Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ԴՊՐՈ՞Ց

Հոկտեմբեր 30,2010 00:00

Վարդաքարի երեխաները զրկված են դպրոցական նորմալ պայմաններում սովորելու հնարավորությունից

\"\"
Դպրոցի տարածքում արածում են տնօրենի անասունները:

Այս տարվանից Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղի 104 դպրոցականները դարձել են թափառական ու դասերը ստիպված անցկացնում են գյուղապետարանի ու մանկապարտեզի շենքերում: Գյուղապետ Գալուստ Ավետիսյանը դպրոցը փակվելուց փրկելու համար, երկսենյականոց տուն է վարձակալել, գյուղապետարանն այնտեղ է տեղափոխել, իսկ գյուղապետարանի երկհարկանի վերանորոգված շենքը տրամադրել է դպրոցին: Պատճառը դպրոցաշինական ծրագրի ձախողումն է: Այս տարվա պետական ծրագրով գյուղի դպրոցի 60-ական թվականների շենքը կիսով չափ ապամոտաժել են, դուռ-պատուհան հանել են, նորը կառուցելու պայմանով, սակայն շինարարական աշխատանքները դեռ չսկսած՝ քաղաքաշինության նախարարությունը անակնկալ է մատուցել՝ դադարեցնելով ֆինանսավորումը: «Եթե դպրոցի շենքը չպիտի կառուցեին, թող բարի լինեին չքանդել, մենք մեր ուժերով հին շենքը ռեմոնտ կանեինք, երեխաները յոլա կգնային, ոչ թե դպրոցից զրկեն ու առաջարկեն հարեւան գյուղի՝ Նոր կյանքի դպրոցը հաճախել: Պատկերացրեք, մեր գյուղից մինչեւ հարեւան գյուղ 7 կիլոմետր է, էդ ձմռան ցրտին սառցակալած, քարուքանդ ճանապարհներով երեխաները ինչպե՞ս պետք է հարեւան գյուղ հասնեն, շներին բաժին դառնա՞ն»,- դժգոհում էին գյուղամիջում հավաքված ծնողները: Գյուղապետի ասելով, դպրոցի շենքը 20 տարի ողորմելի վիճակում է եւ մշտապես անտեսված. 2004 թվականից սկսած՝ վերակառուցման համար անընդհատ պետական ծրագիր են մտցրել ու հանել: Վերջապես 2010 թ.-ին գյուղապետի ջանքերի գնով շինարարական աշխատանքների համար տրամադրվել է մոտ 356 մլն դրամ: «Նախահաշվարկային փաստաթղթերը կազմվեցին, մրցույթը հայտարարվեց, այն շահեց «Ջինշին» կազմակերպությունը, որը սկսեց շինարարական աշխատանքները, բայց դեռ երկու շաբաթ չէին աշխատել, այս մարդկանց ետ կանչեցին, հոկտեմբերի 13-ին արգելեցին գործը շարունակել: Մեզ մինչեւ այսօր էլ անհայտ մնաց, թե ինչո՞ւ են դադարեցնում շինարարական աշխատանքները, խոսք կար, որ դուրս է հանվել պետական բյուջեից: Ինձ պաշտոնական պարզաբանում չտվեցին, շինարարը փոխանցեց, որ իրենց քաղշիննախարարությունից զանգել ու բանավոր հրահանգել են՝ դադարեցնել աշխատանքները»,- ասում է մեր զրուցակիցը: Նա նաեւ դժգոհում է Շիրակի նախկին մարզպետից՝ Լիդա Նանյանից, ով «հայտնաբերել» էր Վարդաքարի դպրոցի հնադարյան շենքի հարցերը լուծելու ուղին. տիկինը՝ ոչ ավել, ոչ պակաս, առաջարկում էր գյուղի դպրոցը միավորել հարեւան Նոր կյանք գյուղի դպրոցի հետ:
«Շիրակի մարզը այդպիսի մարզպետ դեռ չի ունեցել, երանի այդ տիկինը չպաշտոնավարեր, բացարձակ չէր մտածում, թե 6 տարեկան երեխաներին ոնց ենք մայրուղի հանելու, որ Նոր կյանք հասնեն, ընդ որում՝ գազաններով, շներով ու կատուներով լի մայրուղի: Ասում էր՝ ձեզ դպրոց պետք չէ, չեմ ուզում հետեւից խոսել, բնութագրել, բայց այդ տիկինը մեր համայնքի համար մատը մատին չխփեց: Ի տարբերություն հնի, Շիրակի նոր մարզպետ Աշոտ Գիզիրյանի միջոցով ես օրերս համայնքի 800 բնակիչների անունից դիմեցի նախագահին: Պարոն Գիզիրյանն էլ նախագահի Գյումրի եկած օրը առաջարկեց լուծել դպրոցի հարցը»,- պատմում է գյուղապետը: Ըստ նրա, հնարավոր է գյուղը չունենա մշակույթի տուն, մանկապարտեզ, բայց առանց դպրոցի՝ նույնն է, որ ստիպեն գյուղացիներին արտագաղթել: «Մեր գյուղում ծնելիության թիվը ավելացել է, համայնքը զարգանում է, կոմունալ հարցերը լուծում ենք, քսան տարի անց ոռոգման ջուր ենք քաշել, մի խոսքով՝ ապրելու նորմալ պայմաններ ենք ստեղծում, ինչո՞ւ գյուղը դպրոց պիտի չունենա, ումի՞ց ենք պակաս: Եթե հետաքրքրվեն, կտեսնեն, որ մեր գյուղը լավագույն բժիշկներ ու մանկավարժներ է տալիս, մեր աշակերտները ԵՊՀ ու Բժշկական համալսարան են ընդունվում»:
Ծնողներից մեկն էլ, ցույց տալով դպրոցի բակը, ասում էր, որ սպորտով զբաղվելու յուրահատուկ պայմաններ կան, ինչո՞ւ շանս չեն տալիս: «Միգուցե աշխարհի ապագա չեմպիոնները մեր գյուղի՞ց են, իմ երեխան հատուկ սեր ունի սպորտի նկատմամբ, համայնքի անունից եմ ասում, որ թույլ չենք տալու մեր դպրոցը փակեն»,- ասում էր երիտասարդ ծնողը: Ի դեպ, գյուղի բնակիչները վստահեցնում էին, որ եթե կառավարությունը այս անգամ էլ իր խոստումը չկատարի, ապա իրենք Երեւան-Գյումրի մայրուղին կփակեն կամ էլ ամբողջ գյուղով անժամկետ նստացույց կանեն կառավարության շենքի դիմաց: Նրանք Սերժ Սարգսյանին նաեւ հիշեցնում էին, որ նախագահական ընտրությունների ժամանակ իրենց ձայների 90 տոկոսը նրա օգտին է եղել: Հավելենք, որ այսօր գյուղի մանկապարտեզի աշխատանքները պարալիզացված են՝ դպրոցի շենքի շուրջ ստեղծված քաշքշուկների պատճառով. տարրական օղակը՝ 1-4-րդ դասարանցիները դասերն անցկացնում են մանկապարտեզի շենքում, փաստորեն այս գյուղում աշակերտների թվի խնդիր չկա, գյուղի դպրոցը 12-ամյա է, հետեւաբար եւ դպրոցի շենքի վերանորոգումը իրոք խիստ անհրաժեշտ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել