվ 68 դպրոցը ավարտել եմ 1986թ-ին ; Այն ժամանակ այդ դպրոցի տնօրենը երջանկահիշատակ ընկ Ղազարյանն էր , որի օրոք այդ դպրոցը քաղաքի լավագույն դպրոցներից
մեկն էր օրինակելի ամեն ինչում ;Շատ եմ ցավում , որ այսօր այն վերածվել է չարչիների հավաքատեղի;
Ես ձեզ ասում եմ կգա հոգու սով……