Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԸ ԲՈՂՈՔ Է ԲԵՐԵԼ

Հոկտեմբեր 30,2010 00:00

 Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 23-ին կայացրել է դատավճիռ, համաձայն որի՝ Արթուր Պողոսյանին դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2009թ. նոյեմբերի 30-ից:

Պաշտպան Վահագն Մանուկյանը վերաքննիչ բողոք է բերել: Նախապատմությունը հետեւյալն է:
Երկու անհայտ անձանց կողմից Արման Ասլանյանի 90 000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան հափշտակելու փաստի առթիվ 18.11.2009թ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործը:
30.11.2009թ. Արթուր Պողոսյանին առաջադրվել է մեղադրանք:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր նախկինում հափշտակություն կատարելու համար 3 անգամ դատապարտված լինելով, «նախնական համաձայնության գալով քրեական գործով դեռեւս չպարզված անձի հետ, դերաբաշխում կատարելով», 2009թ. նոյեմբերի 17-ին, ժամը 14:30-ի սահմաններում, Երեւանի Աբելյան փողոցի 3-րդ շենքի մոտ «քրեական գործով դեռեւս չպարզված անձի հետ, բացահայտ հափշտակելու նպատակով, նայելու պատրվակով Արման Ասլանյանից վերցրել է վերջինիս 90.000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան եւ շեղելով Արման Ասլանյանի ուշադրությունը՝ մինչեւ որ իր հետ եղած անձը հեռացել է՝ իր հետ տանելով վերը նշված ոսկյա շղթան, եւ դիմել է փախուստի»:
Հուլիսի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Պաշտպանական կողմը գտնում է, որ դատավճիռը կայացվել է դատավարական եւ նյութական իրավունքի նորմերի ակնհայտ կոպիտ խախտումներով:
«Արթուր Պողոսյանի մեղքը իրեն մեղսագրված հանցանքում այս գործի դատաքննությամբ այդպես էլ չի հիմնավորվել, իսկ առաջադրված մեղադրանքի հիմնավորումները պարզապես տապալվել են, որոնց վառ ապացույցն է հանդիսանում դատաքննության ընթացքում գործով անցնող անձանց տրված ցուցմունքները, ինչպես նաեւ իրենց էությամբ քրեական գործի ամբողջ նյութերը, քանի որ քրեական գործում եղած գրեթե յուրաքանչյուր փաստաթուղթ իր մեջ պարունակում է հակասություններ, իսկ յուրաքանչյուր քննչական գործողություն, որը արտացոլվել է այդ փաստաթղթերում, կատարվել եւ կազմվել է ակնհայտ կոպիտ դատավարական խախտումներով: Այս փաստարկները ամենեւին հիմնազուրկ չեն, լիովին հաստատվում են կոնկրետ փաստացի ապացույցներով, որոնք զետեղված են քրեական գործի գրեթե յուրաքանչյուր գործ թերթում», ասվում է վերաքննիչ բողոքում:
Ըստ պաշտպանի, Արթուր Պողոսյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2009թ. նոյեմբերի 17-ին վատառողջ լինելու հետեւանքով առավոտվանից տանը պառկած է եղել: Այդ ընթացքում, ժամը 12-ի սահմաններում, իրեն տեսակցելու է եկել իրենց բարեկամ Գ. Զատիկյանը, որի հետ տանը լսել են երաժշտություն:
Դատարանում նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաեւ վկա Գարիկ Զատիկյանը.
«Այս գործի ողջ քննության ընթացքում այդպես էլ չի հաջողվել ապացուցել ոչ միան Արթուր Պողոսյանի կողմից կողոպուտ կատարելու փաստը, այլ նաեւ դրա հանգամանքները, տեղը, ժամանակը եւ կոնկրետ դա ինչ գործողություններով է արտահայտվել: Ի տարբերություն մեղադրանքի կողմի, որը ամբողջ նախաքննության եւ դատաքննության ընթացքում իմ պաշտպանյալի մեղքը հիմնավորելու համար ղեկավարվել է շաբլոն, իրենց էությամբ դատարկ բառախաղերով, պաշտպանական կողմը, ի դեմս այդ բոլորի, քննության ամբողջ ժամանակահատվածում հիմնվել է միայն կոնկրետ փաստացի ապացույցների եւ փաստարկների վրա»:
18.11.2009թ. Արման Ասլանյանը Մաշտոցի ոստիկանության բաժանմունքում հայտարարություն է տվել այն մասին, որ 2009թ. նոյեմբերի 17-ին Հալաբյան փողոցում երկու անծանոթ երիտասարդ իրենից հափշտակել են ոսկյա շղթան, որից հետո դիմել են փախուստի: Հաջորդ օրը Արման Ասլանյանի հաղորդման հիման վրա քննիչ Վարդանյանը հարուցել է քրեական գործ, որի մասին հայտնել է Ա. Ասլանյանին: Ուշադրության է արժանի այն, որ այդ որոշման նկարագրական մասում նշված է Աբելյան փողոցի 3-րդ շենքի հատվածը, այնինչ Ասլանյանը հայտարարություն է տվել, որ դեպքը տեղի է ունեցել Հալաբյան փողոցում:
Համաձայն Մաշտոցի ոստիկանության բաժնի կողմից տրված հաղորդագրության՝ նոյեմբերի 17-ի դեպքը իբր տեղի է ունեցել Հալաբյան փողոցի 35 շենքի մոտակայքում, որը որակվել է որպես բացահայտ հափշտակություն, այսինքն՝ կողոպուտ: Այս դեպքում հետաքննության մարմնի կողմից տրված հաղորդագրությունը լիովին հակասում է քրեական գործ հարուցելու մասին որոշմանը, քանի որ բացահայտ հափշտակությունը կողոպուտ է, իսկ քննիչի կողմից Ասլանյանի հանդեպ կատարված ոտնձգությունը որակվել է որպես խարդախություն:
Արթուր Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը կրկնակի քննության առնելու դատական նիստի ժամանակ տուժող Ասլանյանը հաստատել է, որ Արթուր Պողոսյանն այն անձը չէ, ով կողոպտել է իրեն: 3 օր անց Ասլանյանը որպես տուժող հարցաքննության ժամանակ միանշանակ հաստատել է, որ Ա. Պողոսյանը նման չէ լուսանկարով իրեն ճանաչման ներկայացված անձին: Այդ ցուցմունքում նա ոչինչ չի հայտնել Արթուր Պողոսյանի կողմից իրեն սպառնալիքներ տալու եւ վախեցնելու հանգամանքների մասին, ինչպես նշված է Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2009թ. որոշման մեջ:
Նախաքննության ընթացքում Արման Ասլանյանը ցուցմունք է տվել, որ այդ ոսկյա շղթան ինքն է գնել 90000 դրամով: Սակայն հետագայում, ինչպես նաեւ դատարանում պարզվել է, որ այն գնել է նրա հայրը:
Ըստ վերաքննիչ բողոքի, չի պարզվել այդ ոսկյա շղթայի ձեռքբերման աղբյուրը, այսինքն՝ տուժողը այն որտեղից է ձեռք բերել, ումից եւ եթե նշվել է որեւէ մեկի տվյալները, ապա այդ կապակցությամբ որեւէ գրավոր փաստաթուղթ եւ ապացույց չի ներկայացվել: Այս պայմաններում Արման Ասլանյանի ասածը անհրաժեշտ է դիտել միայն որպես հայտարարություն, այլ ոչ թե հաստատված հանգամանք:
Ի դեպ, գործով ընթերականեր են հանդես եկել ոստիկանները:
Դեպքի վայրի զննության ժամանակ որպես ընթերակա մասնակցել է Անահիտ Պետրոսյանը, ով զբաղեցնում է Մաշտոցի քննչական բաժնի օպերատորի պաշտոնը: Ընթերակա է ներգրավվել նույն քննչական բաժնի գործավարի պաշտոնը զբաղեցնող Մարինե Ներսիսյանը, որոնք նշված քննչական գործողությունից հետո հարցաքննվել են որպես վկաներ: Իսկ ընթերական գործի ելքով անշահախնդիր անձն է, ՀՀ չափահաս քաղաքացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել