Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՍԵԼ Է ՍՈՂԱՆՔԱՎՏԱՆԳ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ

Հոկտեմբեր 30,2010 00:00

Իսկ պետությունից չնչին փոխհատուցում ստացած ընտանիքների մեծ մասն էլ պարտքերի տակ է ընկել

\"\"Սյունիքի մարզի Քարահունջ գյուղն արդեն երեք տարի է, ինչ սողանքային գոտում է: 3 տարվա ընթացքում միայն 8՝ «բախտավոր աստղի տակ ծնված» ընտանիք է պետությունից փոխհատուցում ստացել ու տեղափոխվել նոր բնակարաններ: «Առավոտի» հետ զրույցում Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանն ասաց, որ դեռ 40 ընտանիք շարունակում է սողանքային ծայրաստիճան վտանգավոր գոտում ապրել. «Այդ մի քանի ընտանիքին փոխհատուցեցին, նրանք էլ տեղափոխվեցին գյուղից: Դրանով ամեն ինչ վերջացավ՝ էլ ոչ մի ուշադրություն, ոչ մի աջակցություն. մնացած ընտանիքները մեծ վտանգի տակ ամեն օր քնում ու արթնանում են»: Գյուղապետի խոսքով, երեք տարի առաջ 8 ընտանիքին տված փոխհատուցումն էլ \"\"այնքան չնչին գումար էր, որ շատերը նոր տուն գնելու խնդիր ունեցան. «Էնքան չնչին գումար տվեցին, որ որոշ բնակիչներ ստիպված վարկեր վերցրին՝ տուն գնելու համար, ու պարտքերի տակ ընկան: Փոխհատուցումը տարբեր չափերի էր հասնում՝ մեկին՝ 5 միլիոն դրամ, մեկին էլ 3 միլիոն դրամ տվեցին: Էդ գնով էլ, բնականաբար, տուն չեն կարող գնել: Մնացած 40 ընտանիքը բողոքում է, պայքարում, բայց ոչինչ չի փոխվում, ինչքան գիտեմ՝ այս տարվա բյուջեում էլ ոչ մի բան նախատեսված չէ»:
Գյուղի բնակիչ Էլմիրա Հարությունյանի տունն էլ հենց սողանքի կենտրոնում է: Մեզ հետ զրույցում էլ ասաց, թե պատմելու բան չէ, պետք է սեփական աչքով տեսնել, թե ինչ պայմաններում են ապրում. «Ամեն օր քնում-արթնանում ենք մահվան վտանգը գլխներիս կախված: Մարզպետն էլ, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ մեր վիճակը վիճակ չէ: Դարպաս չունենք, որ մտնենք մեր շենք, լրիվ փլված, քանդված է, մի պահարան է դրված դարպասի փոխարեն, օրեցօր մեր տների պատերը բաժանվում են, իրարից հեռանում»: Նրա խոսքով, ամեն տարի բնակիչներով հավաքվում են ու խնդրի լուծման խնդրանքով նամակ ուղարկում մարզպետարան, քաղաքապետարան, իսկ պատասխանը միշտ անփոփոխ է. «Համբերե՛ք, հիմա ճգնաժամ է: Ախր էս ճգնաժամի վերջը հեչ չի երեւում: Մեզնով ոչ ոք չի հետաքրքրվում, անպայման մի լուրջ վտա՞նգ պետք է լինի, որ խառնվեն իրար: Մարզպետարանից էլ այս գարնանը մարդիկ եկան, չափչփեցին, ստուգումներ արեցին ու գնացին, վերջ, էդ էր, էլ ոչ ոքի չտեսանք»: Տիկին Հարությունյանը նաեւ ասաց, որ չնայած վտանգավոր տներից տեղափոխվելու իրենց մեծ ցանկությանը, մտավախություն էլ ունեն. «Էնպես չլինի, որ ջրից փախչենք, ընկնենք ջրհեղեղ: Մտածում ենք՝ կառավարության տվածն ի՞նչ պետք է լինի: Մի քանի տարի առաջ տեսանք՝ ինչ տվեց, մի քանի կոպեկ շպրտեց բնակիչներին, խեղճերը չիմացան՝ ոնց տուն գնեն: Բոլորն էլ գիտեն, որ ամեն ինչ օրեցօր թանկանում է»: Գյուղացիների պատմելով, սողանքների պատճառով գյուղի համարյա բոլոր այգիներն էլ փչացել են: «Անձամբ մեր հողամասը սողքի տակ է, երկու տարի է՝ ոտք չենք կարողանում դնել, էս տարի էլ երաշտ էր, ոչ խնձոր ունեցանք, ոչ թութ: Մեր երեխեքն էլ թողել-փախել են գյուղից, ասում են՝ էստեղ ապրելու տեղ չէ»,- ասում էր Է. Հարությունյանը: Բնակիչները նաեւ պատմում էին, որ գյուղի սողանքներին ավելացավ նաեւ այս տարվա երաշտը, որը մեծ կորուստներ պատճառեց իրենց. «Միրգ չենք ունեցել, ցորենի 80%-ն էլ կորցրինք: Սերմացու էլ չկա, որ ցանենք»: Գյուղապետն էլ հավելեց, որ կառավարության ոչ մի աջակցություն իրենց գյուղին չհասավ. «Ամբողջը տվեցին ֆերմերներին, խոշոր հող ունեցողներին»:
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Հայաստանի փրկարար ծառայության բնակչության եւ տարածքների վարչության պետ Հովհաննես Եմիշյանն էլ «Առավոտին» ասաց, որ Քարահունջը սողանքավտանգ տարածք է, բայց կառավարության 2007 թվականի որոշման համաձայն, գյուղից դուրս բերվեցին միայն 4-րդ եւ 5-րդ կարգի վտանգավոր բնակելի տարածքների բնակիչները. «Իսկ որոնք այդ կարգերին չէին համապատասխանում՝ էդպես էլ մնացին իրենց տներում»: Նրա խոսքով, արդեն երեք տարի ուսումնասիրում են տարածքը, առաջիկայում էլ արդյունքները կներկայացնեն կառավարությանը՝ համապատասխան որոշում կայացնելու համար. «Բայց դե, անհրաժեշտ է նաեւ մարզպետարանի ակտիվ գործունեությունը, միայն մեր աշխատանքով հարցը չի լուծվի: Այս տարվա բյուջեից գյուղի այս խնդրի համար գումար չէր հատկացվել: Տեսնենք մյուս տարի ինչ կլինի»: Պարոն Եմիշյանը նաեւ ասաց, որ միայն Քարահունջը չէ, որ գտնվում է վտանգավոր գոտում: Հանրապետությունում 8000 սողանքային գոտի կա. «Որից 2500-ը ե՛ւ ճանապարհներին, ե՛ւ բնակավայրերին է սպառնում: Գարնանը Իջեւան գնացող ճանապարհն էլ փլվեց: Այս առումով էնքան խնդիրներ կան: Սողանքային շատ վայրեր կան, Վայոց ձորում՝ հատկապես Մարտիրոս գյուղն է, սողանքավտանգ շատ գոտիներ կան նաեւ Տավուշում: Կամաց-կամաց խնդիրը կվերացվի»:
Քաղաքաշինության նախարարության լրատվության բաժնից էլ տեղեկացնում են, որ 2007-ին Քարահունջի սողանքային գոտուց տեղափոխված 8 ընտանիք բնակարանային գնման ծրագրով է փոխհատուցում ստացել, բայց ծրագրում ընդգրկվել են բոլոր ցանկացողները. «Եթե շատ բնակիչներ դիմեին, ծրագրում անպայման կընդգրկվեին: Արդեն երեք տարի է, որ այդ ծրագիրը չի գործում, որովհետեւ բյուջեից գումար չի հատկացվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել