Հոկտեմբերի 25-29-ը ՀՀ դատական դեպարտամենտը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացրեց «Բաց դռների օրեր» ծրագիրը, որը նախատեսված էր Հայաստանի դպրոցականների համար եւ կրում է շարունակական բնույթ: Մասնավորապես, Երեւանի բոլոր վարչական շրջանների առաջին ատյանի դատարաններ այցելեցին համապատասխան վարչական շրջանների դպրոցների բարձր դասարանի աշակերտներ: Դպրոցականները դատարաններում հանդիպեցին դատավորների, դատական ծառայողների հետ, ներկա գտնվեցին քաղաքացիական գործերով կայացած դատավարությունների: Նախապես՝ մինչ դատարաններ այցելությունը, դպրոցականներին բաժանվել էին ՀՀ դատական համակարգի կառուցվածքի եւ լիազորությունների, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների մասին պատմող բուկլետներ, որոնց տպագրությունը հնարավոր էր դարձել Գերմանական տեխնիկական համագործակցության (GTZ) ֆինանսական աջակցության շնորհիվ:
Առաջին ատյանի դատարաններում հանդիպումների ընթացքում քննարկվեցին դպրոցականներին հետաքրքրող հարցեր դատարանների, դատական դեպարտամենտի, դատական դպրոցի, դատական ծառայության, արդարադատության խորհրդի, դատարանների նախագահների խորհրդի եւ այլնի մասին: Դատական ծառայողներին եւ դատավորներին ուղղված հարցերը վերաբերում էին դատական իշխանության անկախությանը, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերին:
«Բաց դռների օրեր» ծրագիրը եզրափակվեց երեկ, դպրոցականների՝ Վճռաբեկ դատարան այցելությամբ: